Ինչպես տեղեկացրել էինք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ԱԳՆ շենքի մոտ է եւ հանդիպում է պահանջում նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրանք կես ժամ ժամանակ էին տվել նախարարին, որպեսզի իջնի ու պատասխանի մի շարք հարցերի, թուրք-ադրբեջանական հայտարարություններին։
ԱԳՆ շենքի մոտ իրավիճակը մի պահ լարվեց։
Կարդացեք նաև
«Չփորձեք հատուկ միջոցներ կիրառել, հատուկ միջոց կիրառեք՝ կտեսնեք»,-ոստիկանությանը դիմեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
ԱԳՆ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել, այդ թվում՝ սեւ բերետավորներ։
Խորենացի փողոցում, ԱԳՆ շենքի հարեւանությամբ «Զեբրայի» վրայով քաղաքացիներն անդադար քայլում են, այդպիսով փորձելով կանգնեցնել երթեւեկությունը։
Մի պահ ԱԳՆ շենքի մոտ հրմշտոց եղավ ոստիկանների ու ցուցարարների միջեւ:
«Ես փոխանցեցի, թե ինչպես կարելի է հանդիպում կազմակերպել, որպեսզի լարվածությունը թուլացնենք, որպեսզի բախման չգնա ժողովուրդը»,-հայտարարեց ոստիկանը։
Սրբազանը հորդորեց՝ մի խոսեք ոստիկանների հետ, մի շփվեք․«Խփել են մեր տղային, ով խփել է, պետք է պատասխան տա: Ոստիկանությանն եմ ասում՝ ձեզ կարգի հրավիրեք: Ձեր հանդեպ շատ քաղաքավարի եմ եղել, մեկիդ բերնից մի բան լսեցի, մի անշնորք խոսք լսեցի, ինչը քիչ առաջ արեցիք, պատասխան եք տալու էությամբ ու գլխով: Ոստիկանների հետ կխոսենք այնպես, ինչպես իրենք են խոսում, կանենք այնպես, ինչպես իրենք են անում»:
Բագրատ սրբազանն ասաց․ «Ներքին տեղեկություններ են գալիս մեզ, որ էն վախկոտը փորձում է հրաման հասցնել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք, տուն ուղարկեք։ Հիմա բախման տանողն էլ եք դուք, ամեն ինչն էլ դուք եք։ Մենք մեր իրավունքի պահանջով այստեղ ենք գտնվում՝ պահանջելու պատասխանատվություն»։
Նշենք, որ շարժման տված կես ժամը լրացել է, նախարարությունից ոչ ոք այդպես չիջավ հանդիպման։
Նախարարության շենքի դիմաց իրավիճակը պարբերաբար լարվում է, շարժումը շարունակում է պահանջել հանդիպում Արարատ Միրզոյանի հետ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ