Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա չարաշահում, դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական»․ Գեւորգ Պապոյանը՝ ԱՆԻՖ-ի ձախողման մասին

Մայիս 31,2024 14:05

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին․ «Ի վերջո ԱՆԻՖ-ը ի՞նչ ճակատագրի է արժանանալու եւ ինչո՞ւ։ Նաեւ ասեք, թե ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում հրապարակված այս տեղեկատվությունը, որ ԱՆԻՖ-ի որոշ աշխատակիցներ, որոնց աշխատանքի արդյունքում մենք հասկանում ենք, որ այդ պրոյեկտը ձախողվել է, ստացել են ամսական տասնյակ միլիոնավոր դրամ աշխատավարձեր»։

Գեւորգ Պապոյանն ասաց․ «Իմ մոտեցումն այն է, որ եթե անգամ 10 հազար դրամ ծախս է, պետք է հիմնավորենք, թե ինչի համար ենք այդ ծախսն անում։ Էլ ուր մնաց 10 մլն, 100 մլն, 1 մլրդ կամ 10 մլրդ։ Ես որքան գիտեմ, այս մասով առնվազն ստուգումներ կան Պետական վերահսկողական ծառայության կողմից։ Այս պահին Էկոնոմիկայի նախարարությունն ԱՆԻՖ-ի բաժնետերը չէ, կառավարության որոշմամբ ԱՆԻՖ-ի բաժնետերը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։ Բայց այն ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախարարությունն էր բաժնետերը, գրությամբ դիմել եմ հանրապետության վարչապետին եւ ստացել եմ դրական արձագանք, որ պետք է այդտեղ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ իրականացնի։ Ես կարծում եմ, որ ստուգումների արդյունքները կլինեն, դրանց հիման վրա, եթե լինեն այնպիսի դրվագներ, որոնք արժանի են, որ ստանան քրեաիրավական գնահատական, ես կարծում եմ, որ դա պետք է լինի։ Ես հաստատ վստահ եմ, որ մենք ունենք այդ քաղաքական հանձնառությունը՝ մինչեւ վերջ գնալու եւ բացահայտելու ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել»։

Անդրադառնալով բարձր աշխատավարձերի մասին հարցին՝ Պապոյանն ասաց․ «Ես այս պահին գիտեմ, որ նման աշխատավարձեր չկան։ Այս պահին աշխատավարձերը Հայաստանում միջին վիճակագրական մենեջմենթին վերաբերող աշխատավարձեր են՝ մի քանի հարյուր հազարից մինչեւ գուցե միլիոնից մի փոքր ավելի։ Այդպիսի բարձր աշխատավարձեր հիմա չի եղել, նախկինի համար չեմ կարող ասել։ Այսինքն՝ իմ մոտեցումը հետեւյալն է, եթե կա չարաշահում, դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական, եթե չկա, դրա մասին պետք է բացահայտ հայտարարել»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն կա հարուցված քրեական գործ, ինքը Գլխավոր դատախազից նման պաշտոնական տեղեկություն է ստացել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031