ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Եկեղեցին հարկելու հարցին։
Հարցին, թե Եկեղեցին այսօր ի՞նչ մասով է հարկվում, Բադասյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ որոշ աշխատակիցներ ունեն, որոնք զբաղվում են միգուցե տնտեսական ապահովմամբ, իրենց աշխատավարձ, եկամտային հարկ։ Հարկային օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի արտոնություններ են սահմանված։ Այսինքն՝ տարբեր արտոնություններ կան»։
Հարցին, թե այս խոսակցությունը կապ ունի՞ ներքաղաքական գործընթացների հետ, նա պատասխանեց․ «Այս խոսակցությունը դուք նոր լսեցի՞ք, չեմ կարծում, որ նոր է քննարկվել։ Ես ինքս քննարկում ունեցել եմ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ»։
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասել էր, որ ուսումնասիրվում են Եկեղեցու հարյուրավոր անշարժ գույքերը։ ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենք անշարժ գույքի հետ կապված որեւէ գործառույթ չունեն։ «Եթե որեւէ պատգամավորական նախաձեռնության հետ կապված կարիք կլինեն վիճակագրական տեղեկություններ, խնդրեմ։ Մենք չունենք որեւէ նախագիծ այս պահին, հետագայի համար ինչպե՞ս ասեմ։ Հարկային քաղաքականության հարց է, առաջին հերթին ֆինանսների նախարարության տիրույթում է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինքը Եկեղեցին հարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, դա չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, կարծում եմ՝ այդտեղ ավելորդ չէ մտածել։ Եթե հանգանակություն է կատարվում, այդտեղ խնդիր չեմ տեսնում, ես խնդիր եմ տեսնում վաճառքի մեջ։ Եթե վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ