«Ի սկզբանե՝ խնդիրն առաջանալու առաջին իսկ պահից, մեր գրասենյակում՝ իմ հանձնարարությամբ, աշխատել ենք արտակարգ ռեժիմով , արտակարգ ռեժիմով են աշխատել նաեւ Լոռու եւ Տավուշի ստորաբաժանումները»,-ասուլիսում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հեղեղումներից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերին:
Ասաց, որ այցելել է Լոռու մարզ՝ անձամբ տեղեկանալու քաղաքացիների խնդիրներին եւ դրանց համար լուծումներ գտնելու:
Նրա ձեւակերպմամբ, իրավունքի հետ կապված առաջին բնագավառը, որը հրատապ լուծում է պահանջում, անվտանգ ջրի հասանելիության եւ սանիտացիայի խնդիրն է, եւ այդ հարցը բարձրացրել են իրավասու մարմինների առջեւ, ստացել համապատասխան տեղեկատվություն. «Այս իրավունքի հետ սերտորեն կապված է առողջության պահպանման իրավունքը եւ դրա հետ կապված խնդիրները»,-հավելեց նա:
Նշեց, որ իրավասու մարմինների հետ քննարկումներ են ունեցել քաղաքացիներին պարտադիր դեղամիջոցների, պատշաճ սննդի հասանելիության, բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքի երաշխավորման առնչությամբ:
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը շեշտեց, որ եթե քաղաքացիները ինչ-ինչ խնդիրների են բախվել, անպայման դիմեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Նա անդրադարձավ նաեւ համաճարակային իրավիճակները բացառելու անհարժեշտությանը:
Ինչ վերաբերվում է կրթության հարցերի հետ կապված հասցեավորմանը, այս մասին էլ նշեց. «Պետական մարմինների հետ հաղորդակցությունը վարելիս ես ինքս շեշտադրել եմ այդ հարցը: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ կրթության իրավունքը ապահովելու համար: Իհարկե, ստեղծված իրավիճակի պատճառով մի գուցե դպրոցների հասանելիության եւ այլնի տեսանկյունից խնդիրներ կան, բայց առաջիկայում դպրոցների քննությունների կազմակերպման եւ այլնի վերաբերյալ պետական մարմիններից եւ ՏԻՄ-երից ստացել եմ հավաստիացում, որ հնարավորինս իրավունքի երաշխավորումն առավելագույն չափով ապահովելու համար այս պահին քայլեր են ձեռնարկվում»:
Մարդու իրավունքի պաշտպանն ասաց, որ մշտադիտարկել են սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունը, նաեւ քաղաքացիներից ստացած դժգոհությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ