Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական քաղաքական վերնախավը չի բարելավել իր դիրքերը մարդասիրության և արժեքների նկատմամբ հարգանքի առումով՝ մնալով նույն ջարդարար». «Գարդման Շիրվան Նախիջևան»

Մայիս 31,2024 13:30

Գարդմանի սրտում գտնվող Բանանց գյուղը հայկական հնագույն բնակավայրերից է, Կուր-Արաքսյան մշակութային գոտու նշանավոր կենտրոններից է։ Բանանցը հարուստ է հնագիտական հարուստ նյութով, թեև կանոնավոր պեղումներ հնարավոր չի եղել կատարել։ Սակայն հայտնաբերված դամբարանադաշտերը արդեն իսկ վկայում են Բանանցի՝ հայկական երկրագործական քաղաքակրթության հնագույն օջախ լինելու մասին։

Բանանց անվանումը առաջացել է «բանանոց» բառից, որը նշանակում է բանելու, աշխատելու, արարելու վայր։ Այս անվանումն արդեն իսկ վկայում է Բանանցի բնակչության աշխատասիրության, արարելու և ստեղծագործելու մեծ ձիրքի մասին։ Բանանցը հարուստ է հայկական հոգևոր մշակութային ազգային կառույցներով՝ եկեղեցիներով, խաչքարերով, կամուրջներով, աղբյուրներով, տապանաքարերով։

Պատմականորեն Բանանցը քանիցս ենթարկվել է թշնամական հարձակումների, սակայն կարողացել է դիմակայել վտանգներին՝ պահպանելով բնակավայրի հայկականությունը և պատմական հայկական ավանդները։ Այս մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները․ 1804 թ․ Բանանցում բնակվում էին 51 ընտանիք՝ 180 բնակչությամբ, 1908 թ․ 262 ընտանիք՝ 2086 բնակչությամբ, 1940 թ․ 1200 ընտանիք՝ 4500 բնակչությամբ։

Դեռևս 1872 թ․ Բանանցում գործում էր ծխական-եկեղեցական դպրոց, որը մեծ հռչակ ուներ։ Այստեղ գալիս էին սովորելու նաև շրջակա բնակավայրերից։ 1911/1912 թթ․ դպրոցի գրադարանն ունեցել է 750 անուն գիրք։ Դպրոցի զանգը, որը նախկինում եղել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգը և խորհրդային հակակրոնականության շրջանում տարվել էր դպրոց, 1989 թ․ բռնի տեղահանման ժամանակ բերվել է Երևան։

Բանանցի հնագույն եկեղեցին Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին է։ Այն իրենից ներկայացնում է միանավ ճարտարապետական կառույց։ Եկեղեցու պատերին դրսից և ներսից ագուցված են խաչքարեր և տապանաքարեր, ընդհանուր 153, որոնցից 22-ը տապանաքարեր էին, 131՝ խաչքարեր։

Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից 1863-1866 թթ․ կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գմբեթավոր եկեղեցին։ Հենց այս եկեղեցում են պահվել 13 գրչագիր Ավետարաններ, որոնցից ամենահայտնին Բանանցի կամ Վեհամոր («Ծեր») ավերատարանն է, որը ընդօրինակվել է դեռևս VII դարում։ Այս ավետարանը Մատենադարանում պահվող ամենահին և ամբողջական ավետարանն է, որի վրա Հայաստանի Հանրապետության նախագահներն ու վարչապետները երդմնակալության ժամանակ ձեռքն են դնում։ Այն ներառված է «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքների» ցանկում։

Նշանավոր է նաև Բանանցի Թարգմանչաց անապատի վանքը, որը հիմնադրվել է 5-րդ դարում։ Սակայն սրանով Բանանցի հոգևոր եկեղեցական նկարագիրը չի ավարտվում։ Գյուղում կան բազմաթիվ մատուռներ՝ «Ծեր կամ Մեծ պապ», «Խլփանց խաչ» և այլն։

Բանանցն ունեցել է 14 թաղամասեր, որոնք հիմնականում անվանակոչվել են տոհմերի անուններով։ Այստեղ պահպանված են եղել հայկական անխտիր բոլոր ավանդույթներն ու սովորույթները, ազգային ու եկեղեցական տոները։

Բանանցի և տեղի հայության համար իր հազարամյա պատմության ընթացքում ողբերգական էր հայկական Գարդմանի նկատմամբ ադրբեջանական տիրապետության հաստատումը, որը պատմական անարդարության և քաղաքական հաշվենկատության հերթական դրսևորումն է։

Դեռևս 1918-1920 թթ․ հայկական Գարդմանի ողջ հայ բնակչությանը վիճակվել էր կրել մուսավաթական իշխանության հակահայկականության դաժան հետևանքները։ Սակայն խորհրդային իշխանության հաստատումը անվտանգություն չերաշխավորեց տեղի հայության համար։ «Խորհրդայնացված» մուսավաթականները շարունակեցին իրենց ազգայնական քաղաքականությունը «ժողովուրդների եղբայրության» խորհրդային կարգախոսի տակ՝ խորացնելով ժողովուրդների թշնամությունը և այրելով համակեցության բոլոր հնարավորությունները։ Ասվածի վառ վկայությունն է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանի կառուցման, ադրբեջանական իշխանությունների կողմից մեկ գիշերում ոչնչացման փաստը։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված հուշարձանն այդպես էլ պաշտոնապես չբացվեց, քանի որ 1969 թ. հուլիսի 26-ի գիշերը Բաքվի իշխանությունները, «Արծիվ»-ը համարելով Զորավար Անդրանիկի խորհրդանիշը, հուշարձանը որակում են որպես «դաշնակցական» և քանդում հուշակոթողը։

Այս իրադարձությունը ներկայացնում է ադրբեջանական բազմաշերտ հակահայկականության ամբողջ խորությունը։ Նախ՝ պատմական Գարդմանը, որի զավակները եղել են նացիզմի դեմ պայքարի առաջնագծում, զրկվեց իր հերոսների հիշատակի քարեղեն ապացույցից, մինչդեռ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայ մարշալների և ազգային հերոսների հուշակոթողների ոչնչացումը՝ դրանով ի ցույց դնելով մարդկության դեմ կատարված հանցանքների հետ իր համերաշխությունը։ Իսկ «Արծիվ»-ը Զորավար Անդրանիկի հետ կապելը և խորհրդային միջավայրում «դաշնակցական» անվանելը միջոց էր միայն մուսավաթական նպատակների իրացման համար։

Անցած հարյուրամյակի ընթացքում ադրբեջանական քաղաքական վերնախավը չի բարելավել իր դիրքերը մարդասիրության և արժեքների նկատմամբ հարգանքի առումով՝ մնալով նույն ջարդարարն ու ցեղասպանը, աշխարհին նայելով ազգայնականության նեղ ճեղքից, չավելացնելով ոչինչ մարդկային քաղաքակրթության ձեռքբերումներին, ոչնչացնելով եղածը։

Այսօր Բանանցը հայաթափված է և Բանանցի հայկական հոգևոր ազգային մշակութային միջավայրը գոյութենական սպառնալիքի առաջ։

Աղբյուրը՝ Ա. Տերյան, Վ. Գրիգորյան, «Բանանց. Գարդման-Ուտիքի հնագույն բնակավայր», Եր․, 2022․

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031