Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում:
Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ տարվա ընթացքում միջոցառումները 3-ով ավելացել են: «Հարկային եւ մաքսային ծառայություններ» անվանմամբ ծրագրի համար ճշտված պլանով նախատեսված էր հատկացնել 40 մլրդ 249 մլն դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս՝ փաստացի ծախսվելով 3 մլրդ 202 մլն դրամ: Սա 35 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի փաստացի ծախսը, երբ ծախսվել էր 28 մլրդ դրամ 305 մլն դրամ:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ պետական բյուջեի եկամուտները հաշվետու տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը: «Մեր դիտարկումներով ստվերը վերջին 3 տարիներին կրճատվել է: 2023 թվականին իրականացվել են 2022 թվականի ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի հարկային ճեղքի գնահատումներ եւ պարզվել է, որ հարկային ճեղքը կազմում է ՀՆԱ-ի 3.06 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.5 տոկոսային կետով»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Կարդացեք նաև
Ռուստամ Բադասյանն ադրադարձել է նաեւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշին: «Այն կկազմի 23.9 տոկոս, ինչը, եթե հիպոտեկային վարկի եկամտային հարկի վերադարձն էլ ներառենք հաշվարկում, 0.84 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից»,- հավելել է Ռուստամ Բադասյանը՝ հաջորդիվ մանրամասն ներկայացնելով իրականացված ծախսերի արդյունքային ցուցանիշները:
Զեկուցողը նշել է, որ արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը: Մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցման կետը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրամիության աջակցությամբ իրականացվում են Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման ու արդիականացման աշխատանքները: Իրականացվել է Գոգավանի անցման կետի ընթացիկ նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման եւ արդիականացման աշխատանքները: «Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսային ձեւակերպումների ժամանակահատվածը` երկիր մուտք գործելիս մինչեւ ապրանքի բացթողումը, 2-3 օրվա փոխարեն դարձել է 2-3 ժամ: 2023 թվականի ընթացքում արդեն 8955 բեռնատար մեքենա այս ընթացակարգով է սպասարկվել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են հարկային վարչարարությանը, արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վերահսկողության հարցին, շրջանառության հարկի շեմի իջեցմանը կամ այն ընդհանրապես հանելու հնարավորությանը, հացի արտադրությամբ զբաղվող փոքր կազմակերպությունների գործունեությանը, զարտուղի ճանապարհներով երկիր ներմուծվող բջջային հեռախոսներին, սուպերմարկետներում ստուգումներին, ընթացիկ տարում հարկերի հավաքմանը եւ այլն:
ԱԺ