Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին հարկելու նախագիծ ենք մշակում, ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքերը»․ Ծովինար Վարդանյան

Մայիս 31,2024 12:47

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին․ «Պարոն Թունյան, դուք անընդհատ ասում ես՝ Եկեղեցին չի հարկվում։ Եկեղեցին հարկվում է, ուրիշ բան, որ մենք ունենք առանձին բացառություններ Եկեղեցու մասով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված մշակութային, կրոնական արժեքների, ժառանգության, անշարժ գույքի եւ հողի հարկերից ազատման մասով։ Բա ի՞նչ անենք, դա էլ հարկե՞նք։ Եկամտահարկով էլ են հարկվում մարդիկ, ներմուծումով էլ հարկվում, եթե դրանք ծիսական պարագաներ չեն»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց․ «Շրջանառության մեջ դեռ չկա Եկեղեցին հարկելու վերաբերյալ որեւէ նախագիծ, բայց ես եւ գործընկերներս աշխատել ենք այդ ուղղությամբ։ Այո, բազմաթիվ անգամ հնչել է պատասխան, որ Եկեղեցին հարկվում է։ Եկեք հասկանանք, թե Եկեղեցի ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ Եկեղեցու հոգեւոր ծառայողները գուցե վճարում են եկամտահարկ, եւ դա նորմալ է։ Ինչ վերաբերում է գույքերին, այս պահին մենք ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր։ Եվ խոսքը վանքերի մասին չէ, առեւտրային տարածքներ են, հասարակական տարածքներ են, տարբեր արտադրական տարածքներ են, հարյուրավոր բնակելի տներ։ Սա ուսումնասիրվում է, կգա ժամանակը, կարծում եմ՝ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, եւ կունենանք նախագիծ»։

Նա Արծվիկ Մինասյանին կոչ արեց թյուր տեղեկություն չտարածել։

«Հակառակը, ձեր հարցադրումներն են թյուր։ Հիմա դուք մի հայտարարություն արեցիք, որի պատասխանատվությունը պետք է հրապարակային տաք՝ որպես ԱԺ պատգամավոր։ Ասում եք՝ հարյուրավոր բնակարաններ եւ այլն։ Նաեւ մյուս կրոնական կազմակերպությունների հետ էլ անպայման կհամադրեք։ Բա Հայ Առաքելական Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը ո՞րն է»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031