Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին․ «Փաստաբանական եւ նոտարական գործունեության հարկման հետեւանքները լինելու են ոչ միայն ֆինանսական տեսակետից առանձին դեպքերում անգամ անհաղթահարելի, այլ նաեւ բազմաթիվ քաղաքացիներ կարող են ուղղակի զրկվել իրենց իրավունքները պաշտպանելու այն հնարավորությունից, որը ցուցաբերում են հատկապես փաստաբանական գործունեություն իրականացնողները, երբ մատուցում են կամ անհատույց ծառայություններ, կամ որոշակի օժանդակություն են ցուցաբերում։ Արդյոք մտադի՞ր եք առաջին ընթերցումից հետո ձեր տեսակետը վերանայել՝ նկատի ունենալով հնչեցրած բազմաթիվ մտահոգությունները»։
Ռուստամ Բադասյանն ասաց․ «Ես ինքս մի պահից էլի այդ ոլորտում եմ աշխատելու, փաստաբան եմ աշխատելու։ Ցավով կարող եմ նշել, որ ոլորտում հարկային կարգապահությունը շատ վատ բաների մասին է հուշում։ Եթե անգամ փաստաբաններն են հարկերից խուսափում կամ խորհրդատվական բլոկում գտնվողները, եւ իրենք էլ խորհուրդ են տալիս, թե ինչպես խուսափել հարկերից․․․ Բնականաբար, ոչ բոլորին, գուցե մեծամասնությանն ուղղված չէ ասվածը, բայց այդտեղ մենք ունենք հարկային կարգապահության խնդիր։ Մենք մի հատ պետք է մտածենք, թե ինչո՞ւ է այդպես, եւ իրավապաշտպան գործունեությունը ի՞նչ որակի կարող է լինել, եթե հարկերից խուսափող փաստաբան կարող է լինել։ Ես կարծում եմ, որ առհասարակ մոտեցումը միասնական պետք է լինի խորհրդատվական ամբողջ բլոկի համար։ Այսինքն՝ եթե անցնում ենք կատարում ընդհանուր հարկման համակարգ, ապա խորհրդատվական ամբողջ բլոկը պետք է գնա։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ այդ բլոկը ԱԱՀ-ով հարկվի, որովհետեւ իրավապաշտպան գործունեությունը հիմնականում ապահովվում է հանրային պաշտպանի ռեսուրսով, որը պետական բյուջեի ծախսային մասին է։ Իսկ եթե մյուս փաստաբանները, որոնք շահույթ հետապնդելու նպատակ ունեն, եւս ուզում են որոշակի ժամանակահատված տրամադրել նաեւ անվճար ծառայությունների մատուցմանը, այդ հատվածը կարելի է առանձին քննարկել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ