«Ի՞նչ վիճակում է 2024 թվականի բյուջեի հավաքագրումների իրավիճակը։ Երեկ ֆինանսների նախարարն ակնարկեց, որ պլանի կատարման հետ կապված խնդիրներ ունենք։ Ինչքա՞ն էր պլանավորված, ինչքա՞նն է կատարվել, կա վերլուծություն՝ ինչո՞ւ չի կատարվում, սխա՞լ ենք պլանավորել, թե՞ լավ չենք կատարում»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Բադասյանն ի պատասխան ասաց․ «Իրապես, եթե դիտարկենք Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հարկային ցուցանիշները, առկա են խնդիրներ»։
«Այդ խնդիրներն ամեն ամսվա ամփոփումից հետո վերլուծվում են, եւ որոշակի հաշվարկներ ենք կատարում ռիսկերի մասին։ Իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացմանը, եւ նվազել է հարկունակ ոլորտների պոտենցիալը։ Մեկ օրինակ ասեմ հարկունակ ոլորտի, որը տվյալ տարում չի բերում հարկային եկամուտների, օրինակ, շինարարության ոլորտը։ Շինարարության ոլորտը ստաբիլ աճում է, եւ իր պիկին հասել է 2022-2023 թվականներին, բայց քանի որ շինարարության ոլորտում հարկը հիմնականում հավաքագրվում է բնակարանների վաճառքից, իսկ բնակարանների վաճառքը շինարարությունը սկսելու պահից անցնում է 1,5-2, մինչեւ 3 տարի, ԱԱՀ-ն մենք այդ անվանական աճից հավաքում ենք ավելի ուշ։ Այսինքն՝ անցած տարի եւ այս տարի շինարարության ոլորտում մենք հավաքագրում ենք 2018, 2019, 2020, 2021 թվականների անվանական աճի ԱԱՀ կրեդիտները։ Բայց այս վերջին տարիների անվանական աճը ճնշում է մեր ԱԱՀ դեբետների ավելացումը եւ ԱԱՀ վերադարձը։ Անցած տարի մենք 45 մլրդ դրամ ենք շինարարության ոլորտում վերադարձրել ոլորտի ներկայացուցիչերին, այս տարի առաջին եռամսյակում արդեն 14 մլրդ ենք ներկայացրել։ Նաեւ ոսկու մասին է շատ խոսվում, դրա ոչ հարկունակ լինելու։ Այսինքն՝ այս փոփոխություններն են,որ հընթացս բերում են ճշգրտումների»։
Կարդացեք նաև
Բադասյանն ասաց, որ հարցի վերջնական պատասխանը, թե որտե՞ղ է հարկային հավաքագրումների հիմնական խնդիրը, հնարավոր է տալ տարին ամփոփվելուց հետո։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ