Փարիզի Մոնմարտր բլուրը համաշխարհային արվեստի թերեւս ամենախիտ կենտրոնն է եղել, որտեղ ապրել եւ ստեղծագործել են ավելի քան 300 արվեստագետներ՝ նկարիչներ, բանաստեղծներ, երաժիշտներ, պարողներ, երգիչներ… ոչ միայն իրենց, այլեւ հետագա ժամանակների համար ստեղծագործական ճանապարհ ու նոր ուղիներ կերտող ազատ ու շատ անգամ անզուսպ, ոչ մի օրենքի, կանոնի չենթարկվող, տաղանդավոր, ինչու ոչ՝ հանճարեղ արվեստագետներ, ովքեր մեկուկես դար անց, մինչ օրս էլ ամենամեծ հեղաշրջումն են իրականացրել համաշխարհային արվեստում։ Նրանցից մեկի՝ իմպրեսիոնիստ նկարչի կյանքի ու ստեղծագործական գործունեությանն ամենաշատն են անդրադարձել արվեստի այլ գործերում՝ ֆիլմեր, գրականություն… Ենթադրվում էր, որ այդ կերպարն իր տեղը կգտներ նաեւ երաժշտարվեստում։ Բայց… Այս «բայց»-ը ներկայացված է «Առավոտի» մայիսի 7-ի համարում։ Մենք էլ ենթադրում ենք, որ ճիշտ գուշակեցիք կամ մտաբերեցիք հանճարեղ այդ արվեստագետին. խոսքը, իհարկե, Անրի Թուլուզ Լոտրեկի մասին է։
Օրերս Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կայացավ համաշխարհային նշանակության բացառիկ մշակութային իրադարձություն` բեմադրվեց եւ ներկայացվեց Շառլ Ազնավուրի հեղինակած «Լոտրեկ» ամբողջականացված մյուզիքլը երկու գործողությամբ: Բանն այն է, որ մինչ այս, մյուզիքլի որոշ հատվածներ Անգլիայում ներկայացվել են դեռեւս 2000-ականների սկզբներին, սակայն ըստ տեղեկությունների՝ այն մյուզիքլի մի քանի հատվածների զուտ համերգային կատարումն էր, առանց թատերականացման: Իսկ երեւանյան ներկայացումը Շառլ Ազնավուրի կողմից մտահղացված ամբողջական ու լիարժեք բեմադրությունն է, որի համար խիստ անհրաժեշտ էր բեմադրական հայեցակարգն ամբողջականացնել եւ այն ավարտին հասցնել, որը փայլուն կերպով իրականացվել է Հայաստանում, եւ ինչպես բեմադրող ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն է հայտնում, այդ գերպատասխանատու ու խիստ դժվարին աշխատանքը, ինչպես նաեւ ամբողջ ներկայացման սիմֆոնիկ նվագախմբի համար կատարված գործիքավորումը, իրականացրել է ճանաչված երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովը: Ընդհանրապես բեմադրող ռեժիսորին հաջողվել է ստեղծագործական հրաշալի կազմ հավաքել, որի կատարված նախնական բարդ աշխատանքներին գումարվել է, կամ հենց ինքը ռեժիսորն է գումարել, նույնքան հրաշալի արտիստական կազմը եւ արդյունքում այս բարդագույն ստեղծագործական-բեմադրական աշխատանքը դարձել է պարզ թվացող ու թեթեւասահ, հիացմունք առաջացնող ներկայացում, որն իսկապես դարձավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված լավագույն նվերը:
Ինչպես նշեցինք, ստեղծագործական ամբողջ կենտրոնացումն իրականացրել է Արմեն Մելիքսեթյանը, որը դեռեւս 2007 թ. Ֆրանսիայում տեղեկանալով այս մյուզիքլի գոյության մասին, ամեն ջանք գործադրել է այն Հայաստանում բեմադրելու համար եւ բավականաչափ բարդ ոդիսականով նրան վերջապես հաջողվել է իրականացնել իրականում «անհնարին» համարվող ներկայացումը: Իսկապես փառահեղ արված աշխատանք է եւ միայն մի անհնարին երեւույթ կա. ակամա ցանկություն է առաջանում, որ ինչ-որ հրաշքով Ազնավուրը կարողանար տեսնել իր բացառիկ մյուզիքլը իրականացված, ինչը, վստահ ենք, մեծագույն հրճվանք կպատճառեր շանսոնյեին: Փոխարենը այդ մեծ ուրախությունը կիսում է մյուզիքլի ներկայացմանը ներկա գտնվող հանդիսատեսը եւ ստեղծագործական ու կազմակերպական մեծ կազմի հրաշալի աշխատանքի պտուղները իր հոգում ամբարած՝ «իր հետ տանում է տուն», որը ջերմորեն արտահայտում է ներկայացման ավարտի երկարատեւ ու չդադարող ծափերով: Այս բեմադրությունն այն հաջողված դեպքերից է, որ չես ուզում կամ բարոյապես «չի կարելի» առանձնացնել որեւէ մեկին, թեեւ միշտ էլ լավի մեջ ավելի լավն է լինում, օրինակ` էկրանային համակարգի փայլուն իրականացված «անսովոր», հնարավոր ամենաբարձրակարգ աշխատանքը` վիդեոկոնտենտի բեմադրիչ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ կամ բալետմայստեր Արա Ասատուրյանի իրականացրած բարդագույն աշխատանքը` պատմական ու միաժամանակ միշտ ժամանակակից պարերի բեմադրությամբ եւ հենց իր կատարողական մասնակցությամբ: Նույնիսկ «ավելի լավը» առանձնացնելու դեպքում պետք է բոլորի անունը տալ, այնպես որ, շատ ավելի ճիշտ կլինի ուղղակի բոլոր մասնակիցների անունները ներկայացնել եւ խորին շնորհակալություն հայտնել նման աշխատանքի իրականացման համար, որը, անկասկած, Երեւանի օպերային թատրոնի խաղացանկի ինքնատիպ զարդը կդառնա:
Որպես բացառիկ հաջողված գործ, թվարկենք, շնորհավորենք բեմադրության մեջ ընդգրկված բոլոր մասնակիցներին (ըստ ծրագրում նշված անունների)՝ երաժշտական ղեկավար եւ դիրիժոր` ՀՀ վաստ. արտիստ` Կարեն Դուրգարյան, բեմադրող դիրիժոր` Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր` ՀՀ արվեստի վաստ. գործիչ` Արմեն Մելիքսեթյան, բեմադրող նկարիչ` Ավետիս Բարսեղյան, վիդեոկոնտենտի բեմադրիչ` Դավիթ Բաբայան, գործիքավորում եւ դաշնակահար` Մադաթ Ավանեսով, բեմական խոսքի մասնագետ` Լուսինե Մելիքսեթյան, ֆրանսերենի մասնագետ` Սերինե-Լյուբա Թադեւոսյան, հայերենի խոսակցական տեքստի թարգմանիչ` Մանվել Մանուկյան, խմբավար` Նարինե Ոսկանյան, բալետմայստեր` Արա Ասատուրյան, կոնցերտմայստերներ` Արմեն Աղաջանյան, Նիկոլայ Կուրդյումով, ռեժիսորի օգնական` Վիկտորյա Փոշոտյան: Ներկայացնենք նաեւ արտիստական երկու կազմերը: Անրի Տուլուզ Լոտրեկ` Գրիգոր Աբրահամյան եւ Ռոման Խնկոյան, Սյուզան Վալադոն` Լուսինե Մակարյան եւ Սիլվա Պետրոսյան, Ադել Լոտրեկ` Վարսենիկ Ավագյան եւ Թամարա Դադոյան, Ալֆոնս Լոտրեկ` Գառնիկ Եղիազարյան եւ Սերգեյ Ստեփանյան, Մադլեն` Լիլիթ Գեւորգյան եւ Արծվիկ Դեմուրչյան, Գաբրիել` Թովմաս Կարապետյան եւ Գառնիկ Սարգսյան, Լա Գուլյու` Լիլիթ Սողոմոնյան եւ Բելլա Ամարյան, Արիստիդ Բրյուան` Գառնիկ Սարգսյան եւ Թովմաս Կարապետյան, Ժան Ավրիլ` Լիլիթ Գեւորգյան եւ Կատարինա Ֆարզադյան, Մորիս Ժյուայան` Արա Ասատուրյան, Վալենտին` Արթուր Աղաջանով եւ Ալեքսան Խաչատրյան: Ներկայացմանը մասնակցում են օպերային թատրոնի երգչախմբի, միմանսի եւ բալետի արտիստները:
Կարդացեք նաև
Ընդամենը մեկ դիտարկում. վստահ ենք, որ մի քանի ներկայացում խաղալուց հետո բեմադրությունը կհղկվի եւ ավելի քան վստահ ենք, որ այն առաջիկայում լայն միջազգային արձագանք կունենա:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Թուլուզ-Լոտրեկի կերպարում՝ Գրիգոր Աբրահամյան։
«Առավոտ» օրաթերթ
30.05.2024