Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որոշել եք մեկնել արկածային ճամփորդության․ ի՞նչ վարակներ են «սպասում» զբոսաշրջիկներին՝ տեսարժան վայրերից զատ

Մայիս 31,2024 09:30

Շատերն են նախընտրում ճամփորդել ամռանը՝ համատեղելով արձակուրդը վայելելու և նորանոր երկրներ բացահայտելու հնարավորությունը, սակայն աշխարհի տպավորիչ ու հետաքրքիր շատ երկրներ նույնքան «հետաքրքիր» են նաև տարբեր հիվանդությունների հարուցիչների համար, որոնցից պաշտպանվելը այդ երկրներ այցելող զբոսաշրջիկների համար կարևոր նախապայման պետք է լինի։ Այնպես որ, էկզոտիկ որևէ երկիր մեկնելուց առաջ փորձեք ծանոթանալ այն ռիսկերին, որոնք կարող են «սպասել» ձեզ այդ երկրում։

Պոլիոմիելիտ

Եթե պլանավորում եք Աֆրիկա մեկնել, ապա ճշտեք՝ արդյո՞ք պատվաստված եք պոլիոմիելիտի դեմ, իսկ եթե ոչ՝ ապա մտածեք պատվաստվելու անհրաժեշտության մասին։ Այս հիվանդությունը դեռևս ակտիվ է Աֆրիկայի և Ասիայի շատ հատվածներում։ Պոլիոմիելիտի հարուցիչները տարածվում են սննդի, ջրի, վարակված մարդու հետ շփման միջոցով։

Դեղին տենդ

Արգենտինայի ու Բրազիլիայի սահմանին գտնվող Իգուասու ջրվեժը գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից։ Սակայն, ցավոք, այն նաև գրավում է դեղին տենդ տարածող մոծակներին։ Դեղին տենդը հանդիպում է Աֆրիկայի արևադարձային, Հարավային Ամերիկայի որոշ շրջաններում։ Այդ տարածքներն այցելելուց առաջ պետք է պատվաստվել դեղին տենդի դեմ, իսկ 10 տարի անց կրկնել պատվաստումը, ինչպես նաև հատկապես այդ շրջաններում գտնվելով՝ խուսափել մոծակներից։

Որովայնային տիֆ

Որովայնային տիֆը վտանգավոր վարակ է, որը տարածված է Ասիայում, Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում, Աֆրիկայում։ Մարդիկ որովայնային տիֆով կարող են վարակվել ջրի և սննդի, սեռական հարաբերության միջոցով, վարակված մակերևույթների հետ շփվելիս։ Ուստի խորհուրդ է տրվում այդ երկրներ ճանապարհորդության մեկնելուց 1-2 շաբաթ առաջ պատվաստվել որովայնային տիֆի դեմ։

Փայտացում

Եթե պլանավորում եք արկածային ճամփորդության մեկնել, ապա համոզվեք, որ ստացել եք պատվաստում փայտացման դեմ։ Այս նյարդային հիվանդության հարուցիչը թույն արտադրող բակտերիան է, որը կարող է հանդիպել ամենուր։ Վարակը հաճախ զարգանում է մաշկի վնասվածքների, այրվածքների, ցրտահարումների դեպքում։

Հեպատիտ A

Ճամփորդությունների ամենահաճելի կողմերից մեկը տարատեսակ էկզոտիկ ուտեստների համտեսումն է, սակայն, ցավոք, սնունդն ու ջուրը կարող են տարբեր վարակներ, այդ թվում և հեպատիտ А փոխանցել։ Սա վիրուսային վարակ է, որը լյարդի բորբոքում է առաջացնում, ուստի խորհուրդ է տրվում միջոցներ ձեռնարկել այդ վարակից խուսափելու համար։

Հեպատիտ B

Հեպատիտ B-ի վիրուսը ևս լյարդի բորբոքում է առաջացնում, բայց տարածվում է արյան ու օրգանիզմի այլ հեղուկների միջոցով։ Այս հիվանդությունը տարածված է Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում, Կարիբյան կղզիներում և այլն։ Հեպատիտ B-ի դեմ պատվաստվել է խորհուրդ տրվում այդ շրջաններն այցելող զբոսաշրջիկներին, ինչպես նաև միսիոներներին ու կամավորներին։

Կատաղություն

Կատաղության հարուցիչներն ամենուր են, բացառությամբ Անտարկտիդայի։ Դրանք փոխանցվում են կենդանիների կծելու միջոցով։ Զբոսաշրջիկների համար մեծ վտանգ կարող են ներկայացնել թափառող շները, կապիկները։ Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն ու կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհապաղ բժշկի դիմելը հիվանդության ծանր ընթացքից խուսափելու երաշխիք կարող է լինել։

Մալարիա

Մալարիան մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունն է, որն ավելի տարածված է Սահարայի հարավում գտնվող աֆրիկական երկրներում, Հարավային Ասիայի ու Հարավային Ամերիկայի որոշ շրջաններում։ Այդ երկրներ այցելելիս պետք է իմանալ մոծակներից խուսափելու միջոցների, հակամալարիային միջոցառումների մասին։

Մլակային տենդ

Մլակային տենդը Կարիբյան ավազանի երկրներին, Հարավային ու Կենտրոնական Ասիային, Կենտրոնական Ամերիկային բնորոշ հիվանդություն է։ Այս հիվանդության դեմ պատվաստում չկա, և խնդրից կարելի է խուսափել մոծակների խայթոցներից պաշտպանվելու օգնությամբ։

Լեշմանիոզ

Մերձավոր Արևելքի,Ասիայի, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներում լեշմանիոզով վարակվելու վտանգ կա․ այս հիվանդությունը ևս զարգանում է մոծակների, մլակների խայթոցի հետևանքով և հիմնականում բնորոշվում է մաշկի, լորձաթաղանթների վրա խոցերի առաջացմամբ։ Լեշմանիոզը կարելի է կանխարգելել, օրինակ, միջատասպան նյութերով պատված ցանցով պաշտպանված անկողնում քնելով, երկարաթև, ոտքերը փակ հագուստ կրելով, միջատասպան սփրեյներ օգտագործելով։

Ինչպե՞ս հայտնաբերել փայտոջիլներին

Փայտոջիլները տարածված են ամենուր, և դրանց հայտնաբերելու համար պետք է ստուգել մահճակալի ներքնակները՝ ուշադրություն դարձնելով ներքնակի վրա առկա ժանգագույն բծերին ու քաղցրավուն նեխահոտին։

Ի՞նչ ներառել ճամփորդական դեղատուփի մեջ

Ճամփորդական դեղատուփի մեջ պետք է լինի՝

  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ,
  • տարբեր չափերի սպեղանիներ,
  • թանզիֆ,
  • դիմակ,
  • հակասեպտիկ միջոց,
  • բամբակե չոփիկներ,
  • մկրատ,
  • էլաստիկ ժապավեն,
  • հակասնկային ու հակաբակտերիալ քսուկներ,
  • միջոց փորլուծության դեմ,
  • հակաալերգիկ դեղորայք,
  • ջերմիջեցնող,
  • ցավազրկող դեղորայք,
  • ալոեի գել,
  • աղի լուծույթ,
  • այն դեղորայքը, որն օգտագործում եք սովորաբար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ MedicineNet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031