Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական սանկցիայի կիրառման հետեւանքով չի ապահովվել դատավորի լսված լինելու իրավունքը

Մայիս 31,2024 13:00

Մայիսի 21-ին Սահմանադրական դատարանը որոշեց. Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Հարությունյանի գործը ենթակա է վերանայման՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով: Ինչպես խոստացել էի, կներկայացնեմ միայն ՍԴ իրավական դիրքորոշումը: Վերանայման մասին որոշումը 32 էջանոց է:

ՍԴ-ն որոշել է.

«1.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձեւակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ եւ անխոչընդոտ իրականացմանը:

2.Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:

3.«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով»:

Նշեմ, որ դիմումի քննությունն ընթացել է գրավոր ընթացակարգով, պատասխանող կողմ էր ճանաչվել Ազգային ժողովը, ներկայացուցիչ` ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանը:

Ըստ ՍԴ-ի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած Բարձրագույն դատական Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը եւ այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:

Անդրադառնալով դիմողի հարցադրմանը, ըստ որի՝ արդյո՞ք բացառապես արդարադատության շահի պաշտպանության նպատակով գործի դռնփակ քննությամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը համապատասխանում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին այն պարագայում, երբ օրենքով սահմանված չեն արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատաքննության իրականացման կոնկրետ թույլատրելի դեպքեր, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն հարցի առնչությամբ իրավական որոշակիության խնդիր չի ծագում:

Այդուհանդերձ, վերոնշյալը որեւէ կերպ չի նշանակում, որ օրենսդիրը դատարանին վերապահել է բացարձակ հայեցողություն «արդարադատության շահ» հասկացության մեկնաբանման առումով: Արդարադատության շահի պաշտպանության նպատակով հրապարակայնության սկզբունքի սահմանափակմամբ դատական նիստի դռնփակ անցկացումը յուրաքանչյուր դեպքում պետք է թելադրված լինի դատարանի վարույթում քննվող կոնկրետ գործով արդարադատության արդյունավետ եւ անխոչընդոտ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում դատարանը պետք է վերհանի, իր գնահատմամբ, արդարադատության շահը վտանգող հանգամանքներն ու պատշաճ պատճառաբանությամբ հիմնավորի՝ դռնփակ քննության առիթ հանդիսացած հանգամանքներն արդյոք սպառնո՞ւմ են գործի քննության արդյունավետությանը կամ դրա անխոչընդոտ ընթացքին, եւ նման վտանգի առկայությամբ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակումն արդյոք կարո՞ղ է ապահովել այդ շահի պաշտպանությունը:

Ըստ ՍԴ-ի՝ դատավորի կողմից կատարված արտահայտությունները, որոնք հիմք էին հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, արդեն իսկ հանրայնացվել էին՝ տարածվելով զանգվածային լրատվության միջոցներով, եւ հանրությանը հայտնի էին դարձել նախքան կարգապահական վարույթի հարուցումը։ Այսինքն, արդարադատության շահերի պաշտպանության նպատակով կարգապահական վարույթը դռնփակ դատական նիստում իրականացնելու մասին որոշման կայացման պահին նման արտահայտությունները, որոնց իրավաչափության գնահատականը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդի իրավասությանը, կարգապահական վարույթի հրապարակայնության սահմանափակման վերաբերյալ որոշման մեջ այլ հիմնավորման բացակայության պայմաններում արդեն իսկ ունեցել էին իրենցով դատական իշխանության հեղինակության նկատմամբ ԲԴԽ գնահատականով վնասելու ազդեցությունը։

Ինչ վերաբերում էր դատավորի հեռացմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին. խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը։

Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ դատական նիստերի դահլիճից հեռացում-սանկցիայի կիրառումը չպետք է հանգեցնի կողմերի մրցակցության, ըստ այդմ՝ նաեւ շահերի ներկայացվածության սկզբունքների լիակատար արգելափակման։ Եվ դա հավասարապես վերաբերելի է նաեւ դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի եւ գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլեւ հանրային շահի բարձր գործակցով։

Այդուհանդերձ, ըստ ՍԴ-ի, օրենսդիրը դատարանին վերապահել է բացարձակ հայեցողություն «արդարադատության շահ» հասկացության մեկնաբանման առումով: Արդարադատության շահի պաշտպանության նպատակով հրապարակայնության սկզբունքի սահմանափակմամբ դատական նիստի դռնփակ անցկացումը յուրաքանչյուր դեպքում պետք է թելադրված լինի դատարանի վարույթում քննվող կոնկրետ գործով արդարադատության արդյունավետ եւ անխոչընդոտ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում դատարանը պետք է վերհանի, իր գնահատմամբ, արդարադատության շահը վտանգող հանգամանքներն ու պատշաճ պատճառաբանությամբ հիմնավորի՝ դռնփակ քննության առիթ հանդիսացած հանգամանքներն արդյոք սպառնո՞ւմ են գործի քննության արդյունավետությանը կամ դրա անխոչընդոտ ընթացքին, եւ նման վտանգի առկայությամբ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակումն արդյոք կարո՞ղ է ապահովել այդ շահի պաշտպանությունը:

Դատարանի կողմից նշված հանգամանքների եւ արդարադատության շահին սպառնացող հնարավոր վտանգի միջեւ առկա պատճառահետեւանքային կապի վերհանումը եւ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման առնչությամբ որոշման պատճառաբանությունները, իհարկե, կոնկրետ դատարանի կողմից պատճառաբանությունների խորության եւ ծավալի որոշակիացման հարցում հայեցողության պահպանմամբ, առանցքային նշանակություն ունեն դատական վարույթի դռնփակ անցկացմամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակման սահմանադրաչափության ապահովման համար՝ հաշվի առնելով, որ դատական վարույթի հրապարակայնության ապահովումը սահմանադրական ընդհանուր կանոն է, որից բացառությունները յուրաքանչյուր կոնկրետ գործով եւ դեպքում պետք է ունենան համոզիչ հիմնավորում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023 թվականի ապրիլի 14-ին արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին է ներկայացրել թիվ Ն//9734-2023 զեկուցագիրը՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի

նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:

«Առավոտ» օրաթերթ
30.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031