Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
«Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա փառատոնը: Մենք շարունակելու ենք ամենը՝ բարձրարժեք արվեստը հասանելի դարձնելու մեր բնակչությանը: Սպասվում է բալետային իրական հրավառություն»,-նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Նախագծի իրագործումն այս տարի հնարավոր է դարձել նաև Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերի ընթացքում տոմսերի վաճառքից գոյացած հասույթի շնորհիվ:
Կարդացեք նաև
«Այս փառատոնը կարևոր էլեմենտ է մեր քաղաքի կյանքում: Եվ կարևոր է շատ, որ այս ամենը հասանելի է մեր համաքաղաքացիներին բոլորովին անվճար»,-ասում է մաեստրո Կարեն Դուրգարյանը:
Երևանյան բալետային օրերը 2023-ից հետո մշակութային ամենասպասված իրադարձություններից են: Հանդիպման վայրը՝ անփոփոխ՝ Թումանյանի անվան զբոսայգում: Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Հանդիսատեսին այս տարի սպասում է նաև հետաքրքիր անակնկալ՝ առավել հարմարավետ վայելելու երեկոները:
«Մենք պատարստել ենք հատուկ բարձեր՝ պայուսակներով, որոնք կբաժանվեն մեր հանդիսատեսին»,-նշում է Գոշ Սարգսանը:
Մշակութային բացառիկ նախագծերը Երևանը դարձնում են տարածաշրջանի մշակութային կենտրոն:
«Երևանում բալետ ֆեստ»-ը ջնջում է վարագույրե պատն ու սպասում հանդիսատեսին՝ միախառնելու հույզերն ու ապրումները:
Երեւանի քաղաքապետարան