Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրազի գտնված «Էլեգիան» ընթերցվեց Իսահակյանի տուն-թանգարանում

Մայիս 30,2024 23:08

Երբ 1957թ. հոկտեմբերի 17-ին վախճանվում Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, ում շատ էր օգնել նրա ավագ գրչընկերն ու հայրենակիցը, մեծ ցավ է ապրում։ Մեծ Վարպետի մահվան ու հոգեհանգստի կապակցությամբ գրում է մի բանաստեղծություն՝ «Էլեգիա», որը, սակայն, այդ ժամանակ չի տպագրվում որևէ տեղ:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003), Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014), Հայաստանի գրողների միության անդամ (2001), ԵՊՀ երկար տարիների դասախոս Սամվել Մուրադյանը տեղեկացրեց՝ 1964թ., երբ տպագրության տրվեց Շիրազի «Քնար Հայաստանի» գրքի 2-րդ հատորը, խմբագիր Գևորգ Հայրյանը կարողացավ «Էլեգիա»-ի 32 տողից ընդամենը 12-ը տպագրել գրքում: Դրանից հետո բանաստեղծության ճակատագիրը անհատ է եղել: Շիրազը բանաստեղծության մեքենագիր տարբերակը հանձնել է խմբագրություն, որից հետո այն չի գտնվել:

Ս. Մուրադյանը, ով շատ մտերիմ է եղել Շիրազի հետ, կես դարից ավելի փնտրել է, որ գտնի «Էլեգիա»-ն, չի ստացվել: Բարեբախտաբար Շիրազը նույն բանաստեղծության մի օրինակ էլ 1980թ․ հանձնել է Լենինականի այդ ժամանակվա քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին, ում հետ նամակագրական կապ է ունեցել։

2023-ին Դ. Հարությունյանը Շիրազի 2 բանաստեղծություններ՝ «Ղարաբաղի ողբը» և «Էլեգիա»-ն ի պահ է հանձնել Գյումրիում գործող «Դպիր» հրատարակչության հիմնադիր տնօրեն, բանասեր Հովիկ Կարապետյանին։

Ճանաչելով Սամվել Մուրադյանին և իմանալով, որ նա զբաղվում է նաև Շիրազի ստեղծագործությունների հրատարակմամբ, Հ․ Կարապետյանն էլեկտրոնային փոստով բանաստեղծություններն ուղարկում է գրականագետին: Այսպիսով գտնվում է երկար տարիներ անհայտության մեջ մնացած բանաստեղծությունը: Ժամանակակից նշանավոր գրականագետներ Սամվել Մուրադյանի և գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (2007 թ.), Հայաստանի գրողների միության անդամ (1976 թ.) Դավիթ Գասպարյանի նախաձեռնությամբ, Արարատ և Վարդան Գյոմցյան եղբայրների օժանդակությամբ, ովքեր Գյումրիի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների պատվավոր բարեկամներ են, կազմակերպվել էր հանդիպում Գյումրիում։

Օրերս Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ գրական ցերեկույթ՝ նվիրված «Էլեգիա» բանաստեղծությանը: Հյուրերին ջերմորեն, գուսանական ու ժողովրդական երգերով ընդունեցին Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները՝ տնօրեն Կարինե Վիրաբյանի գլխավորությամբ: Դահլիճում ներկաներին («Դպիր» հրատարակչության հիմնադիր տնօրեն Հովիկ Կարապետյան, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի կազմակերպիչներից, Արցախյան պատերազմի օդաչու-հրամանատար Սեյրան Վանցյան, դասախոսներ, ուսանողներ, արվեստասերներ, այլք) ողջունեց թանգարանի տնօրեն Կ. Վիրաբյանը՝ կարևորելով նման միջոցառումները, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, աջակիցներին: Միջոցառմանը ներկա էր նաև Վարդան Գյոմցյանը, ով ներկայացրեց գրականագետներ Ս. Մուրադյանին ու Դ. Գասպարյանին՝ կարևորելով նրանց տեղն արդի հայ գրականության զարգացման գործում։

Ս. Մուրադյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրեց Շիրազի «Էլեգիա» բանաստեղծությունն ամբողջությամբ:  «Բովանդակությամբ քնարական-հուզական այս ստեղծագործությունը նաև Իսահակյան բանաստեղծի՝ Մեծ հայի և քաղաքացու համակարգված գնահատականն է, որը կարող է հիմք հանդիսանալ Վարպետի ստեղծագործությունը նորովի արժևորելու-գնահատելու», -իր խոսքում ասաց Ս. Մուրադյանը:

Անդրադարձավ բանաստեղծության տպագրված 10 տող-հատվածին, այնուհետև բնորոշեց  չտպագրված 20 տողը: Գրականագետ Դ․ Գասպարյանն իր խոսքում հանգամանորեն անդրադարձավ Իսահակյան-Չարենց-Շիրազ գրական առնչությանը։ Գիտականորեն հիմնավորեց հայ 3 Մեծերի գրական ազգակցությունը և նրանց փոխառնչությունները հայ բանաստեղծական մտքի ընդհանուր համապատկերում։

 

Ելույթներից հետո դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն ու երիտասարդ դերասանուհի Անուշն ընթերցեցին Շիրազի «Էլեգիա» բանաստեղծությունը։ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից՝ բանաստեղծի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ նրա պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

 

1975 թ․ հոկտեմբերի 29-ին լրացավ Իսահակյանի ծննդյան 100-ամյակը, և այդ օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան։  1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով թանգարանի շենքն ավիրվել էր։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շինարարությունն ընդհատվեց, և Շիրակի մարզպետարանի պատվերով 2002 թ․ գարնանը կրկին շարունակվեց։ Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով՝ ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031