Լրահոս
Օրվա լրահոսը

 ՄԻՊ գրասենյակը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր է արձանագրել

Մայիս 30,2024 21:56

Մեդիա կենտրոնում այսօր կայացած քննարկմանը ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողություններից տուժող ցուցարարներին, լրագրողներին, օպերատորներին, ԱԺ պատգամավորներին, նշեց, որ դեռեւս Տավուշում ծայր առած բողոքի ցույցերից սկսած՝ իրենք աշխատել են արտակարգ ռեժիմով։ «Բազմաթիվ այցեր իրականացվել են հենց Տավուշի մարզում՝ բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկելով պայմանավորված։

Դրանից հետո Երեւանում եւս  մենք հնարավորինս արագ փորձել ենք արձագանքել։ ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման տարբեր խմբեր են ձեւավորվել, որոնց միջոցով Երեւան քաղաքում գրեթե բոլոր բաժիններում այցեր ենք իրականացրել։

Բազմաթիվ անձանց ենք տեսել միայն մայիսի 27-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ այդ օրն այցելելով շուրջ յոթ ստորաբաժանում։ Տեղերում շուրջ 160 ազատազրկված անձի հետ զրույցներ ենք ունեցել։ Բուժհաստատություններում այցելել ենք բերման ենթարկվելու ընթացքում վնասվածք ստացած անձանց, տեսել, արձանագրել ստացված վնասվածքները, առանձնազրույցների ընթացքում գրանցել դեպքերի մանրամասները։

Հատկապես մայիսի 27-ին պատգամավորի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքներով, որի տեսանյութը առկա է, կարելի է առնվազն պնդում անել, որ ոստիկանության կողմից կիրառվում է առնվազն առերեւույթ անհամաչափ ուժ։ Դա հաշվի առնելով՝ ՄԻՊ-ը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանության կողմից ուժի կիրառման ցանկացած դրսեւորում։ Հայտարարությունը որոշակի իմաստով ուղղված էր նաեւ հավաքի մյուս մասնակիցներին՝ խաղաղ բնույթը պահպանելու տեսլականի պահանջով»,-ասաց Արամ Մինասյանը։

Նա նշեց, որ նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով մշտադիտարկման գործառույթ են իրականացնում, արձանագրում են ենթադրյալ բռնությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ։ Նրանց աշխատանքները խոչընդոտելու դրվագներով արդեն իսկ թե՛ գլխավոր դատախազություն, թե՛ ՆԳՆ համապատասխան գրություններ են ուղարկվել նման դեպքերի օբյեկտիվ ու անաչառ քննություն իրականացնելու նպատակով։

Արամ Մինասյանը ներկայացրեց խախտումների հիմնական խմբերը։ Առաջինը ոստիկանության կողմից կիրառվող ուժի ոչ համաչափ կիրառումն է, ուժի կիրառման արդյունքում ստացված վնասվածքները։

Երկրորդ խումբը անձանց իրավունքների՝ տեղում պատշաճ չծանուցելն է։

Երրորդ խնդիրը, որ հիմնականում արձանագրվել է, այն է, որ անձին պարզաբանված չի եղել, թե որ արարքի կամ ինչ իրավական հիմքի պայմաններով է ենթարկվում վարչական ձերբակալման՝ ոստիկանի օրինակա՞ն պահանջ է, քրեակա՞ն վարույթ է եւ այլն։

ՄԻՊ աշխատակիցը թվարկեց մարդու իրավունքների նաեւ այլ կոպիտ խախտումներ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մարդու իրավունքների բազմաթիվ ձեր արձանագրած փաստերը հետո ի՞նչ եք արել, ու՞ր եք մտցրել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031