«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում են օրը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ բերման ենթարկվածներին ու Բաբկեն Ասրյանի դեպքին, որին, ինչպես Բագրատ սրբազանն էր ասել՝ օպերները գողացել էին «Անի գրանդ» հոթելից։
Նշենք, որ Բաբկեն Ասրյանի՝ «գողանալու» մասին հայտարարությունից մոտ երկու ժամ հետո ազատ են արձակել։
«Այդ մարդագողությունը․․․ անհիմն տարան Բաբկեն Ասրյանին ու շուտ բաց թողեցին։ Ինչո՞ւ եք մարդուն 1 ժամ 50 րոպե ազատությունից զրկել։ Լավ, որտեղի՞ց եք մտածում, որ էդ մարդն իր մոտ կարող է զենք ունենա։ Կասկած ունեիք, տեղում զննություն կատարեիք, ինչո՞ւ եք տանում բաժանմունք։ Այս մեթոդը հաճախ են կիրառում»,-ասաց իրավապաշտպանը։
Նա ասաց, որ մոտ 30 փաստաբաններ կամավոր աջակցում են, փաստաբանական օգնություն են տրամադրում շարժման մասնակիցներին, որոնց բերման են ենթարկում կամ ձերբակալում․ «Մեր խնդիրն այն է, որ որեւէ մեկն իրեն մենակ չզգա ոստիկանական բաժիններում ու քննչականներում եւ մյուս բոլոր տեղերում։ Այնքան ենք իրականացնելու, քանի դեռ շարժումը չի հասել իր հաղթական ավարտին»։
Կարդացեք նաև
Մելիքյանի խոսքով՝ այսօր ավելի քիչ մարդ է բերման ենթարկվել՝ 9 հոգի․«Կարծում եմ՝ մի պատճառով, որովհետեւ ժողովուրդը համախմբվել էր մի վայրում, եւ նրանց համար դժվար էր մարդկանց վերցնել, տանել, մայթերից էին տանում»։
Նա անդրադարձավ մեկ այլ բերման ենթարկելու դեպքին․ «Մարդիկ մեքենայով գալիս են, բռնում տանում են բաժին՝ վեց ժամով, մարդիկ, որոնք քաղաքական գործունեություն են իրականացնում, որոնք չեն կարող կասկածվել գողության համար, ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել»։
Օրն ամփոփող իր ելույթում Բագրատ սրբազանն էլ, անդրադառնալով իշխանություններին, ասաց՝ սրանք արդեն փոքրամասնություն են, չկան, միշտ են այդպես եղել, բայց այսօր ավելի արտահայտված․«Մի երկրում, որ ՆԳ նախարարը վախենա կամ չուզենա դուրս գա։ Ինձ համար ծանր թեմա է դա։ Ես ճամփա եմ անցել իր հետ, հաց ու աղ եմ բաժանել, չեմ ուրանում, բայց հայրենիքը, պատիվն ու ճշմարտությունն ավելին է, քան որեւէ ընկերություն։ Չկա ընկերություն, մեր ընկերությունը եղել է կամ եկեղեցու, կամ հայրենիքի միջոցով։ Եթե չկա մեկը, չկա նաև մյուսը, բայց ուրացողը ես չեմ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ