«Այս շենքից՝ հյուրանոցից («Անի գրանդ հոթել»՝ Ն․Բ․) գողացել են մեր նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին, հուսով եմ այսօր գիշերը կամ վաղը առավոտյան նա ազատության մեջ կլինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Թե ովքեր են գողացել, սրբազանն ասաց՝ այստեղ զվռնող օպերներ կան, գողացել են։
Իսկ թե ինչո՞ւ են նրան գողացել, նա ասաց՝ չգիտեմ որն է նպատակը․ «Ստին, վախկոտին գոհացնելն է, զոհ մատուցելը քրմին, քուրմա, չէ՞»։
Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ ձեզ նույնպես ձերբակալելու են, սրբազանն ասաց՝ ինձ ո՞վ կարող է բան ասել, սրանք ո՞վ են, ինձ սկի իրենց տերերը չեն կարողացել բան անել, իրենք ոչինչ են։
«Ամբողջ օրը, գիշեր-ցերեկ, այս պատերի տակ են, իրենց թվում է, թե չեմ տեսնում իրենց, զվռնում են օպերատիվ ծառայողները, արյունով հաց գողացողներն ու ուտողները։ Ձեզ ասում եմ՝ տղերք, որտեղ լինեք, որ ժամին ուզում եք, ձեր տերերի հետ միասին, ես մինչեւ չորսը, հինգը արթուն եմ, որտեղ տեսա, այլեւս մեղմ չեմ խոսելու ձեզ հետ, դուք չկաք, ինչպես ձեր ղեկավարը, դուք հրաման կատարող եք, ստրուկ եք, գերի։ Մինչեւ հիմա խաղաղ եմ վերաբերվել, եկել եմ, բարեւ տվել, գնացել, ասում եմ՝ շարունակեք նույն ձեւով՝ կստանաք ավելի ծանր պատասխան։ Ձեր նկարներն էլ ենք դնելու, ով սխալ արեց՝ հանրային պախարակման է ենթարկվելու ամենավերջին աստիճանի։ Ինձ է՛լ հետաքրքիր չի՝ ինչ կասեն, գող եք, ուրեմն գողին արժանի պատիժ պիտի ստանաք։ Ով եք, ինչ եք, որ վայրկյանին տեսա՝ կամ փախնելու եք կամ ստանալու եք, ինչպես ձեր ստախոս վախկոտն է այսօր փախել, այնպես էլ դուք»։
Կարդացեք նաև
Շարժումն այսօր բողոքի ցույց էր անում Հանրապետության հրապարակում, փակել էին կառավարության շենքի մուտքերը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ