Մեդիա կենտրոնում կազմակերպված «Ոստիկանական բռնությունները բողոքի ակցիաների ժամանակ եւ իշխանությունների արձագանքը» թեմայով քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մայիսի 28-ին ՆԳ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանին նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելը ոստիկանական բռնությունների համատեքստում եւ ի՞նչ ուղերձ կարող է դա իր մեջ պարունակել, ասաց. «Ես արդեն չեմ հիշում, թե այս նույն թեմային այս տաղավարում ինչքան ենք անդրադառնում։ Սա արդեն ցուցիչ է այն մասին, որ փաստորեն պրոցեսները, որ ընթանում են բարեփոխում անվան տակ, իրականում դատարկ են, որեւէ բովանդակային փոփոխության ըստ էության չի տարվում։ Սոսկ խոսքի մակարդակով պատասխանատուների կողմից հնչեցվում է որպես բարեփոխում, բայց գործնականում եթե մարդ երկու րոպե տեւողությամբ մի քանի կադր դիտարկի, կհասկանա, որ բարեփոխում որպես այդպիսին տեղի չի ունենում եւ դրա անվան տակ տեղի են ունենում գործընթացներ, որոնց արդյունքում ոստիկանությունը որպես այդպիսի ուժ շարունակում է ծառայել բացառապես իշխանության կարիքների բավարարմանը ու տվյալ պահի իշխանությանն ավելի ամուր պահելուն։
Ինչ վերաբերում է հարցին, այստեղ նույնպես տխուր արձանագրություն պիտի գրանցենք։ Պարգեւատրել կարմիր բերետավորների հրամանատարին այդ խայտառակ միջադեպից մեկ օր անց, երբ տեսնում ես մի տեսանյութ, որտեղ անթիվ-անհամար կարմիր բերետավորներ կան, նույնիսկ իրավական գնահատական տալն այդ միջադեպին շատ բարդ է, որովհետեւ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, ավելին է, քան խախտումները։ Զուտ որպես պրոցես բարոյական տեսանկյունից անգամ անհասկանալի է, թե ի վերջո ինչ էին իրենք ուզում անել։ Արդյո՞ք կար կազմակերպված որեւէ պրոցես, որը նպատակ ուներ մեկուսացնել ինչ-որ վտանգավոր մարդու։ Ես չեմ խոսում այնտեղ հնչեցված բանավոր անընդունելի, շատ ամոթալի արտահայտությունների մասին, որ հնչում էին կարմիր բերետավոր ոստիկանների բերանից։ Այս պարագայում խոսել, որ բարեփոխումների պրոցես է ընթանո՞ւմ։ Տեսնել բարքերն ու դրանից հետո բերետավորների հրամանատարին խրախուսում տալը ոչ այլ ինչ է, քան համաձայնություն տեղի ունեցած պրոցեսներին։
Այդպես դուռը կարծես բացվում է եւ այն, ինչ տեղի է ունենում, ընդունելի է որոշում կայացնողների, իշխանության համար եւ խրախուսվելու է։ Սա անպատժելիության արդյունք է։ Վերջին երեք ամիսներին տեղի ունեցած մարդու իրավունքների կոպտագույն խախտումները վառ ապացույց են, որ ոչինչ ոչ միայն չի փոխվել, այլ անպատժելիության շատ բարձր մակարդակ կա։ Եվ նման պարգեւատրումներն էլ խոսում են խրախուսման մասին»,-ասաց Հասմիկ Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարության մակարդակով մեկնաբանությունների մեջ արդեն շատ մեծ ցինիզմ կա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ