«Կարեւորը դու ես» կարգախոսով գործունեություն ծավալող ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը շարունակում է կնքել միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչությանը ֆինանսապես եւ տեխնոլոգիապես հասանելի են դարձնում համաշխարhային բժշկագիտության նվաճումները:
«Մենք ցանկանում ենք մեր թիմի երկար տարիների փորձառությունը ծառայեցնել հօգուտ մեր հասարակության եւ մարդկանց հասանելի դարձնել միջազգային ապահովագրական տեսակները, որոնք առկա են աշխարհում»,- մայիսի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը։
Մայիսի 29-ին ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը, որն ի թիվս այլ հարցերի հաստատեց նաեւ առողջության ապահովագրության նոր պրոդուկտները:
Հանդիսանալով միջազգային ապահովագրական համակարգի լիիրավ անդամ եւ ներկայացուցիչ՝ ընկերությունն իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է հետեւյալ նոր պրոդուկտները։
Կարդացեք նաև
Oncocare with MSO (Medical Second Opinion) – Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից, ինչպես նաեւ Երկրորդ կարծիքի տրամադրում։ Աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության հովանու ներքո եւ բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ մշակվել է նոր պրոդուկտ, որը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաեւ տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք՝ նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Օնկոլոգիական հիվանդության ախտորոշման դեպքում տրամադրվում է 10 000-ից մինչեւ 60 000 եվրո միանվագ հատուցում՝ ամսական սկսած 2 900 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց։
«Այս պրոդուկտի էությունը հետեւյալն է՝ երբ մարդն ապահովագրվում է, եւ ապահովագրվելուց հետո իր մոտ քաղցկեղի ախտորոշում է հաստատվում, ապա ապահովագրված անձն ախտորոշումը դնելու պահից ստանում է ֆիքսված միանվագ գումար, որը կարող է տատանվել 4 մլն-ից մինչեւ 25 մլն դրամի սահմաններում։ Այս պրոդուկտի գինն ամսական սկսելու է 2 900 դրամից, եւ ինչքան գումարը մեծանա, այնքան փոխհատուցումը մեծանալու է։ Մենք պլանավորում ենք այս պրոդուկտը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին»,- ասաց Արեւշատ Մելիքսեթյանը։
Այս պրոդուկտի ամենակարեւոր բաղադրիչը բժշկական երկրորդ կարծիքն է, որը տրամադրվում է ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ՝ օնլայն հարթակի միջոցով։ «Այսինքն՝ պարզ մի քանի քայլերի միջոցով փաստաթղթերը ներբեռնում ենք այդ ծրագիրը, եւ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանում ենք երկրորդ կարծիք։ Մեր հարեւան Վրաստանում արդեն երկու տարի է՝ այս պրոդուկտը կիրառվում է, եւ 85-90 տոկոս դեպքերում կամ փոխվում է ախտորոշումը, կամ բուժման պլանը, կամ վիրահատությունը չեղարկվում է։ Այսինքն՝ շատ կարեւոր ու պահանջված պրոդուկտ է»,- հավելեց նա։
Երկրորդ պրոդուկտը International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթն է։ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր մակարդակի առողջության ապահովագրության փաթեթ անհատների եւ ընտանիքների համար, որը գործում է ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ամսական սկսած 47 000 ՀՀ դրամ վճարի դիմաց տրամադրում է 2 000 000 եվրոյի ծածկույթ առողջապահական գրեթե բոլոր բնագավառներում՝ տարեկան բուժզննումից մինչեւ օնկոլոգիական հիվանդությունների բուժում։
«Սրանով մեր համաքաղաքացիներին միջազգային բժշկական ապահովագրությունից օգտվելու հնարավորություն ենք ընձեռում։ Այսինքն՝ եթե Հայաստանի քաղաքացին ցանկանում է եվրոպական որեւէ երկրում բժշկական ապահովագրություն գնել, ինքն այդ հնարավորությունը չունի, որովհետեւ չունի ռեզիդենտություն ու հասանելիություն, Allianz-ը մեզ տվել է այդ ստորագրության իրավունքն ու հնարավորությունը, որպեսզի մենք կարողանանք 100 տոկոս վերապահովագրությամբ վաճառել այս պրոդուկտ։ Ծածկույթը տրամադրվում է ամբողջ աշխարհում, բացի Հյուսիսային Ամերիկայից»,- մանրամասնեց Արեւշատ Մելիքսեթյանը։
Նոր ծառայությունների վաճառքը նախատեսվում է մեկնարկել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։
Արեւշատ Մելիքսեթյանի խոսքով՝ ներդրվում է Վրաստանի փորձը՝ հաշվի առնելով այն, որ երկու երկրները բնակչության թվով, տնտեսությամբ եւ մարդկանց վարքագծով մոտ են։ Վրաստանում այս պրոդուկտների ոլորտում կա 6 տարվա կիրառված փորձ, եւ հարց է ծագում՝ ինչո՞ւ այն չներդնել նաեւ Հայաստանում։
Բացի վերոնշյալ նոր պրոդուկտներից, ընկերությունն առաջարկում է շուկայում ավանդական կամավոր ապահովագրության բոլոր տեսակներն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար՝ առողջության ապահովագրությունից մինչեւ կիբեր պատասխանատվության ապահովագրություն: Ինչպես բուն ապահովագրական ծածկույթի, այնպես էլ դրանցում առկա ծառայությունների շրջանակի առումով բոլոր պրոդուկտները համալրված են նորույթներով։
«Շնորհավորում եմ իմ բարեկամ ԷՖԵՍ-ի անձնակազմին եւ հաճախորդներին այս ապահովագրական ծառայությունները Հայաստան բերելու առիթով: Շատ հաճելի է մասնակից լինել մի նախագծի, որն իսկապես ինովացիա է բերում շուկա։ Նմանատիպ ծառայություններ մատուցվում են Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից, եւ հազարավոր մարդիկ արդեն օգտվում են այս պրոդուկտից, հատկապես երիտասարդները։ Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը եւ աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ՝ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում եւս։ ԷՖԵՍ-ը կօգնի խթանել ապահովագրական շուկայի ձեւավորումը, զարգացումը եւ նորարարության ներմուծումը առողջապահական ապահովագրության մեջ»,- ասաց ապահովագրության միջազգային փորձագետ, Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ Դեւի Խեչինաշվիլին։
ԷՖԵՍ ընկերության խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին նշեց, որ նոր պրոդուկտների ներդրման շնորհիվ Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին։ «Այսօր ներկայացված պրոդուկտներն ապացույցն են այն բանի, թե դեպի ուր է շարժվում այս ընկերությունը», – ասաց նա։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը եկել էր ռազմավարական ուղերձներ հղելու։
«ԿԲ պաշտոնյաները սովորաբար նման ասուլիսների չեն մասնակցում, բայց այս անգամ բացառություն ենք արել։ Կենտրոնական բանկը մի քանի կարեւոր հանձնարարական-ուղերձ ունի հղելու այսօր ապահովագրական շուկայի մասնակիցներին։ Առաջին ռազմավարական ուղերձն այն է, որ ըստ ԿԲ վերլուծությունների, ՀՀ-ում ապահովագրական շուկան ունի շատ լուրջ աճի պոտենցիալ։ Ապահովագրական ներթափանցման մակարդակը, որը կարելի է չափել նրանով, թե ինչքան ապահովագրավճար է հավաքվում եւ դա բաժանել ՀՆԱ-ի վրա, մեզ մոտ 2012 թվականից մոտավորապես 0,8 տոկոսի շրջակայքում է եւ շատ չի աճում։ Միաժամանակ, տեսնում ենք, որ ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի շատ էական աճ կա։ Սա նշանակում է, որ մեր զարգացվածության մակարդակի համեմատ ապահովագրավճարների քանակը եւ ապահովագրական շուկայի մեծությունը փոքր է, նշանակում է՝ աճի տեղ կա։ Կենտրոնական բանկն այսօր լուրջ հնարավորություններ է տեսնում ապահովագրական շուկայում»,- ասաց նա։
ԿԲ փոխնախագահի խոսքով՝ ապահովագրական շուկայում 2023 թվականին շուրջ 90 մլրդ դրամի ակտիվ է եղել եւ 73 մլրդ դրամ ապահովագրավճար։ Հայաստանի նման երկրների հետ համադրելով այս ցուցանիշը՝ ԿԲ-ն եզրակացրել է, որ էական բարելավման տեղ կա։
Երկրորդ ուղերձն այն է, որ, ըստ Նուրբեկյանի, ԿԲ տեսանկյունից շատ կարեւոր են ինստիտուցիոնալ ներդրողները։ «ԿԲ կարծիքը միշտ եղել է ու մնում է այն,, որ ՀՀ-ում շուկան զարգանում է, եւ մենք շփվում ենք գիտելիքի հետ։ Դա նշանակում է, որ լավագույն փորձը պետք է կիրառել ՀՀ-ում, եթե հնարավոր է, նաեւ լավարկել։ Այս համատեքստում պարոն Մելիքսեթյանը երկու նոր պրոդուկտի մասին է խոսում, որի դեպքում երկու խոշոր գործընկերները միջազգային լրջագույն ընկերություններ են։ Հետեւաբար, մենք ողջունում ենք նոր պրոդուկտների ձեւավորումը։ Մենք՝ որպես վերահսկող, արձանագրում ենք, որ կայունության եւ զարգացման ամենակարեւոր կետերից մեկը հենց սա է, որպեսզի մենք համոզված լինենք, որ ՀՀ-ում ապահովագրական շուկան զարգանում է ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցության շնորհիվ։ Եվ երրորդ գործոնը, որը շատ կարեւոր է, դա մրցակցային շուկա ունենալն է։ ՀՀ-ում ֆինանսական շուկան բավական մրցակցային էլ, ինչը նշանակում է, որ դաշտը մրցակցության համար բաց է։ Մենք՝ որպես վերահսկող, մեր հիմնական դերն ենք համարում մեր քաղաքացիների բարեկեցության համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որը կբերի լավագույն արդյունքների։ Բարեկեցության տեսանկյունից շատ քիչ պրոդուկտներ կան, որոնք ունեն մեծ ազդեցություն ՀՀ քաղաքացիների վրա, եւ այս համատեքստում եւս ես ուզում եմ շեշտադրել այսօր ներկայացված պրոդուկտները։ Հենց բժշկական ապահովագրության տեսանկյունից այսօր մենք ահռելի պոտենցիալ ունենք ՀՀ-ում, մեր ընկերությունները մեծ անելիք ունեն, որպեսզի նոր պրոդուկտների միջոցով այս ծառայությունները հասանելի դարձնեն լայն հասարակությանը, եւ ոչ թե դա լինի ճոխություն»,- հավելեց Նուրբեկյանը։
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ․ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության եւ վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարեւորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ