Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ, գործարար Կարեն Արշակյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի անընդմեջ հնչեցնող սպառնալիքներին ու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, կարծիք հայտնեց, որ եթե հայ ազգը շարունակի չպատկերացնել՝ ինչ է իրեն սպասվում, ապա կունենանք «կեղտոտ» մի երկիր։
«Եթե մեր ազգը շարունակի չպատկերացնել՝ ինչ է իրեն սպասվում, ապա մենք կգլորվենք անդունդը, անդունդի եզրին ենք, կունենանք կեղտոտ մի երկիր՝ թմրամոլներով, թմրանյութերի ազատ շրջանառությամբ եւ այլն։
Գուցե վաղը չունենանք եկեղեցի, Էջմիածին, նույնիսկ խաչ, մոռանանք, որ խաչն է մեզ պահել, գուցե մնա միայն Երևանը՝ չգիտես ինչ կարգավիճակով, չի բացառվում վիլայեթի։
Սա գիտակցել է պետք։
Կարդացեք նաև
Զարմանում եմ, որ շատերն, այս ամենը գիտենալով հանդերձ, շարունակում են վարկաբեկել Բագրատ Սրբազանին ու նրա գլխավորած շարժումը։
Սրբազանը իմ հորեղբոր որդու՝ Տավուշում նահատակված Սոս Էլբակյանի կնքահայրն է, ես իրեն այդպես եմ ճանաչում։ Մարդիկ կան դեռ սպասում են, թե ինչ է լինելու, արժի՞ միանալ շարժմանը, թե՞ ոչ, մարդիկ կան հարցնում են՝ ո՞վ է Սրբազանը, ո՞ւմ մարդն է։
Ես կասեմ՝ Սրբազանը հայ է, նրան հայ մայր է ծնել ու թասիբով հայ մայր։
Սրբազանն այսօր միակն է, որ հակադարձում է Ալիևի սպառնալիքներին․ Հայաստանն այսօր չունի վարչապետ, չունի Ազգային ժողով, չկան նման կառույցներ։ Ծանր իրավիճակում ենք, ու եթե մեր ազգը մի բռունցք չդառնա, չհամախմբվի, հերթով հանձնելու ենք, ինչպես հանձնեցինք Արցախը, ընդհուպ հերթը հասնելու է Շիրակի մարզի Ամասիա համայնքին։
4 օր առաջ անձամբ եմ լսել Թուրքիայի արտգործնախարարի տեղակալի խոսքը, ով անդրադարձավ Ամասիային՝ ասելով, որ դա Ղարսի մաս է եղել, բանակցությունների արդյունքում են թողել Հայաստանին, պիտի հետ պահանջեն։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, ապա ինչ է եղել, մի քանի դիակներ կբերեն, կթաղեն, նրանց համար դիակն արժեք չունի, կհայտարարեն, որ այնտեղ ապրել են իրենց պապերը ու կփորձեն տիրանալ նաև Ամասիային»։
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ինքն անցումային փուլում կողմ կլինի եկեղեցու իշխանությանը, երբ այդ փուլն անցնի, թող նոր միայն կուսակցությունները մասնակցեն ընտրապայքարի ու կառավարություն ձևավորեն։
«Ոսկեպարը, Բերքաբերը, Կիրանցը իրենց յայլեքով ազատագրել են սանիկս՝ Սասուն Սարգսյանը և հորեղբորս տղան՝ Վահրամ Էլբակյանն, ով մաս է կազմել Չաուշի ջոկատի, իրենք էլ պահել, պահպանել մեր պապական հողերը, որոնց մի մասն, այսօր, ցավոք հանձնվեց թշնամուն։
Ես չեմ համակերպվում այս ամենին, զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնց հարազատները ևս մասնակցել են հայրենիքի ազատագրմանը, արյուն են թափել, բայց նրանք այսօր համակերպվում են, ավելին հեշտությամբ են ընդունում հայրենիքի հանձնումը»,-ասում է Կարեն Արշակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ