Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման և պատրաստվածության թեմայով:
Մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի, Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ՆԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է: Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում է աղետի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Փոխնախարարի խոսքով՝ հանդիպումն օգնելու է վերագնահատելու հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև շարունակելու բարելավել առկա գործիքակազմը:
Կարդացեք նաև
Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ մշտական աջակցության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը: Նա ցավով է անդրադարձել Լոռու և Տավուշի մարզում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակին ու զոհերին՝ հավաստելով սերտ համագործակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում՝ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և հարակից այլ հարցերի շուրջ:
ՀՀ ներքին գործերի նախարարություն