Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չստացված հեղափոխության 7+3 պատճառների մասին

Մայիս 30,2024 17:51

Մեր քաղաքական «էլիտաների» աքիլեսյան գարշապարը միշտ եղել է այն, որ թերագնահատել է թշնամուն և թշնամիներին, թերագնահատել է սեփական ժողովրդի կոլեկտիվ գիտակցությունն և իմաստությունը, և գերագնահատել է դաշնակիցների և բարեկամների իրական կամքն Հայաստանի հանդեպ սեփական հանձնառությունների կատարման առնչությամբ` գետնի վրա չունենալով դրա համար որևէ իրական երաշխիքներ և դրանց իրագործման մեխանիզմներ:

Այսօրվա հրապարակի պարփակման չստացված ակցիան վերջնակետն է այս չստացված հեղափոխության, և այն պատմության մեջ կարող է մտնել որպես «Չստացված հեղափոխություն», երբ պարարտ հողը պարզապես սևահողի նման բերրի էր իշխանափոխության համար: Քավ լիցի, սրանով ոչ ցանկանում եմ պնդել, որ հեղափոխություն պետք է լիներ կամ պետք է անպայման լինի:

Չլինելով ո’չ ներկայիս իշխանությունների աջակիցը և ոչ էլ Բագրատ Սրբազանի, սակայն, ակնհայտ է, որ անկախության բոլոր քաղաքական էլիտաները հասցրել են Հայաստանին քաղաքական սնանկացման և արդեն երկիրը, ցավոք, կարող է մտնել լուծարման ընթացակարգի մեջ, ինչն այդքան ցանկանում են մեր որոշ հարևաններ և թշնամիներ` նամանավանդ հյուսիսում և արևելքում և ոչ շատ, բայց մի քիչ, արևմուտքում:

Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը չհաջողեց: Առաջին հերթին, մասնակիցների ու աջակիցների կազմն էր: Հայ ժողովուրդը չի գնա երբեք և երբեք բոլոր նախկին իշխանությունների և նրանց սատելիտների հետևից: Իսկ շարժումն առաջին իսկ օրից լցված էր այդ անձանցով ու նախկին օդիոզ կերպարների կողմից հրապարակային աջակցություններով: Կարող է աբսուրդ թվալ, բայց երևի թե Իլհամ Ալիևը կամ Ռեջեբ Էրդողանն ավելի շատ մարդ «կհաջողեին» դուրս բերել փողոց Երևանում եթե հանրահավաք հրավիրեին /թեկուզև զուտ նրանց իրական կյանքում տեսնելու հետարքրքությունից դրդված/, քան թե նախկին իշխանություններից ցանկացածը: Անգամ եթե Հիսուս Քրիստոս առաջնորդեր այս «սրբազան» շարժումը, բայց իր կողքում գտնվեին նախկին իշխանությունների ներկայացուցիչները, միևնույնն է ժողովուրդը հոծ խմբերով դուրս չեր գա փողոց: Այս Չստացված հեղափոխությունը կարծես թե վերջակետ դրեց նախկին իշխանությունների քաղաքական ընթացքին. Վերջ: Եթե արտաքին ուժերի կողմից ինչ-որ միջամտություն չլինի, ապա նրանց բոլորի քաղաքական հոսքի ավարտն է սա:

Երկրորդ հերթին, արտաքին հարաբերություններում ցաքուցրիվ ու ոչ կոնկրետ օրակարգն էր այս Չստացված հեղափոխության պատճառը: Բագրատ Սրբազանը չկարողացավ հստակ օրակարգ առաջարկել արտաքին քաղաքականության մեջ: Մի կողմից ռևանշիզմ, որն, իհարկե, ժողովրդի մի մեծ մասի ականջին հաճելի է, բայց մյուս կողմից փոքրիշատե պրագմատիկ և ռեալ ծրագրի բացակայություն այդ ռևանշիզմի արդյունավետ իրագործման համար ստեղծեցին մի մեծ բաց, մի մեծ խնդիր, որը շփոթության մատնեց հասարակությանը:

Ամենից սարսափելի սխալը` դա Ռուսաստանին այդ օրակարգում լուսանցքից դուրս չհանելն էր: Այն ինչ տեղի է ունեցել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պարզապես դիվանագիտական երկրաշարժ է, որի փլատակների տակ հայտնվել ենք մենք, և որը պարզ քաղաքագիտական կանոններով մեկ բան է հուշում. Հայաստանի քաղաքական կյանքում Ռուսաստանի միակ դերը կարող է լինել բացառապես լուսանցքից դուրս: Ռուսաստանը մարգինալացվել է հայ հասարակության կոլեկտիվ մտածողության մեջ և եթե Հայաստանի քաղաքականության մեջ մոտակա 5 տարիների ընթացքում որևէ քաղաքական գործիչ թեկուզ հպանցիկ որևէ սիմպատիա արտահայտի Ռուսաստանի հանդեպ, ապա նա միանգամից գնալու է ուտիլիզացման:

Երրորդ, հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ անգամ եթե լինի իրական ռևանշի ծրագիր, անգամ եթե բոլոր ներկաներն ու նախկիններն ուղարկվեն քաղաքական կառափնարան, միևնույնն է ռևանշը դա երկարատև պայքար է, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է ունենալ անվտանգություն և ներքին կառավարման հարցերում էական փոփոխություններ: Ներքին կառավարման մեջ էական փոփոխությունները կարող է լինել մերիտոկրատիայի հաստատման ռեալ ծրագիրն, որովհետև այդ կերպ մարդկանց պարզ և հասկանալի է լինում թե ինչ է լինելու, քանի որ դեմքերի փոփոխություն է տեղի ունենում: Սրբազանը չներկայացրեց այն մոդելն ու մեխանիզմը, որով կարելի կլինի մերիտոկրատիայի հաստատումը:

Սրբազանը չներկայացրեց նաև իր ժամանակավոր արհեստավարժների կազմը գոնե ամենից կարևոր 3 պորտֆելների մասով` ԱԳ նախարար, ՊՆ նախարար, Էկոնոմիկայի նախարար:

Չորրորդ, ներքին կյանքում փոփոխությունների երկրորդ մասը պետք է ուղղված լիներ երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների փոփոխությանը, որն առաջին հերթին ենթադրում է արդյունավետ պետության հաստատումը: Սա բացարձակապես չդարձավ օրակարգի մաս:

Հինգերորդ, կոռուպցիայի դեմ պայքարը և թալանի վերադարձին անդրադարձ չեղավ, սակայն պետք է լիներ, չնայած նրան, որ մարդիկ հոգնել են կոռուպցիայի դեմ պայքարից: Այստեղ հիմնական խնդիրը նա է, որ Հայաստանում գոյություն ունեն միայն գույքատերեր և ոչ սեփականատերեր, առկա են միայն փողատերեր և ոչ թե հարուստներ: Ի վերջո, պետք է գիծ քաշել, որպեսզի ներքին սոցիալ-տնտեսական կյանքն այս առումով կայունանա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը վերաիմաստավորվի, վերագործարկվի և կարողանա իրական արդյունքներ գրանցի հաշվի առնելով այն գումարները, որ ներդրվում են այդ պայքարի համար և այն ինչ ստացվում է այդ պայքարի արդյունքում:

Վեցերորդ, հասարակության ներսում տիրող բարոյա-հոգեբանական փոփոխությունների օրակարգի բացակայությունն էր: Հասարակության կոլեկտիվ գիտակցության մեջ չի տեղավորվում, երբ Սրբազան Հայրը չի խոսում ժողովրդի ներսում տիրող արատների մասին և պատշաճ չի թիրախավորում դրանք. Խաղատներ, մարմնավաճառություն և պոռնկություն, եղբայրասիրության պակաս, կիսա-գողական կամ գողական արժեքներ, ամուսնալուծությունների աճող տենդենց… այս ամենը այն բաներն են, որ ժողովուրդը ցանկանում է լսել և պետք է լսեր Սրբազանից:

Յոթերորդ, հիմնավոր թե անհիմն, սակայն հասարակության ներսում առկա է խորը վիրավորանք սեփական Եկեղեցու առաջնորդների հանդեպ. Նրանց ձայնը տարիներով կեղծվել է, սակայն նրանք լուռ են մնացել, նրանց մարտի 1 են արել, սակայն նրանք լուռ են մնացել, նրանց թալանել են և լլկել, սակայն նրանք լուռ են մնացել: Ժողովուրդը սիրում է իր Եկեղեցին և մեկ հրապարակային զղջումը և սեփական մեղքերի ընդունումը բավական կլիներ հրապարակները լեփ-լեցուն դարձնելու համար: Սակայն այս մասով ոչինչ չարվեց:

Իսկ բուն պատճառներից զատ առկա են ևս 3 ֆակուլտատիվ պատճառներ:

Առաջինը, վարչապետի թեկնածուի հարցի շուրջ իրավական բարդույթի և դրա լուծման առաջարկի բացակայությունը: Լինելով երկքաղաքացի և ունենալով սահմանադրական խնդիր, գեթ մեկ մի քիչ թե շատ տրամաբանական լուծման տարբերակ չհնչեց այդպես էլ:

Երկրորդը, հասարակության կոլեկտիվ գիտակցության մեջ ինչպես սովետական ուսուցչուհին չէր գնում զուգարան, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականը չի կարող հեռանալ Քրիստոսի հեզ կերպարից: Ամենևին չցանկանալով և անգամ միտում չունենալով դատել կամ վիրավորել Բագրատ Սրբազանին, սակայն հասարակության մոտ եթե այդպիսի ֆիգուր պետք է վերցնի քաղաքական առաջնորդություն, ապա նա նվազագույնը չպետք է շեղվի Քրիստոսի կերպարից, իսկ առավելագույնը մոտիկ լինի ազգային հոգևոր ճանաչված առաջնորդների կերպարներին:

Երրորդ, վերջապես սիմվոլների մասին: Հայաստանը և հայրենիքը հայի համար տարբեր չեն այլ նույնական են, Արցախը Հայաստան է, այսինքն` հայրենիք է: Խոսելով Աստծուց և առաջ չբերելով Աստծո հանդեպ մեր հավատքի ամենից ճանաչված սիմվոլը` Խաչը, ուղղակի տարրական քաղաքական տեխնոլոգների սխալն էր, կամ դրանց իսպառ բացակայությունը: Հին Հայաստանը եթե նորով է փոխարինվում, ապա հնի սիմվոլը պետք է փոխվի նորի սիմվոլով, և նվազագույնը նոր դրոշ` պարուրված Խաչով, պետք է փողփողեր Սրբազանի գլխավերևում:

Եվ վերջում, Չստացված հեղափոխությունը արեց այն գործն, ինչ տարիներ ի վեր քննարկվում է և չի արվում` լյուստրացիան, թեկուզ անուղղակի և թեկուզ այլ տարբերակով, և դրանով իսկ հսկայական մղոններով մոտեցրեց Հայաստանում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քաղաքական իշխանության ավարտը, քանի որ նախկիններն այլևս էլ չկան, որոնց կարելի կլիներ անդադար օգտագործել քաղաքական ձախողումների մեջ մեղադրելով և ապագա ընտրություններում ընտրողը միանշանակ հետ է վերցնելու ՔՊ-ից իր տված քվեն:

Արձանագրենք, որ Հայաստանի քաղաքական հողն այլևս բերրի է նոր խաղացողների ծնվելու համար և նախկին-ներկա դիլեմայի էջի վերջին նախադասությունն է գրվում հենց հիմա ք. Երևան Հանրապետության Հրապարակում:

Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Եթե խմբագիրը գտնում է ՝որ Հայաստանի ներքաղաքական կյանքի լավագույն մասնագետը Transparency International -ի աշխատակիցն է? այդ կայքը կարդալը դառնում է անիմաստ

  2. Khachik says:

    Հարգելիս, ես արդեն մի քանի տարի է ինչ ԹԻՀԿ–ի հետ չեմ համագործակցում և ոչ էլ հանդիսանում եմ այդ կառույցի անդամ, մի շարք պատճառներով, ընդհուպ սկզբունքային։

  3. Հ.Շ. says:

    Հաճեցէք նախորդ մեկնաբանութիւնս ջնջել, առաջին մասը անհասկնալի պիտի ըլլայ, զայն ուրիշ տեղ – իմ ֆպ էջիս վրայ պիտի հրապարակէի: Հետեւեալ տարերակն է է որ այստեղ կ’ուղարկեմ, որպէս արձագանգ վերեւի յօդուածին ՝
    * * *
    Այսքան հապճեպ կերպով, Սրբազանին առաջնորդած շարժումը ձախողած յայտարարելը, չի կրնար չէզոք կեցուածք համարուիլ: Թերեւս միտումնաւոր կողմնակալութիւն չկայ, սակայն ազդեցութիւնը նոյնն է. կեցուածքը կը նպաստէ վարչակարգի գոյատեւման. եւ ուրեմն զայն յայտնողը, որոշ չափով, կը կրէ սոյն վարչակարգի դեռ առնելիք, քանդիչ քայլերի պատասխանատւութիւնը:

    Փաստօրէն, որոշ տեսակի NGOներից սերած, երիտասարդ տարրերը, պահած են իրենց բոլոր reflex-ները, ի զօրակցութիւն այժմու վարչակարգին: Եւ կը կարծեն թէ ժամանակի հոսումը նշանակութիւն չունի, վնաս չունի, հրատապ բան չկա՜յ, եւ ուրեմն իրենք դեռ խօսում են՝ օդին մէջ, տեսական ու եթերային հեռանկարների մասին:

    Ամէն դէպքում, պէտք է նախ բնորոշել թէ՝ ի՞նչ է, այս պարագային, «յաջողութիւն»ը:

    Այս Շարժումին միակ իմաստը, իշխանափոխութի՞ւնն է: Այդ ալ, անմիջակա՞ն առումով:

    Պահ մը պատկերացնենք թէ ի՞նչ կը լինէր կացութիւնը, եթէ հողերի առաջին մասի միակողմանի յանձնումը տեղի ունենար, առանց որեւէ ժողովրդային բողոքի… Հողերն ու տուները տային, միայն այդտեղ բնակողներից մի քանիսը զայրանային, լային ու ողբային, մնացեալ երկրին լրիւ անտարբերութեան մէջ: Եւ այս ազգային կորուստն ալ կը դառնար, նորէն, միայն՝ մի քանի անհատների անձնական խնդիրը:

    Այս առումով, Շարժումի գոյութիւնը, ինքնին, յաջողութիւն մըն է: Ազգային վերականգնումի գոնէ յոյս մը կը ստեղծէ: Թէկուզ դա «իրական» յաջողութիւն չէ, անշուշտ, վարչակարգի նշանաւոր ըմբռնողութեամբ:

    Սակայն գործնական գետնի վրայ իսկ, իշխանափոխութեան առումով, այս Շարժումը գոնէ կը նուազեցնէ այն – այլապէս բարձր – հաւանականութիւնը, որ այս վարչակարգը կը վերահաստատուի, երկու տարի ետք:

    Այսինքն, նոյնիսկ եթէ չյանգի անմիջական իշխանափոխութեան, այս Շարժումը գոնէ հանգրուանային կարծր յաջողութիւն մըն է, նաեւ իշխանափոխութեան նպատակին համար:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031