Ընտանեկան ալբոմ
Չջնջվող հիշողություն
Հանրային լրագրության ակումբի «Ընտանեկան ալբոմ» նախագիծը պատմում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիշողությունների ու դրանք վավերացնող լուսանկարների մասին։
Նինել Գաբրիելյանը ծնունդով Ասկերանից է, ամուսնանալուց հետո ապրել է Ստեփանակերտում։
Մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է մշակույթի ոլորտում: 19 տարեկան էր, երբ իր ընկերներից մեկը խնդրեց որպես հանդիսավար փոխարինել իրեն մեկ օրով, ու այդ դեպքից հետո Նինելը սկսեց զբաղվել նաև հանդիսավարությամբ։
Անցումը դեպի հանդիսավարություն այդքան էլ հեշտ չէր, քանի որ Արցախում կին հանդիսավար տեսնելն անսովոր էր, սակայն աստիճանաբար նրան սկսեցին ճանաչել ու որպես հանդիսավար հրավիրել միջոցառումներ վարելու համար։
Կարդացեք նաև
Նինելը Հայաստան է եկել սեպտեմբերի 25-ին։ Իր հայրենիքից Հայաստան տեղահանման ընթացքում նա կարողացել է իր հետ բերել ընտանեկան լուսանկարների ալբոմները, որոնք ընտանիքում մեծ խնամքով են պահպանում։ Յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունն ու հիշողությունը՝ ընտանեկան իրադարձությունների, կարևոր միջոցառումների, ծնունդների ու կնունքների, խնջույքների և ուրախ պահերի մասին։
Այս տեսանյութում Նինելը մեզ պատմում է մի քանի լուսանկարի մասին, որոնցից յուրաքանչյուրը դառնում է պատուհան դեպի նրա ու նրա ընտանիքի ոչ վաղ անցյալի, վկայում այն ուրախ ու երջանիկ պահերի մասին, որոնց մասին հուշերն այսօր օգնում են վերապրել դաժան տեղահանումն ու պատերազմի հետևանքները։
Արցախից բռնի տեղահանությունից հետո Նինելն ու իր ընտանիքը հաստատվել են Արտաշատում։ Նա աշխատում է Արտաշատի մշակույթի տանը և զուգահեռ նաև զբաղվում հանդիսավարությամբ։
Նինելի պատվիրատուների մեծ մասը արցախցիներն են։ Արցախցիների խնջույքների կամ հարսանիքների ժամանակ երբեմն իրեն թվում է, թե Արցախում է։
Նինելն ու իր ընտանիքի անդամներն ասում են, որ իրենց համար դժվար է դեռևս ապագայի հետ կապված պլաններ կազմել․ տեղահանումն ու կորուստները նրանց դրդել են կենտրոնանալ ներկայի վրա։
Նյութը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակության համար բացառապես պատասխանատու է Հանրային լրագրության ակումբը, և այն չպետք է դիտարկվի որպես Եվրոպական միության տեսակետ:
Նախագծի ղեկավար՝ Սեդա Մուրադյան
Հեղինակներ՝ Մարտա Հարությունյան
Քրիստինե Ղահրամանյան
Օպերատոր՝ Նինել Ալեքսանյան
Մոնտաժային ռեժիսոր՝ Արթուր Փարսյան