Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե իրենց «օրենսդրական նախաձեռնությունը» կունենա հետադարձ ուժ, թող անեն եւ քրեականացումը սկսեն հենց իրենցից». Մարգարիտ Եսայանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Մայիս 30,2024 17:33

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ցանկանում է, որ օրենսդրական նախաձեռնության միջոցով ամրագրվի երեխաներին ծնողների գործունեությամբ պայմանավորված թիրախավորելը, ու մարդիկ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Մեր երեխաները լսում են այդ մարդկանց խոսքերը, որոնք չհեղինակություն են, բայց հանրությունը ճանաչում է նրանց, տեսնում են նրանց անբարո վարքագիծը… Հոգեւորականների շրջանում էլ կան նման մարդիկ, քաղաքական գործիչների շրջանում էլ, հայ մայրեր էլ կան, որ հայհոյախառն տեքստեր են հնչեցնում»,-ԱԺ-ում ասել է իշխող ուժի ներկայացուցիչը՝ մոռանալով, թե հեղափոխությունից հետո իրենք ինչպես էին թիրախավորում իրենց ձեւակերպմամբ՝ «նախկինների» երեխաներին եւ ընտանիքի անդամներին՝ սկսած զանգել-ահաբեկելով, հանրային վայրերում ծաղրելով, տների մոտ դագաղներ դնելով, սգո ժապավեններ կապելով, սոցցանցերում գռեհիկ ծաղրանկարներ ու տեքստեր տարածելով, անձնական տիրույթ մտնելով:

Հիշեցնենք նաեւ, թե ինչ բուռն արձագանք ստացավ 2018 թ-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի 17-ամյա դստեր՝ Նարեի բաց նամակը ուղղված Նիկոլ Փաշինյանին, որտեղ երեխան կոչ էր անում ապագա վարչապետին անչափահասներին սովորեցնել, որ ատելությունը լավ չէ։ «Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության եւ պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն»,-գրել էր Նարեն՝ արժանանալով աննախադեպ թիրախավորման:

Բայց սա «նախկինների» երեխաներին՝ ծնողների գործունեությամբ պայմանավորված, թիրախավորելու միակ դրվագը չէր:

Մարգարիտ Եսայան

«Եթե խոսքը վերաբերում է երեխաներին, ապա ընդդիմադիր որեւէ շարժում երբեք չի թիրախավորել ՔՊ-ականների երեխաներին, սա միասնականության շարժում է։ Հակառակը՝ իշխանությունն է թիրախավորում ընդդիմադիրների երեխաներին ինչպես երեկ, այնպես էլ այսօր, անչափահասների նկատմամբ եւս ոչ համաչափ ուժ կիրառելով։ Եվ, հետո, եթե այդքան մտածում են իրենց երեխաների մասին, թող չդառնան երկիրը թշնամուն հանձնողի հանցակիցը։ Թող դուրս գան երկիրը թշնամուն հանձնողների խմբակից։ Դրանով իրենք շատ մեծ օգուտ կտան իրենց իսկ զավակներին եւ վաղը նրանց չեն ասի՝ դավաճանի զավակ։

Հաջորդը՝ թող չմոռանան, որ ատելությունը եւ երեխաներին թիրախավորելը իրենք տարածեցին 2018-ից սկսած, օրինակները շատ լավ գիտեք, հայտնի են։ Մյուս կողմից՝ եթե իրենց «օրենսդրական նախաձեռնությունը» կունենա հետադարձ ուժ, այո, թող անեն եւ քրեականացումը սկսեն հենց իրենցից՝ 2018-ին իրենք էին սկսել թիրախավորել մեր եւ մեր ընկերների երեխաներին։

Եվ, կարեւորը՝ ՔՊ-ական իշխանությունը որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունք վաղուց չունի, քանի որ այս իշխանությունը այլեւս ոչ լեգիտիմ իշխանություն է։ Ցանկացած քայլ, որ սրանք անում են կամ կանեն, ո՛չ սահմանադրական է եւ ո՛չ իրավաչափ»,- ի պատասխան Aravot.am-ի հարցին, ինչպես է վերաբերվում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի առաջարկին՝ քրեականացնել երեխաների թիրախավորումը, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, լրագրող Մարգարիտ Եսայանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ 2018-ի «սիրո եւ համերաշխության» հեղափոխության մի դրսեւորումը՝ Արթիկի ՀՀԿ գրասենյակի դիմաց: Լուսանկարը՝ «Հայկական ժամանակից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031