Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինձ ոտքից գլուխ թափ են տվել, իմ քաղաքական գործունեության հետ կապված ամեն ինչ իմացել են. Աշոտյան

Մայիս 30,2024 16:55

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր սկսվեց գործով մյուս մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանի միջնորդությամբ: Ի դեպ, Մարթա Սիմոնյանն այսօր էլ չէր ներկայացել նիստին, երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված:

Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց դատարանին քրեական վարույթի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն տալ՝ ասելով, որ դեռ նախաքննության ժամանակ վարույթից 19 հատոր նյութեր չեն տրամադրվել իրենց: Նրա խոսքով, ժամանակին հանդես են եկել միջնորդությամբ, որ քրեական վարույթի նյութերն ամբողջ ծավալով տրամադրվի, ինչը մերժվել է: Վարույթ իրականացնող մարմինն էլ բացատրել է, թե այդ նյութերը վերաբերելի չեն իր պաշտպանին, նրան առաջադրված մեղադրանքին ու դրվագին: Այս միջնորդությանը միացավ նաեւ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը:

Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ բնական է, որ քննիչը չէր ցանկանա, որ նախաքննության սխալների, բացթողումների կամ մեղադրանքը հերքող ապացույցները հայտնվեն պաշտպանական կողմի տրամադրության տակ: Բայց, ըստ Մելիքյանի, քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է, որ դատարանը կողմի միջնորդությամբ աջակցի ձեռք բերել անհրաժեշտ ապացույցները:

Մելիքյանը նկատեց, որ գործի արհեստական միացումների, անջատումների դեպքում չի բացառվում, որ վարույթի որոշ նյութեր քննիչը փախցնի:

Մեղադրող դատախազը առարկեց՝ ասելով, որ իրենց պաշտպանյալներին վերաբերելի մասը՝ մայր գործից անջատված մասն արդեն ուղարկվել է դատարան: Իսկ մայր գործով մինչեւ օրս նախաքննություն է իրականացվում այլ դեպքերով, որոնք վերաբերում են այլ անձանց, այլ դրվագների:

«Ակնհայտ է, որ նախաքննական մարմինն առաջնորդվել է պարզ տրամաբանությամբ՝ ինչ գտնել, որ հիմնավորի կամ փաթեթավորի որպես ինձ ուղղված մեղադրանքի ապացույց: Ակնհայտ է, որ ոչ մի փաստարկ չկա, որով ամրապնդվում է ինձ ներկայացված մեղադրանքը, ինձ համալիր հետազոտության են ենթարկել, բայց ոչ մի տվյալ չկա մեղադրական մասում: Ուզում եմ տեսնել, ունեմ ողջամիտ եզրահանգում, որ այնտեղ կան տվյալներ, որ հաստատում են իմ տեսակետը, որ սա մեղադրանքի հետ որեւէ կապ չունի, հաստատում են այն տեսակետը, որ այս գործը քաղաքական է : Այս հետազոտությունների մեջ վստահաբար տեղեկատվություն է հայտնաբերվել, որոնք քաղաքական բնույթի են, որովհետեւ ես քաղաքական գործիչ եմ, ինձ ոտքից գլուխ թափ են տվել, իմ քաղաքական գործունեության հետ կապված ամեն ինչ իմացել են: Ես ուզում եմ իմանալ՝ իրենք ի՞նչ գիտեն, ի՞նչ եմ խոսել, ե՞րբ եմ հանդիպել տարբեր քաղաքական գործիչների հետ: Մեղադրական բան չկա այդ նյութերում, պարզ է, չէ՞, կմտցնեին գործերի մեջ, էստեղ էլ կթմբկահարեին: Ուզում եմ իմանալ, որ էդքան հետազոտել եք, տակն ինչ կա»,ասաց Արմեն Աշոտյանը:

Դատարանը որոշեց բավարարել այս միջնորդությունը՝ համարելով, որ պաշտպանական կողմերն իրավունք ունեցել ու ունեն ծանոթանալ այդ նյութերին եւ նրանց բարձրացրած հարցը ողջամիտ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031