Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հանվում «Արբա մեդիա» ՍՊԸ-ի՝ ժամացույցով վահանակները․ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է

Մայիս 30,2024 16:38

Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ահազանգեց, որ «Արբա մեդիա» ՍՊԸ-ին պատկանող «Թայմ Տերմինալ» անվանմամբ գովազդային միջոցներն ապամոնտաժվել են։

Բագրատ սրբազանը մասնավորապես հայտարարեց․ «Վերջին օրերին Արբայի տղաներն իրենց կամքով մեր շարժման հայտարարություններն էին տեղադրում։ Սա ազգային գործարարության օրինակ է։ Քաղաքապետարանի ապօրինի գրության հիման վրա հոսանքն անջատել են, քաղաքապետարանն ապօրինի ապամոնտաժում է՝ չնայած պայմանագիրը դեռ ուժի մեջ է ինը տարի, ինչո՞ւ են ապամոնտաժել։ 2012-ից վահանակները տեղադրված էին և վեց ամիս առաջ ավելի ժամանակակից էին դարձել։ Գործարարները ոչ մի բանի համար չեն զղջում, ասում են՝ լավ ենք արել, դրել ենք, էլի պիտի անենք։ Սա է ճշմարտությունը ու թող մեծ գործարարներին օրինակ լինի, որ թաքուն մարդիկ են ուղարկում։ Իմացեք՝ կամաց-կամաց ձեզ էլ կգանք։ Այս կազմակերպությունը և′ ՀԷՑ-ին, և′ Երևանի քաղաքապետարանին դատի է տալիս։ Ժամացույցով վահանակները հանում են, ուրեմն ժամանակն է փոփոխությունների։ Ասել են՝ դիզայնը դուր չի գալիս, մեր տղան էլ ասել է՝ քո դիզայնն էլ իմ դուրը չի գալիս, ուրեմն քեզ պիտի փոխենք, ոչ թե մեր դիզայնը»։

Aravot.am-ն այս առիթով փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Լրատվության վարչությունից, հղում կատարելով Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությունից ստացված տեղեկատվությանը, պարզաբանեցին․ «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված լինելու հիմքով և որևէ կերպ կապ չունեն այն կարծիքի հետ, թե որոշակիորեն կա քաղաքական մոտեցում և այլն։ Պարզապես համընկել է դրանց ապամոնտաժումն այն ժամանակահատվածի հետ, որ իրենք արդեն այդ վահանակների վրա որոշակի քաղաքական հայտարարություններ էին փակցրած եղել։ Բայց որևէ կերպ երկուսի մեջ կապ տեսնել պետք չէ։ Պարզապես մենք մեր գործունեությունն ենք արել մեր լիազորությունների շրջանակում՝ որպես ինքնակամ տեղադրված գովազդային կրիչներ դրանք ապամոնտաժվել են։ Զուտ համընկել է իրենց՝ այդ նյութերը տեղադրելու հետ»։

Մեր այն դիտարկմանը, թե այս կազմակերպության հետ պայմանագիրը, ինչպես հայտարարել էր Բագրատ սրբազանը, դեռ ուժի մեջ է ինը տարի, լրատվության վարչությունից արձագանքեցին՝ եթե նման բան լիներ, գովազդի վարչությունում տեղյակ կլինեին։

Նշենք, որ «ԱրաՏՏա» կրթամշակութային նախաձեռնության անդամները մայիսի 18-ին իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էին.

«ԱրաՏՏա» կրթամշակութային ազգային կենտրոնի գործունեության հիմնական նպատակն ազգային, հոգևոր մշակույթի հանրահռչակումն ու հայ վարպետների ու ազգային մշակութային խմբերի և անհատների աջակցությունն է:

Մենք միավորվել ենք՝ աշխատանքի հիմքում ունենալով այն բոլոր արժեքները, որոնք այսօր շատ հակիրճ ամփոփվել են Սրբազան պայքար շարժման կարգախոսում.

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված:

Կարծում ենք, որ այս կարգախոսը բխում է բոլոր հայերի սրտից և հոգեհարազատ է ազգայինն ու հոգևորն արժևորող ցանկացած անհատի:

Այսուհետև կարող եք տեսնել այս կարգախոսը նաև Երևանի կենտրոնական փողոցներում արդեն 10 տարի տեղադրված և վերջերս արդիականացված «Թայմ Տերմինալ» անվանումը կրող ազգային մշակույթի աջակցման և հանրահռչակման գովազդային միջոցների վրա, որը սիրով մեզ և հետևաբար նաև Սրբազան պայքար շարժմանը տրամադրել է մեր գործընկեր «Արբա Մեդիա» ընկերությունը:

Կոչ ենք անում բոլոր մշակութային, գիտական, կրթական և ազգայինն ու հոգևորն արժևորող կազմակերպություններին միանալ այս կարգախոսի տրամաբանությանն ու իրենց հնարավորությունների շրջանակում աջակցել նրա տարածմանը (անհատական զրույցներից սկսած մինչև սոցիալական էջերով և/կամ այլ հարթակներով տարածում):

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»:

Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031