Մայիսի 27-ին բողոքի ցույցերի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ անձանց նկատմամբ բռնություններով, ուժի ապօրինի կիրառմամբ։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություն է կիրառվել նաեւ ԱԺ պատգամավորի նկատմամբ։
Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ իրավապահների պահվածքը մնում է անփոփոխ։ Շարունակվում են ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու եւ ազատության իրավունքի խախտումները հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։
Մեդիա կենտրոնում կայացած՝ «Ոստիկանական բռնությունները բողոքի ակցիաների ժամանակ. իշխանությունների գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը անդրադառնալով ԱԺ-ում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի՝ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հարցին ի պատասխան արած արտահայտությանը, թե ինքը բան չունի ասելու, զարմանք արտահայտեց. «Ո՞նց կարող է ՆԳ նախարարի տեղակալը այս բռնությունների մասով որեւէ բան չունենա ասելու այն պարագայում, երբ որ ակնհայտ՝ տեսանյութում իրականում ոչ միայն այդ դեպքն էր։ Բռնությունների բազմաթիվ այլ դեպքեր են եղել, թե ոնց են բարձր պաշտոնատար ոստիկանները իրենց բառապաշարն օգտագործում քաղաքացիների հետ շփման ժամանակ։ Եվ դրանից բացի, այն հայտարարությունը, որը տարածվեց ոստիկանության կողմից, որ մեկ անձի լիազորությունները դադարեցված է, նույնպես անընդունելի է։ Չի բացառվում, որ երբ մեկ կամ երկու ամիս անցնի, լիազորությունները դադարեցված այդ անձը նորից անցնի աշխատանքի։ Ես շատ եմ հարց բարձրացրել, թե ինչպես են խոշտանգումներ կատարած անձինք, ամբաստանյալները առաջխաղացում ունենում, իսկ որոշները նոր պաշտոններ ստանում։ Սա արձանագրվել է նաեւ Ամերիկայի պետդեպարտամենտի կողմից։
Կարդացեք նաև
Անընդունելի է, որ ես ՆԳՆ ալդ հայտարարության տակ դիրքորոշում եմ գրում, անմիջապես այդ կարծիքը ջնջվում եւ փակվում է։ Սա նշանակում է, որ ոստիկանությունում չեն ցանկանում այլեւս իրավապաշտպանների դիրքորոշումը լսել ու ընկալել, բայց խոսում են բարեփոխումներից։
Ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը, երբ մի կառույց չի կարողանում հանդուրժել որեւէ կարծիքի արտահայտում, որը ոչ ատելության, ոչ նվաստացման տարր չունի։
Երբ բռնության մեջ ներգրավված են եղել մի քանի ոստիկաններ, միայն մեկ անձի լիազորությունները դադարեցնելը կամ կասեցնելը անընդունելի եւ դատապարտելի է եւ ցույց է տալիս, որ ոստիկանական համակարգում բարեփոխումներ չկան։
Եվ գվարդիա ստեղծելու մասով հարց. արդյո՞ք այդ գվարդիայում նոր անձինք են լինելու, թե նույն մարդիկ, բայց այլ անվան տակ, քանի որ Ոստիկանությունը վերանվանվեց Ներքին գործերի նախարարություն, բայց բռնությունները, վատ վերաբերմունքը չի փոխվել»,-ասաց բանախոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի