«Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ եւ մասնագիտական: Էմոցիոնալ առումով չեմ պատասխանի, որովհետեւ մասնագիտական էթիկայի կանոններով եմ սահմանափակված: Մասնագիտական առումով կասեմ, որ մենք նախ իրականում պետական մարմիններից ենք պարզաբանումներ պահանջել, որպեսզի հասկանանք, թե խնդիրը ինչում է կայացել, բայց ես ինքս նաեւ պատրաստվում եմ խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար: Կարեւոր է լսել երկու կողմին էլ»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսպես պատասխանեց լրագրողների հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի այն միջադեպի մասին, երբ Սարդարապատի հուշահամալիր թույլ չտվեցին մտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Նա ասաց, որ Հայ Առաքելական Եկեղեցու պատմական դերակատարությունը մեր Սահմանադրությամբ ամրագրված է եւ շատ կարեւոր է, որ պետության եւ եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն. «Այդ հարաբերությունները միանշանակ խաթարված են: Ես ինքս, որպես ՄԻՊ, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ՝ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու տեսանկյունից»:
Լրագրողները հարցրեցին նաեւ, թե ի՞նչ է արել, երբ տեսել է, թե ոնց են 40 բերետավորներով հարձակվել մի պատգամավորի վրա, քաղաքացու աչքն են փորձել հանել: Նա պատասխանեց. «Չե՞ք տեսել իմ հայտարարությունը: Շատ վատ է, որ չեք տեսել»: Երբ լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ են տալիս այդ հայտարարությունները գործնականում, ի՞նչ գործողություններ է նա արել՝ Մանասյանը պատասխանեց. «Կներեք, Մարդու իրավունքների ո՞ր պաշտպանի հայտարարություններն եք դուք համարում, որ բան են փոխել»:
Հարցին՝ եթե դուք ամեն ինչ արել եք, ինչո՞ւ են քաղաքի տարբեր անկյուններում գրություններ տարածում՝ «փնտրվում է ՄԻՊ-ը»: Նա պատասխանեց՝ ի՞նչ պետք է կոնկրետ անեի, որ չեմ արել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ