Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ նախկին 5 պատգամավորի նկատմամբ Անկարայի 22-րդ քրեաիրավական դատարան արդեն 2-րդ անգամ մեղադրական է ներկայացվել:
Այդ պատգամավորների թվում է նաև ազգությամբ հայ Գարո Փայլանը, ում չհաջողվեց 2023-ի համապետական ընտրություններից հետո այլս Թուրքիայի խորհրդարանում տեղ զբաղեցնել։
Նշվում է, որ նրանք մեղադրվում են «Քոբանիի դեպքերի» շրջանակում «Պետության միասնականությունն ու երկրի ամբողջականությունը խաթարելու», «37 անգամ մարդ սպանելու» և «31 անգամ մահափորձ իրականացնելու» և ևս այլ 29 հանցանք իրագործելու մեջ:
Մեղադրականում պահանջվել է վերոհիշյալ հանցագործությունների իրականացման համար 5-ից յուրաքանչյուրին դատապարտել 19.680-ական տարով:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ ԺԴԿ-ի անդամների նկատմամբ նույն մեղադրականը ներկայացվել էր նաև նրանց պատգամավորության տարիներին, որը սակայն հենց իրենց պաշտոնական դիրքի՝ անձեռնմխելիության պատճառով էլ ընթացք չէր ստացել:
Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ: