Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Hack2Check հեքըթոնի հաղթող թիմերը

Մայիս 30,2024 14:43

Երևան, 30 մայիսի, 2024թ.։ Երևանում անցկացված Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնի երկրորդ օրը մասնակից 19 թիմերը ներկայացրել են փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով իրենց մշակած նախագծերը։ Պրոֆեսիոնալ ժյուրին, թիմերի ներկայացումների, ինչպես նաև հարցուպատասխանի հիման վրա, որոշում է կայացրել հաղթող համարել VerifEYE, «Առավոտիկ» և TruthDealer թիմերին։

Նշված թիմերին տրվել է, համապատասխանաբար, 6000, 4000 և 3200 ԱՄՆ դոլար ֆինանսական հնարավորության հավաստագիր՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։

VerifEYE թիմի նախագիծն առաջարկում է հավելված, որը պետք է ստուգի համացանցային հղումների անվտանգությունը և ծանուցի վտանգավոր հղումների առկայության մասին, կատարի կեղծ տեղեկության ստուգում՝ համեմատելով բովանդակությունը հավաստի աղբյուրներում առկա բովանդակության հետ։ Հավելվածն աշխատելու է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ինտեգրմամբ։ Հավելվածում առկա կլինի նաև լուսանկարների ստուգում, որը նույնպես կիրականացվի արհեստական բանականության միջոցով։ Ապագա պլաններում նախատեսվում է նաև հայկական տվյալների բազայի (data set) ստեղծում և մեսինջերներում (messenger) կիբեռհարձակումների վերահսկողություն։

«Առավոտիկ» թիմը, որը ներկայացնում է հայաստանյան «Առավոտ» լրատվամիջոցը, նախատեսում է արհեստական բանականությամբ ստեղծված ավատարների՝ Առավոտյանների ընտանիքի 3 սերնդի ներկայացուցիչների միջոցով (պապիկ, մայրիկ և որդի) ներկայացնել մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ տվյալ սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով կներկայացվեն մեդիագրագիտությանն առնչվող հոլովակներ, որոնցում անդրադարձ կկատարվի մեդիագրագիտությանը, թվային անվտանգության տարբեր մարտահրավերների, կներկայացվեն տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու և թվային անվտանգության կանոնները պահպանելու համար։

TruthDealer թիմն առաջարկում է մոբայլ խաղ, որը նախատեսված է մեդիագրագիտության ուսուցման համար։ Խաղը դետեկտիվ ժանրի է և հայալեզու բովանդակությամբ։ Գլխավոր հերոսը իրական փորձությունների միջոցով ծանոթանում է մեդիա ոլորտի կարելիներին և չի կարելիներին, հայտնվում է տարբեր իրավիճակներում և բախվում է դրանց հատուկ ապատեղեկատվության, սովորում է ինչպես լինել ավելի մեդիագրագետ և գիտելիքներն ամրապնդում է գործնական առաջադրանքով:

Հաղթողներն ընտրվել են հեղինակավոր ժյուրիի կողմից, որի անդամներն էին.

  • Կարեն Գյուբուդաղյան՝ Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, SkyDeck աքսելերատորի խորհրդական,
  • Արփինե Գրիգորյան՝ ԱՊՐԻ Արմենիայի թվային գործառնությունների ղեկավար, թվային գրագիտության փորձագետ,
  • Լուսինե Գրիգորյան՝ «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպության Մեդիայի զարգացման ծրագրի փոխտնօրեն,
  • Հովհաննես Աղաջանյան՝ ՏՏ մասնագետ,
  • Արթուր Պապյան՝ ՏՏ և մեդիա ոլորտի հետազոտող, վերլուծաբան։

Մայիսի 25-26-ին ՀԲԸՄ-ում անցկացված հեքըթոնն ուղղված էր ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտության խթանմանը միտված տեխնոլոգիական լուծումներով նորարար գաղափարների մշակմանը։

Հեքըթոնի փակման և ֆինանսական հնարավորության հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկը, շնորհավորել և հաջողություն մաղթել թիմերին։

Հեքըթոնը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը՝  Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։

Հեքըթոնի գործընկերներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ իր  Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով։

Հեքըթոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ներկայացուցիչներ Հայաստանի պետական գերատեսչություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից, կրթական և ՏՏ կազմակերպութուններից, այլ գործընկեր կառույցներից։

Հանրային լրագրության ակումբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031