Ինչպես են փոքրիկ մեղուները, գունագեղ ձկնիկները, սպիտակ արագիլները և գեղանի կռունկները «գրավել» Երևանի փողոցները
Օրերս փոքրիկ մեղուները, գունագեղ ձկնիկները, սպիտակ արագիլները, գեղանի կռունկները և տասնյակ այլ կերպարներ շրջել են Երևանի փողոցներով՝ իրազեկելով բոլորին կենսաբազմազանության պահպանման կարևորագույն խնդրի մասին։ Հայաստանի տարբեր մարզերից Երևան ժամանած 2-9 դասարանների աշակերտները Արևորդի 12-րդ բնապահպանական փառատոնի շրջանակում իրականացրել են կենդանիների դիմակահանդես-շքերթը, որը յուրահատուկ իրազեկման ակցիա էր՝ ուղղված կենդանական աշխարհի պահպանությանը։ Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Լոռիի մարզերի և Երևան մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն իրենց հանդերձանքները պատրաստել են սեփական մտահաղացմամբ՝ պատրաստելով դրանք տարատեսակ թափոններից 2-րդ կյանք հաղորդելով նյութերին միաժամանակ փոխանցելով մարդկանց կարևորագույն գաղափար. կենսաբազմազանությունը բնության զարկերակն է և այն ունի պահպանության կարիք։
Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի հրապարակից և շարժվել դեպի Մաշտոցի պուրակ։ Մասնակիցները յուրահատուկ նվիրվածություն են ցուցաբերել գաղափարին և նրանց չի կանգնեցրել անգամ հորդառատ անձրևը։ Միջոցառման նպատակն է հանրությանն իրազեկել Հայաստանում և աշխարհում կենսաբազմազանության կորստի և դրա կանխման համար անհրաժեշտ քայլերի մասին։
Դիմակահանդես-շքերթն իսկապես գունե՜ղ, զիլ, էմոցիաներով լեցուն և շա՜տ արդյունավետ էր բոլորի համար։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մայիսի 24-28-ը Երևանում կայացել է Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավոր հյուրեր և նրանց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվել է 30 ֆիլմ աշխարհի տարբեր ծայրերից, գործել են մի քանի ակտիվ աշխատարաններ և ցուցահանդեսներ։ Մայիսի 28-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները և հայտարարվել հաղթող ֆիլմերը։
Փառատոնի կայացման այս տարվա աջակիցներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, UCOM ընկերությունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ անտառային ծառայությունը, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ