ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին բողոքեց, որ Հայաստանում թիրախավորվում են երեխաները՝ իրենց ծնողի գործունեությամբ պայմանավորված:
Մանասյանը պատասխանեց, որ քաղաքական գործիչների ընտանիքի անդամները սովորաբար միշտ էլ դառնում են թիրախի առարկա:
ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը հայտարարեց, որ երեխաներին թիրախավորելուց բացի՝ անցել են ընտանիքների թիրախավորմանը ու պետք է լուրջ աշխատել այս հարցի շուրջ. «7 պորտով նզովելու կանոնն է երեւի իրենց ստիպում դա անել, բայց ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ է գնում ընտանիքի թիրախավորումը, ասում են՝ գտնել, թքել դեմքին, չկնքել, ասում են՝ դեռ մի օր պիտի գաք եկեղեցի եւ այլն: Ձեր փաստարկը, որ պետք է զգույշ լինել նման օրենսդրական կարգավորման դեպքում, կարծում եմ, որ էդքան էլ չպետք է զգույշ լինել, ցանկացած փորձ ընտանիքը պաշտպանելու հանրությունից՝ կարծում եմ, արդարացված է, պետք է ընտանիքը պաշտպանել հանրությունից»:
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ մեզ մոտ ընտանիքի անդամների թիրախավորելը ընդունված է, քանի որ դա գալիս է մեր հանրային միջավայրից, մենք շատ ենք հանրային անձանց անձնական կյանքը կարեւորում. «Այդ ինֆորմացիան դառնում է պահանջված, հանրային գործիչները սկսում են այդ ինֆորմացիան տիրաժավորել, տարածել»:
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, նա ասաց, որ պետք է լինեն միջոցներ, բայց պետք է զգույշ լինել այդ մեթոդները քրեականացնելու հետ կապված. «Եթե դա հանկարծ վերածվեց քաղաքական հետապնդման, դա շատ վտանգավոր կլինի մեր հասարակության համար»:
Նա նշեց, որ կան դեպքեր, երբ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում ու դատապարտելի է ցանկացած բռնություն, էթիկայի կանոնները չպահպանելը եւ այլն:
ՔՊ պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ դժգոհեց, որ շարժման մասնակիցները երեկ ոստիկաններին անվանել են կենդանական աշխարհի անուններով՝ շակալ, բորենի. «Թիրախավորում էին նաեւ մարդու տեսքի համար, պատգամավորը ասեց՝ լենքն ու բոլը հավասար են: Պատգամավորը ազատ է իր խոսքի մեջ, բայց որտե՞ղ է իր կարմիր գիծը: Հաջորդ թիրախավորումը եղել է քաղաքացի Վազգեն Գալստանյանի կողմից, երբ միտինգի ժամանակ ոստիկանների նկարներն էին հրապարակում եւ հեռախոսահամարները, այստեղ կա՞ օրենքի խախտում, ուզում եմ հասկանալ»:
Մանասյանը պատասխանեց, որ արտաքին հատկանիշների հիմքով թիրախավորումը ՀՀ-ում ամենատարածվածներից է, դա սկսում է մարդկանց համար դառնալ օրինակել վարքագիծ:
Նա ասաց, որ հատկապես ԱԺ պատգամավորները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները, որովհետեւ իր խոսքը միջավայր է ձեւավորում:
Ինչ վերաբերում է լուսանկար հրապարակելուն, Մանասյանն ասաց, որ դա համարվում է անձնական տվյալ ու հրապարակել չի կարելի, բայց անգամ սեռական բռնության զոհ դարձած երեխայի լուսանկար է հրապարակվել Հայաստանում, որն անհամեմատ ավելի խնդրահարույց է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ