Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհների, կամուրջների փլուզումներ, շենքերի ջրալցումներ, գազատար եւ ջրատար համակարգերի վնասումներ. Լոռու մարզպետն ու փրկարար ծառայության տնօրենը՝ իրավիճակի մասին

Մայիս 30,2024 13:53

«Ներկա պահին մեծ թափով շարունակվում են աշխատանքները ճանապարհավերականգնման ուղղությամբ, իրականացնում ենք նաեւ Ախթալայի կամրջի վրա հետիոտնային անցման եւ կամուրջի կառուցման աշխատանքներ, որպեսզի վերականգնվի կապը Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Քարկոփ, Ճոճկան բնակավայրերի հետ: Երեկ եւ այսօր շարունակվում են նաեւ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները: Տիղմից մաքրում ենք բազմաբնակարան շենքերի բակերը, փողոցները, Սանահին կայարան թաղամասի բակն է բավականին մաքրվել»,-Ալավերդու համայնքապետարանում կայացած ասուլիսում նշեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ ներկայացնելով աղետի գոտում իրավիճակը: Նրա ձեւակերպմամբ, փորձում են օր առաջ բնակչության կյանքը վերադարձնել բնականոն հունին:

«Այս պահին Սանահին կայարան թաղամասում կառուցվում է հետիոտնային կախովի կամուրջ, որպեսզի կարողանանք կապ հաստատել մարդկանց հետ: Մինչեւ հիմա ՆԳՆ փրկարար ծառայության միջոցով ճոպաններով սնունդ է մատակարարվել եւ տարհանվել: Այսօր եւս աշխատանքներ ենք իրականացնում սննդի մատակարարման ուղղությամբ: Կառավարության կազմում գտնվող բազմաթիվ նախարարություններ տեղում աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքներ են իրականացվում նաեւ Երեւան քաղաքից՝ կազմակերպչական, գույքագրման առումով: Մենք կատարում ենք վնասի չափը պարզելու աշխատանքներ՝ համապատասխան հանձնաժողովի կողմից… Ուզում եմ նշել, որ արդեն կարող ենք Բագրատաշենից մինչեւ Վանաձոր ուղիղ կապ հաստատել, իհարկե դա չի վերաբերվում բոլոր տրանսպորտային միջոցներին, բայց այնպես չէ, որ ամբողջովին վերականգնված է»:

Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորներին, անհատներին ու ձեռնարկություններին, որոնք աջակցում են աղետի ենթարկված մեր հայրենակիցներին, ասաց, որ կփորձեն շտկել բոլոր բացթողումները, նաեւ ցավակցեց զոհվածների հարազատներին:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ վիճակ է տարածում սանիտարահիգիենիկ առումով, եւ արդյոք կա՞ վտանգ վարակների տարածման առումով, Լոռու մարզպետն այսպես արձագանքեց. «Օպերատիվ շտաբի քննարկումների ժամանակ այդ հարցին եւս անդրադարձել ենք: Մասնագետների ներկայացմամբ՝ ներկա պահին չունենք այնպիսի իրավիճակ, որը կանհանգստացնի: Սակայն հաշվի առնելով մասնագիտական խորհրդատվությունը՝ այդ ամենը սկսած աղիքային վարակներից, 7 օր հետո նոր կարող է ի հայտ գալ: Ներկա պահին նմանատիպ խնդիր չունենք, սակայն կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում ենք»:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հայտնեց, որ այս պահին կա հաստատված 4 զոհ, սակայն անհայտ կորածներ չկան, վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունը հերքվել է: «Փրկարար ծառայության կողմից այս պահին իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Տավուշում եւ Լոռու մարզում աղետի մասշտաբները շատ մեծ են, ունենք ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների եւ այլ կառուցվածքների փլուզումներ, բազմաբնակարան շենքերի եւ տների, հասարակական նշանակության հաստատությունների ջրալցումներ: Վնասվել են գազատար, ջրատար համակարգերը: Վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահի դրությամբ պետք է աշխատանքներ տանենք Քարկոփ համայնքում , Սանահին Սարահարթ կայարանի թաղամասում եւ Թումանյան փողոցում»,-ասաց Ցուցուլյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը նաեւ հավելեց, որ տարհանման հետ կապված ոչ մի խնդիր չկա, ցանկացած պահի փրկարար ծառայությունը կարող է տարհանել ցանկացած բնակավայրի բնակչի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031