Մայիսի 25-26-ին տեղացած առատ տեղումները Լոռու մարզում հսկայական վնասներ են հասցրել։ Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց աղետի հետեւանքով առաջացած վնասները։
Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է: Սանոսյանի ներկայացմամբ՝ Դեբեդ գետում այդ օրը ջրի մակարդակը հասել էր վայրկյանում մինչեւ 650 մետր խորանարդի, իսկ այսօր 102 մետր է․ «Վեց անգամից ավելի ջուր է եղել, հիմա մոտ երկու մետր նվազել է։ Աղետալի վիճակ է առաջացել Դեբեդ, Տաշիր եւ Աղստեւ գետերի եւ վտակների շուրջ տարածքներում ու բնակավայրերում։ 443 անձ տարհանվել է։ Միայն Սանահին կայարան թաղամասում է 141 անձ գետի այն ափին է, փրկարար ծառայությունը անհրաժեշտ ամեն ինչ հասցնում է պարանների միջոցով։ Չորս զոհ կա»։
Նախարարն ասաց, որ հսկայական ծավալով ենթակառուցվածքներ են վնասվել՝ երկաթուղու մոտ երկու կիլոմետր հատված է վնասված, Այրում կայարանից մինչեւ Սանահին կայարան 27 կիլոմետր հատվածի տարբեր տեղամասեր լուրջ վնասվել են․«Բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգման համար»։
Կարդացեք նաև
Միջպետական ճանապարհների հիմնական վնասը M4 եւ M6 ճանապարհներն են։Նախարարն ասաց, որ բավական խոշոր չափերով վնասված է M4 ճանապարհը՝ Դիլիջանից Իջեւան հատվածում։ M6 ճանապարհը 43 հատվածով է վնասված, որից 5-ն՝ ամբողջ ճանապարհը, ոչինչ չկա, 4-ը վերականգնվել է։
Նոյեմբերյանից Բագրատաշեն ճանապարհը աղետի օրն ամբողջությամբ ջրածածկ էր, մաքսակետը մեկ օր չի աշխատել, այս պահին, ըստ նախարարի, ջրի մակարդակը նվազել է, ճանապարհն անցանելի է, սակայն Վանաձորից Ալավերդի, Այրում ճանապարհը երթեւեկության համար փակ է։
Մոտ 20 կամուրջ վնասված է։ Սանոսյանի ներկայացմամբ՝ ամենախոշոր վնասները Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Շնողի եւ Խաշթառակի կամուրջներին է հասցվել․«7 բնակավայրի կապն Ալավերդու հետ կտրված է, այս բնակավայրեր մատակարարումն իրականացվում է լեռնային անտառապատ ճանապարհով»։
Բացի այս, վնասվել են ջրագծեր, պոմպակայաններ, ինչի հետեւանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել էին։ Ախթալայում, ինչպես Սանոսյանն ասաց, ջրամատակարարումն իրականացվում է ջրատար մեքենայով։
Ամբողջ Քարկոփ գյուղը ջրածածկ է, այն տարհանված է, փրկարար ծառայողները միայն երեկ են կարողացել աշխատել։
Վնասվել են այգիներ, շենք-շինություններ, վնասների մի մասն էլ դեռ տեսանելի չեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ