Այս պահին Հանրապետության հրապարակում գերլարված իրավիճակ է։
Ոստիկանությունն արդեն սկսել է անխնա բերման ենթարկել քաղաքացիներին։
Կարդացեք նաև
Զուգահեռ ճանապարհային ոստիկանությունը Հանրապետության հրապարակից հեռացնում է քաղաքացիների մեքենաները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում հազարավոր ոստիկաններ կան, քաղաքացիներն էլ իրենց մեքենաներով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Ոստիկանությունը ոչ միայն բերման է ենթարկում քաղաքացիներին, այլև Հանրապետության հրապարակից հեռացնում է նրանց մեքենաները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը փորձեց գերլարված վիճակում հանդարտեցնել ոստիկաններին, որոնք բիրտ ուժ էին կիրառում քաղաքացիների նկատմամբ․ «Ավելորդ տեղը հրահրումներ մի արեք, ինչո՞ւ եք փողոցը փակել։ Երթևեկելի մասն էլ եք փակել դուք»։
Ոստիկանությունը հայտարարեց՝ հարգելի քաղաքացիներ, հավաքն իրականացնում եք ոչ երթևեկելի մասում։
Բագրատ Սրբազանն ասաց՝ ոստիկանությունը թող նահանջի, գնա իր տեղը։
Ոստիկանները հարցրին՝ ո՞րն է իրենց պահանջը, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Կառավարությունն իրավունք չունի նիստ անել։ Մենք եկել ենք մեր անհնազանդությունն արտահայտենք, ոստիկանները թույլ չեն տալիս»։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց՝ քանի որ հավաքի՝ այնքան մասնակից չկա, որ ամբողջությամբ հրապարակը փակվի, ոստիկանությունը հորդորում է հավաքը իրականացնել երթևեկելի մասից դուրս։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ վրդովվեց․ «Ոստիկանները խանգարում են մեր՝ խաղաղ հավաքի իրականացումը։ Դուք էլ մեր պահանջը լսեք։ Ոստիկանները նաև փակում են ճանապարհներ, մեր համախոհները չեն կարողանում ներս մտնել Հանրապետության հրապարակ, հատուկ պահպանվող տարածք են տանում մեքենաներին՝ մեզ ազդանշանով սատարելու համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ