Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոմի» հետ չհնձել «ցորենը»

Մայիս 30,2024 12:00

«Սեւի» մեջ պետք է գտնել «սպիտակը» եւ հակառակը

Հայտնի աստվածաշնչյան առակ կա: Գիշերը, երբ բոլորը քնած են, գալիս է թշնամին եւ բարի սերմի կողքը թունավոր բույսի սերմ է ցանում: Տիրոջ ծառաներն առաջարկում են այդ որոմը միանգամից հնձել: Բայց Տերն ասում է. «Ոչ, միգուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք» (Մատթ. 13: 24-30):

Առակի մեկնությունները բազմաթիվ են ու բազմաշերտ: Հիմնականն, իհարկե, առնչվում է վախճանաբանությանը (էսխատոլոգիային). սպասենք, մինչեւ գա Ահեղ դատաստանը, եւ պարզ կդառնա, թե որն էր ցորենը (բարին, սպիտակը) եւ որը՝ որոմը (չարը, սեւը):

Բայց եթե հարցը դիտարկենք զուտ բարոյական, էթիկական հարթության մեջ, ապա կարելի է առաջ քաշել հետեւյալ վարկածը. պետք չէ շտապել եւ ոչնչացնել այն, ինչ ձեզ թունավոր է թվում: Շատ հնարավոր է՝ ձեզ թվա, թե ամբողջ դաշտը որոմով է պատված, բայց իրականում այնտեղ կարող են լինել առողջ սերմեր: Մանավանդ, որ զուտ արտաքուստ դրանք իրար բավականին նման են: (Բնականաբար, դա վերաբերում է նաեւ մեր ներսում, մեր հոգում «սեւի» եւ «սպիտակի» պայքարին):

Բաժանելու, տարբերակելու օգտին էր խոսում նաեւ 17-րդ դարի նիդերլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան իր «Աստվածաբանական-քաղաքական տրակտատում». «Նրանք, ովքեր առանց հասկանալու ընդունում են ամեն ինչ, որ գրված է Սուրբ Գրքում որպես Աստծո մասին համընդհանուր եւ բացարձակ ուսմունք, եւ չեն հետաքրքրվում, թե ինչն էր հարմարեցված ամբոխի նախասիրություններին, նրանք չեն կարող չշփոթել ամբոխի կարծիքները աստվածային ուսմունքի հետ»:

Այսինքն՝ նույնիսկ այն, ինչ գրված է Սուրբ գրքում, պետք է ընկալել՝ քննելով: Առավել եւս այդպիսին պետք է լինի բնական եւ հասարակական երեւույթների գնահատականը:

Այդ ամենը պետք է հաշվի առնել, երբ մարդիկ փորձում են «հնձել» այն, ինչ նրանց դուր չի գալիս՝ անկեղծորեն կարծելով կամ ձեւ անելով, թե դա «որոմ» են համարում:

Ի՞նչ է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Ենթադրենք, Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արեւմտյան հիմնադրամներից, կարող են աշխատել պետության դեմ: Արդյոք բացառվա՞ծ է, որ այդպիսի կազմակերպություններ կան: Իհարկե, ոչ: Արդյո՞ք պետք է խտրական վերաբերմունք դրսեւորել կամ, առավել եւս, ճնշել այդպիսի դրամաշնորհներ ստացող ԲՈԼՈՐ կազմակերպություններին: Միանշանակ՝ ոչ: Հետեւաբար, այդպիսի օրենք ընդունելը խիստ հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:

Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու այդ հակաժողովրդավարական օրենքի դեմ: Արդյոք այդ բողոքողների մեջ կա՞ն մարդիկ, որոնք հետապնդում են իրենց նեղ անձնական շահերը: Իհարկե, կան: Բայց այդ բողոքողների զգալի մասն իսկապես դեմ է, որ մարդկանց կպցնեն «օտարերկրյա գործակալի» պիտակը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ուրեմն, ասել, որ տեղի են ունենում «արեւմտամետ» ցույցեր ընդդեմ «ռուսամետ« իշխանության, չափից դուրս պարզունակ բացատրություն կլիներ:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ կա՞ն մարդիկ, որոնք հույս ունեն Ռուսաստանի միջոցով ստանալ իշխանություն կամ հասնել ինչ որ այլ «նյութական» բարիքի: Անշուշտ, կան: Բայց բողոքողների մեծամասնությունը, վստահ եմ, անկեղծորեն մտահոգված է նրանով, որ Փաշինյանն իրականացնում է, ըստ էության, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը: Բոլորին «հնձել» որպես «Ռուսաստանի գործակալներ»՝ դա իշխանության քարոզչություն է:

Ավելին ասեմ՝ Փաշինյանի կողմնակիցների թվում ոչ միայն մարդիկ են, որոնք աշխատավարձ են ստանում պետական կառույցներից եւ արեւմտյան հիմնադրամներից, այլեւ անկեղծ մոլորյալները, որոնց, օրինակ, իշխանությունը համոզել է, թե մշտական զիջումների այլընտրանքը պատերազմն է:

…Այնպես որ պետք չէ բոլոր «դաշտերին» նայել որպես «որոմ» կամ որպես «ցորեն»: Պրիմիտիվ, «քառակուսի» ուղեղների համար այդ պատկերը հարմար է, բայց դա, բարեբախտաբար, այդպես չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի օրինակը տեղին չէր։ Ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունն ավելի թանկ չեն պետության ու ժողովրդի անվտանգությունից։ Մենք էլ պետք է նման օրենք ունենայինք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031