Մուրճը կարող է օգտակար գործիք լինել, երբ մարդիկ մեխ են խփում կամ, օրինակ, քանդակ են կերտում: Բայց, երբ մուրճը հայտնվում է հանրահավաքում՝ որպես որոշակի քաղաքական գործելակերպի խորհրդանիշ, դա նշանակում է միայն մի բան. երկրի քաղաքացիները բաժանվում են երկու մասի՝ նրանք, ովքեր խփում են մարդկանց գլխին (թող լինի փոխաբերական իմաստով), եւ նրանք, ում գլխին պետք է խփել:
Ինչ բնութագիր ուզում եք՝ տվեք այդ երկու տեսակներին: Մի կողմից՝ «նախկիններ», «թալանչիներ», «Ռուսաստանի գործակալներ», մյուս կողմից՝ «ժողովուրդ», «հպարտ քաղաքացիներ»: Կարեւորը անունները չեն, կարեւորը գործառույթներն են. «մերոնք»՝ նրանք են (այդ թվում տարբեր «բերետները»), ովքեր զինված են մուրճով, «պողպատե մանդատով», եւ «նրանք», ում դեմ այդ մուրճը պետք է կիրառվի:
2021 թվականին առնվազն 680 հազար մարդու համար 100 անգամ ավելի հետաքրքիր էր այդ՝ «գլխին զարկելու» գործընթացը, քան փորձանքի մեջ հայտնված 150 հազար հայրենակիցների ճակատագիրը:
Հունարեն «diabolos» բառը բաղկացած է երկու մասից. «dia», այսինքն՝ «մեջով», «մեջտեղով», որն այս համատեքստում ունի բաժանելու իմաստը, «ballain»` գցել, շպրտել (այստեղից՝ «բալիստիկա» բառը):
Կարդացեք նաև
Ի՞նչը կարող է հաղթահարել այդ բաժանումը: Բնականաբար, խաչը՝ որպես սիրո խորհրդանիշ: Արդյո՞ք պատմության ընթացքում խաչը միշտ այդ դերն է կատարել: Իհարկե՝ ոչ: Խաչով էլ են մարդկանց գլխին խփել (ուղիղ եւ փոխաբերական իմաստով): Ավելին՝ այսօր ռուս ուղղափառ եկեղեցին, պատրիարք Կիրիլի ղեկավարությամբ, օգտագործում է խաչը՝ իր երկրի սանձազերծած հանցավոր պատերազմն արդարացնելու համար:
Բայց խաչի իրական գործառույթը սերն է, որը, հիշեցնեմ, ոչ թե զգացմունք է, այլ մարդու ձգտումն է «ամբողջական» (արժանապատիվ, integrative) լինելու, նախ՝ իր մեջ, հետո՝ աշխարհի հետ: Դա ներքին վստահությունն է, խաղաղությունը:
Փաշինյանն ուզում է «խաղաղության դարաշրջան» բացել՝ երկրի ներսում պառակտում եւ փոխադարձ ատելություն հրահրելով: Այդպես մենք ոչ մի խաղաղության չենք հասնի: Բայց այլ կերպ Փաշինյանը չի կարող՝ նրա ամբողջ իշխանությունը հիմնված է երկպառակությունների վրա: Նա, մասնավորապես, երբեք չի փորձի հարթել հարաբերությունները եկեղեցու հետ: Ընդհակառակը՝ սրելու է, «վրա է քշելու»:
Դրա պատասխանը պետք է լինի «ասիմետրիկ»՝ հայ ժողովրդի, Հայաստանի բոլոր քաղաքացիների (այդ թվում՝ Փաշինյանի կողմնակիցների) «հավաքական ուժը» մեկտեղելով: Արդյոք ա՞յս շարժումը, թե՞ մեկ ուրիշը կկարողանա առողջացնել հասարակական մթնոլորտը՝ առայժմ պարզ չէ, բայց ելքը դա՛ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե երկրի ղեկավարը ընդամենը իշխանատենչ ու աթոռասեր մի թերուս է լինում և չի ունենում ազգային իղձեր, ապա նա իր հեշտ կառավարման համար պառակտում է հասարակությանը, կիրառելով “բաժանիր, որ տիրես” գործիքակազմը։ Այդպիսի ղեկավարը հեշտությամբ մսխում է երկրի բյուջեն իր և իր մերձավորների եկամուտներն ավելացնելով – ստեղծելով յուրայինների թայֆա։ Երկրի պաշտպանության ծախսերն ավելացնելու փոխարեն, նա առատաձեռն վարձատրում է ոստիկաններին – իր իշխանությունը բիրտ ուժի միջոցով պահպանելու համար։ Պարզ է, որ դրանից պետությունը միայն կորուստներ կունենա, ինչն էլ մենք անընդհատ ունենում ենք վերջին տարիներին։
Դրան հակառակ – իսկական ազգային առաջնորդը համախմբում է հասարակության բոլոր շերտերին, համերաշխության մթնոլորտ է ստեղծում և ժողովրդի հավաքական ուժի օգնությամբ փորձում է դիմագրավել արտաքին մարտահրավերները։
Կարծում եմ, որ այս ամենը պարզ է բոլորիս, բայց միգուցե մեզ դեռևս խանգարում է տարբեր “արդարացումներով” փրկության այս շարժմանը չմիացող մեր հայրենակիցների ծուլությունը կամ եսակենտրոնությունը։ Հավանաբար հասարակության այս ստվար շերտի վարքագծի փոփոխությունից է առաջիկայում կախված լինելու Սրբազան պայքարի հաջողությունները։
Մինչեւ այն ատեն որ կացութիւնը, գոնէ որոշ չափով, կայուն չդառնայ, անհնար է * առողջացնել հասարակական մթնոլորտը * :
Ամէն մի կողմին համար, միւս կողմը երկիրը տանում է դէպի լրիւ կործանում: Ինչպէ՞ս կարելի է որ չլինի փոխադարձ ատելութիւն, բացարձակ անհանդուրժողութիւն:
Սրբազանի համահայկական Շարժումին տեսանկիւնէն – որու հետ համաձայն է ստորագրեալը, եւ դժուար է որ համաձայն չլինի ոեւէ անձնապէս անշահագրգիռ եւ մի քիչ խելքը գլխին հայ – , այդ ընթացիկ, շարունակական անկումը՝ Անդունդին մէջ, փաստացի՛ է, եւ առօրեայ: Ամէն օր, յստակօրէն վատթարանում է վիճակը: Ինչպէ՞ս կարելի է ներքին հակառակ կողմը չհամարել նոյնքան – եթէ ոչ աւելի վտանգաւոր, վնասակար եւ վնասաբեր – քան՝ արտաքին որեւէ թշնամի:
Մարդ արարածը արդէն ընդհանրապէս չի կրնար հասնիլ Յիսուսի մակարդակին (մեղա Տէր), ալ ուր մնաց, այսպիսի կացութեան մը մէջ:
Գոնէ այս պահէն սկսեալ, գալիք, յառաջիկայ – ստոյգ ու անխուսափելի – աղէտների գլխաւոր ու հիմնական պատասխանատուները, յանցաւորները, Փաշինյանէն առաջ իսկ, այպէս կոչուած «ուժայիններն» են: Եւ բանակի վերին սպայակազմը:
Խօսքը այն մասին չէ, որ պէտք է մէկդի քաղուիլ, եւ թոյլ տալ որ իշխանաւորները lynching-ի ենթարկուին հրապարակի վրայ:
Եթէ ուժայինները եւ բանակի ղեկավարները, ոչ հանրային կերպով անշուշտ, յայտնեն վարչակարգին որ, այս բացառիկ ու արտասովոր պայմաններուն մէջ, այլեւս անհնար է որ իրենք կարողանան մնալ չէզոք, եւ շարունակել մեքենաբար կատարել իրենց գործը, արդէն կողմերը կրնան միասին նստիլ, եւ համաձայնիլ որ տեղի ունենայ իշխանափոխութիւն, առանց վայրագութեան:
Եթէ ուժայիններն ու բանակը այդպէս յայտնէ՝ Փաշինյանին, ի՞նչ կրնայ ընել ինք: Բացի բանակցելէ իր անվտանգ մեկնումը քաղաքական դաշտից:
Իսկ որպէսզի այդպէս անեն, ուժայիններն ու բանակը պէտք է որ պարզապէս գիտակցին թէ ի՞նչ է իրենց գերագոյն, վեհագոյն, էական առաքելութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան
Իշխանությունը հենց նրա համար է,որ խփի մարդկանց գլխներին,և դուք իրավացի եք այն մասով,որ պետք է խփի այն քաղաքացիների գլխին,որոնք ուզում են իրենց համար արտոնյալ պայմաններ,այլ ոչ թե բոլորի հավասարապես։