Վարչական դատարանն այսօր քննեց «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների հայցադիմումը՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները ոչ իրավազոր ճանաչելու մասին:
Ըստ հայցվոր կողմի՝ Երեւանի ՏԻՄ օրենքներով սահմանված կանոնակարգի համաձայն՝ քաղաքապետի լիազորությունների ստանձնմանը պետք է մասնակցեն որոշակի թվով ավագանու անդամներ, իսկ տվյալ դեպքում չեն մասնակցել: Ըստ հայցվոր կողմի՝ արձանագրությունից պարզ չէ, թե քանի անդամ է մասնակցել, բայց երեւում է, որ մասնակցել է միայն մեկ անդամ ու Տիգրան Ավինյանը:
Հայցվոր կողմը նաեւ նկատեց, որ Ավինյանին նախորդած ՔՊ-ական երեք քաղաքապետերի ժամանակ եղել է իրավազոր նիստ, որի վերաբերյալ տեսագրությունների հղումները ներկայացված են. «Այնտեղ ասվում է, որ նիստն իրավազոր է, մասնակցում են այսքան անդամ, հետո նոր քաղաքապետը ստանձնում է իր լիազորությունները: Իսկ Ավինյանի ժամանակ իրավազոր նիստ չի եղել, այս անգամ վարչական մարմինը պետք է հիմնավորի, ինչու են որոշել անել առանց իրավազորության, այդ հիմնավորումը չկա»:
«Մայր Հայաստանից» ավագանու անդամ Սամվել Հակոբյանն էլ նկատեց, որ կա երեք փուլ, որի արդյունքում Երեւանն ունենում է քաղաքապետ, առաջին՝ սկզբում լինում են ընտրություններ, դրանից հետո օրենքի ուժով սահմանված նիստի ժամանակ ընտրվում է քաղաքապետ, դրանից հետո եւս օրենքի ուժով ահմանված նիստի ժամանակ քաղաքապետը ստանձնում է իր լիազորությունները. «Եթե պաշտոնյան այդ երեք փուլերով չի անցնում, ինքը լիարժեք քաղաքապետ չէ: Վերջին երկու քաղաքապետերը եղել են ՔՊ ներկայացրած քաղաքապետեր, նրանց օրոք տարիքով ավագ անդամը նիստը բացելուց ողջունել է, հայտնել՝ քանի անդամ կա, ու նիստը իրավազոր է ճանաչվել: Ավինյանի դեպքում երեւանցիները խաբվել են, քաղաքապետը օրենքին հակառակ կերպով է ստանձնել իր լիազորությունները»:
Կարդացեք նաև
Դատարանը հետաքրքրվեց Հակոբյանից՝ ինքը մասնակցե՞լ է վիճարկվող նիստին, ի պատասխան Հակոբյանն ասաց՝ արձանագրության մեջ գրանցված չէ, թե ով է մասնակցել, բայց 33 ավագանու անդամներ, որոնք ընդդիմադիր երեք խմբակցության ներկայացուցիչներ են, չեն մասնացել:
Հետո դատարանը հետաքրքրվեց Հակոբյանից՝ ձեր ո՞ր իրավունքն է խախտվել, դատարանին շտկեցին՝ չմասնակցելով՝ իրացրել է իր իրավունքը. «Չմասնակցելը ինքնանպատակ չի եղել, չմասնակցելով փորձել է հասնել արդյունքի, որ ավագնու նիստը լիներ ոչ իրավազոր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ