Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեյդարի որդի, Իլհա′մ, պատասխանը մեզնից ես ստանալու»․ Բագրատ սրբազան

Մայիս 29,2024 21:53

 «Ադրբեջանում և Թուրքիայի խիստ մտահոգ են սրբազան պայքարի աստիճանական աճով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ պարբերաբար ադրբեջանական և թուրքական կողմերից սպառնալիքներ են հնչում, նույնիսկ կոչեր՝ զորք մտցնել Հայաստան․ «Սա լուրջ վերլուծության տեղիք պիտի տա մեզ։ Մայիսի 28-ին տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն՝ նախ հավանաբար տեսնելով, որ սրբազան պայքարը չի ստացվում կանգնեցնել, մարտի մեջ է մտել անձամբ նախագահ Ալիևը։ Նա ասել է՝ մենք նաև հետևում ենք ՀՀ-ում ընթացող վերջին իրադարձություններին, այդ պատճառով մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք։ Մեզ անհրաժեշտ է է՛լ ավելի ուժեղացնել մեր բանակը»։

Բագրատ Սրբազանը փաստեց՝ ոչ մի արձագանք չկա այս հայտարարությանը հայկական կողմից ու նշեց․ «Մենք մի բառ չասած՝ ոհմակով հարձակվում են, բայց այնտեղից ինչ ասես ասում են՝ բացարձակ արձագանք չկա։ Սրա մասին թող մտածեն։ Հավանաբար դա էլ նաև այն պատճառով է, որ վաղուց Թուրքիայում անհանգստությամբ հետևում են, թե մեր պայքարն ինչ զարգացում կստանա, հասկանում են, որ շարժման հաղթանակը փակելու է իրենց համար բացված այս հարմար հնարավորությունների պատուհանը, երբ կարող են ՀՀ-ից խլել ամեն բան՝ մեզ դարձնելով իրենցից կախյալ։

Իրենց անհանգստությունը հասել է այն աստիճանի, որ Ալիևը ստիպված իր դեմքով է սպառնում մեզ՝ ասում են՝ զորք կմտցնենք, իսկ Թուրքիայի նախագահն ԱԽ նիստ է անցկացնում, որի գլխավոր թեմաներից մեկը ՀՀ-ն է։ Անդադար ինքնիշխանությունից խոսողները նույնիսկ մեկ բառ չեն ասել՝ ի պատասխան այս ուղիղ միջամտության մեր երկրի ներքին գործերին։ Մեր թշնամիները դեմ են մեր պայքարին և ուրախանում են ոստիկանության կողմից գործադրված բռնությամբ։ Սա արդեն բավարար է հասկանալու, որ այս շարժումը բերելու է ՀՀ-ի հզորացմանը՝ ի հեճուկս մեր թշնամիների։ Հեյդարի որդի, Իլհա′մ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները ՀՀ-ում են, բայց նրանք ՀՀ-ի ու հայ ժողովրդի հետ կապ չունեն, նրանք քո դրածոներն են, քո գերիները, պատասխանը մեզնից ես ստանալու, այստեղից»։

Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ բեկելու են պատմության ընթացքը, ոչ թե մեկին հանելու, մյուսին չհանելու հարց է․ «Ձեր սրտերում դա զգացեք, տեխնոլոգիա և այլն մոռացեք, հասկացեք, որ յուրաքանչյուրդ պատմություն փոխող իրադարձության մեջ եք գտնվում, կրողն եք, մասնակիցն եք։ 20 տարի հետո ձեր երեխաները, թոռներն ասելու են՝ փողոցում ինչ-որ բան էին անում, բայց ասացին՝ սրան չեմ սիրում, նա այսպես արեց, էն սրբազանն էլ եկավ, ասաց՝ սառեցնում եմ, տաքացնում եմ, թողեցին, գնացին տներով։ 20 տարի հետո ձեզ նայեք, մենք կարող ենք այսօր պատմություն փոխել, սրա մասին մտածեք, սա՛ է պետք մեզ։ Ուրիշ արժեք չկա։ Հստակ մտածեք դրա մասին։ Մեզ կամք, ջանք, համբերություն, կարգապահություն ու վստահություն է պետք։ Այս ամբողջը պատմություն բեկելու մասին է»։

Բագրատ սրբազանն իր ելույթի ավարտին ասաց՝ պայքարը մի աստիճան ավելի է լինելու վաղը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031