Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

Մայիս 29,2024 21:48

Մայիսի  28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը համապարփակ տեղեկություններ փոխանցեց խորհրդաժողովի կատարած աշխատանքների մասին։

Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց խորհրդաժողովի աշխատանքները՝ ի խնդիր հայրենիքի և ազգի զավակների իրավունքների պաշտպանության։ Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց հայրենիքի առջև ծառացած առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությանը։ Հատկապես կարևորվեց Հայաստան-Սփյուռք կապերի սերտացումը և համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման և ապահով կյանքի կերտման։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի արդար իրավունքների բարձրաձայնման ու հետապնդման և հայրենանվեր ու ազգօգուտ այլ իրագործումների համար։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին և միջեկեղեցական հարաբերություններին։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031