Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավով եմ ասում՝ իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց՝ որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր»․ Բագրատ Սրբազան

Մայիս 29,2024 21:34

«Շատ հաստատուն ու շատ նպատակադրված մենք առաջ ենք գնում․ նյարդերի դաժան պայքար է։ Մարդիկ չեն ուզում հանձնվել, բայց ո՞վ է հարցնում իրենց հանձնվելու մասին»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա արձանագրեց, որ վեց տարվա մեջ առաջին անգամ ժողովուրդը մեծ հաղթանակ տարավ՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսված ժամին Սարդարապատ չգնաց․ «Երեկ չէ առաջին օրը ես ելույթ եմ ունեցել գիշերը այն ամբիոնից, որը տեղադրված էր բոլոր տեխնիկաներով հանդերձ՝ ուղիղ եթերի տրամադրությամբ, տեղադրված էր մեկ մարդու համար՝ բեմով, ամբիոնով և մնացած բաներով։ Մենք ուխտագնացության ենք գնացել, և այդ ամբիոնից եմ դիմել ես մեր ժողովրդին, նույնը՝ առավոտյան։ Առավոտ 09։30 պետական արարողակարգ պիտի տեղի ունենար, չեն կարող ասել՝ ոչ, քանի որ պատգամավորներն այսօր հրապարակել են այն հրավերը, որ ժամը 08։30 հրավիրված են Սարդարապատ։ Գիշերը մինչև 04։00-04։30 մի տասն ավտոբուս հանրակառք մեքենաներ Սարդարապատի հուշահամալիրի ներքևի հատվածում սպասում էին հրամանների։ Այդ ընթացքում մեր ոստիկանները գիշերվա ընթացքում երկու-երեք անգամ համազգեստ են փոխել՝ գալու է, չի գալու, վերջը որոշվել է մոխրագույն հագնել։ Մենք իրենց մոխրագույնով ենք տեսել։ Վեց տարվա մեջ առաջին անգամ դուք ասացիք՝ ոչ, մուտք չեք գործելու։

Ոչ մեկ ոչ արգելափակել է, ոչ մի բան, ուղղակի այնտեղ ենք եղել, մարդիկ վախեցել են։ Մենք ի՞նչ կարող ենք անել, վախ բռնող կա, ես էլ խնդրել եմ Վեհափառին իմ գործունեությունը դադարեցնել, ուղղակի իրավասություն չունեմ դիվահալածություն անելու, հետևաբար գոնե ուրիշ տեղ կարելի է գնալ։ Չեկան, հետո որոշեցին գալ, բայց մինչ գալը նորից առաջին անգամ հայոց պետականության պատմության մեջ՝ հատկապես վերջին 30 տարիների ընթացքում, երբ եկեղեցին կարծում էր՝ ազատորեն գործում է, փորձ արվեց արգելափակելու Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապետի հուշահամալիր, այն հուշահամալիր, որը մեր ժողովրդին պարգևել է Ամենայն հայոց կաթողիկոսությունը՝ ի դեմս Գևորգ 5-րդ Հայրապետի։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը պարզապես բոլորս ցանկանում ենք, որ վատ երազ լինի»։

Անդրադառնալով ՆԳՆ շենքի մոտ կատարված գործողություններին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Ասացի, որ պիտի գնամ ՆԳ նախարար Վազե Ղազարյանից պատասխան պահանջելու երկու-երեք օրվա վայրագությունների և Վեհափառի ճանապարհը փակելու համար, հասկանալու՝ ի՞նքն է հրաման տվողը, թե՝ իրեն են հրաման տալիս։ 6,5-7 ժամ փոքրով, մեծով առավոտվա իննից այնտեղ ենք գտնվել, ցավում եմ ասելու՝ իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց՝ որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես բարոյական արժեք։ Ես իր փոխարեն հրաժարական կգրեի, կգնայի, որովհետև մեզ մոտ գյուղերում առասպելներ են հյուսում, ասում են՝ Վահեն սա է անում, նա է անում, եկել է տուն, գանգատվում է, ես էլ հավատացել եմ։ Միասին ենք եղել, չեմ ուրանա, Տավուշում ծառայության ժամանակ միասին ծառայել ենք․ ինքը եղել է վարչության պետը, ես էլ թեմի առաջնորդը, տեսել եմ վարքագիծը վերաբերմունքը, միասին հաց ու աղ ենք բաժանել։ Եվ ասել եմ, եթե գանգատ ունի, թող հեռանա, ասել են՝ ընկերն է։ Պետությունն ընկերությա՞մբ են կառուցում։ Պետության մեջ ի՞նչ կապ ունի ընկերությունը։ Ժամը 14։00-ին պետք է լիներ խորհրդարանում, չի եղել, քանի որ շենքից չի կարողացել դուրս գալ։ Ես իրենց ասել եմ՝ ուժով եք ուզում վախեցնել, ուժով կստանաք։ Իմ հանդարտությանը մի նայեք։ Մենք պահանջել էինք, որ իջնի։ Առաջարկել են ուրիշ ժամի, ուրիշ տեղ հանդիպել, ասել եմ՝ ոչ։ Եվ չենք թողել, որ դուրս գա և գնա հաշվետվություն հայտնի։ Ի՞նչ հաշվետվություն հայտնի, թե ոնց են մարդկանց ծեծե՞լ, թե էն հաշվետվությունը, ասել եք՝ անջատում հանուն փրկության հայեցակարգ պիտի անեք և հետո հակառակն եք արել։ Եվ չկարողացավ գնալ»։

Բագրատ սրբազանը քաղաքացիներին հորդորեց անուն առ անուն հրապարակել բանդայի այն անդամների նկարները, որոնք հարձակվել են ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա․ «Գտեք նրանց լուսանկարները, անունները, նույնիսկ հասցեները և հրապարակեք։ Նույնը նրանց, որոնք փորձել էին փակել Վեհափառի ճանապարհը։ Նրանք պետք է հանրային հետապնդման և պարսավանքի արժանանան։ Կարեն Հակոբյան կա փոխոստիկանապետ՝ այդ մարդու նկարն էլ, երեկ Վեհափառին խոչընդոտելու կարգադրություններ անողն այդ մարդն է եղել, ինչպես Կիրանցում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշը հանուն հայրենիքի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031