Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան։ Դրանք գալիս են մի քանի տարբեր երկրներից»․ Քրիստինե Գրիգորյան

Մայիս 29,2024 19:55

«ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան։ Դրանք գալիս են մի քանի տարբեր երկրներից»,- լրագրողների հարցերին ի պատասխան ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավար Քրիստինե Գրիգորյանը։

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ինքը ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտի, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը և հետաքրքրվեցին՝ որո՞նք են այդ երկրները, Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց այս առիթով մեկնաբանություն անել։

Հարցին՝ իսկ ի՞նչ է արվում այդ տեղեկությունները չեզոքացնելու համար, նա պատասխանեց․ «Այդ տեղեկությունները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։ Ես իրավասու եմ խոսելու՝ որպես այդ բարեփոխումների մեկ բաղադրիչի՝ արտաքին հետախուզության ծառայության պատասխանատու։ Մեր հետախուզական տեղեկություններն ու վերլուծություններն ուղղված են ապահովելու, որ քաղաքականությունը և քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»։

Հարցին՝ կա՞ն ՀՀ-ում ուժեր, որոնք օժանդակում են այդ երկրներին, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Բոլոր ժամանակակից երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերներն ունեն և′ ներքին, և′ արտաքին դերակատարներ, և ՀՀ-ն բացառություն չէ։ Իրավապահները, կարծում եմ, բացահայտումներ անում են, և դրա մասին են վկայում այն քրեական գործերը, որոնք ընթանում են։ Ավելի մանրամասն իմ լիազորությունների մեջ չէ»։

Հստակեցմանը՝ ՌԴ-ից ՀՀ-ին սպառնացող վտանգ կա՞, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից»։ Լրագրողները խնդրեցին՝ գուցե թվարկեք, նա պատասխանեց․ «Ես մոտեցումս չեմ փոխել»։ Հարցին՝ գոնե ինչ-որ մի փուլում հանրությունը կիմանա՞, նա պատասխանեց․ «Վստահ եմ, որ կիմանա»։ Հարցին՝ վստա՞հ եք, որ կկարողանաք չեզոքացնել այդ վտանգները, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Անում ենք ամեն բան, ինչ մեր ձեռքերում է, նույնիսկ անհնարինը, որ կարողանանք մեր գործառույթը լավ իրականացնել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման վտանգ կա՞, նա պատասխանեց․ «Ռազմական հարձակման վտանգները միշտ կան, և քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել Ադրբեջանի հետ, ինչպես որ հարկն է, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց նաև չպետք է դա գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ ձևով յուրաքանչյուր օր, օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերը և տեղեկացնում վարչապետին, թե ինչ ռիսկեր ենք մենք տեսնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031