«Հիմա ո՞վ տվեց հրաման, ի՞նչ հիմնավորմամբ 60-ից ավելի բորենիները՝ կարմիր բերետները, հայտնվեցին կուսակցության (ՀՅԴ) գրասենյակի առաջ: Ո՞վ տվեց հրաման, ի՞նչ հրաման տվեց եւ ի՞նչ հիմնավորմամբ նրանք սկսեցին բռնություն գործադրել ԱԺ պատգամավորի նկատմամբ մայիսի 27-ին եւ փակել Վեհափառի ճանապարհը մայիսի 28-ին: Թե՞ այդ ստորաբաժանումները գործում են ինքնուրույն, առանց որեւէ մեկի հրամանի»,-խորհրդարանում, ՆԳՆ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Արփինե Սարգսյանը պատասխանեց՝ օրենքում կանոնակարգված են գործառույթները։
Միջամտեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին ասելով՝ «ձեր բառապաշարին հետեւեք»։
«Ես լավ գիտեմ՝ ինչ եմ ասում, դուք չպետք է սահմանեք իմ բառապաշարը»,-պատասխանեց Արմենուհի Կյուրեղյանը՝ պնդելով՝ հստակ ասել՝ ո՞վ է հրամանը տվել։ Այս երկխոսությունն ուղեկցվում էր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռվով։
Կարդացեք նաև
Օգնության հասավ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, որ հստակ պատասխան է տրվել ու անցավ Գեղամ Մանուկյանի հարցին։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ Վահե Ղազարյանը համարձակություն չի ունեցել ՆԳՆ-ի մոտ հավաքված հարյուրավոր մարդկանց մոտով դուրս գալ եւ գալ ԱԺ, վախեցել է Բագրատ սրբազանի հետ հանդիպել։
Հիշեցնենք, այսօր առավոտից, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, շրջափակել էին ՆԳՆ շենքը՝ Վահե Ղազարյանից պատասխաններ ստանալու ակնկալիքով՝ ցույցերի ընթացքում ոստիկանների բիրտ գործողությունների, ինչպես նաեւ Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու համար։
Գեղամ Մանուկյանը համաձայնեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի հետ՝ ՆԳՆ համակարգում հարյուրավոր փրկարարներ կան, որոնք արդար ծառայություն են իրականացնում, մանավանդ այս օրերին՝ Լոռիում՝ աղետի գոտում, արձանագրելով, որ միաժամանակ, մայիսի 27-ին, աղետի հաջորդ օրը, ԱԺ դարպասների մոտ տեսել է Լոռու մարզային ոստիկանության պետին՝ գնդապետ Զաքարյանին՝ «կողքը շարված՝ Լոռու ոստիկանության տասնյակ ծառայողներ, որոնք բերվել էին ԱԺ շենքը պաշտպանելու, երբ Լոռիում աղետ էր»։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը շնորհակալության հայտնեց ոստիկաններին՝ այս օրերին հանրային անվտանգության ապահովման գործառույթը լիարժեք իրականացնելու եւ «տարատեսակ խուլիգանախմբերին» զսպելու համար։ Նրա ելույթը՝ «ռուս պրոպագանդիստական շրջանակները խոսում են այն մասին, որ Հայաստան են ուղղարկվել հարյուրավոր միլիոններ, գումարն էլի գրպանել են․․․», զայրացրեց Գեղամ Մանուկյանին․ նա լքեց դահլիճը։
Ապա Անդրանիկ Քոչարյանը կրկին միջամտեց՝ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցնելով՝ «Մոսկվայից վերջը եկան աջակիցները, տեղ հասա՞ն»։ «Ճամփին են»,- եղավ պատասխանը։ «Ճամփին են․․․ Դոն Պիպո․․․»,- ձեռքերը վեր պարզելով արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ