Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսի, տես քեզ ինչ եմ ասում՝ ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխան տամ, ու մի հրահրեք ինձ, ճանապարհ տվեք ինձ անցնեմ»․ Էդվարդ Ասրյանը՝ լրագրողին

Մայիս 29,2024 18:45

«Ծառայությունն իրականացնում են սահմանապահ զորքերը։ ՀՀ զինված ուժերն իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները»,-հարցին՝ Կիրանցի հատվածում կանոնավոր բանակը դուրս եկե՞լ է և սահմանապահներ տեղակայվե՞լ են, ՀՀ Աժ-ում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հստակեցմանը՝ այն հատվածներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, այդտեղ ՀՀ Զինված ուժերը դիրքեր չե՞ն ունեցել, Էդվարդ Ասրյանն այսպես արձագանքեց․ «Դուք արդեն ինձ ստիպում եք, որ ես ասեմ, որ դուք մի ուղղեք այդ հարցերն ինձ»։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը լրագրողներին զգուշացրեց՝ «ինձ հետ բարձրաձայն խոսող չլինի»։ Լրագրողներից մեկը կրկին պնդեց՝ այն տարածքնեը, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդտեղ ՀՀ-ն դիրքեր ունեցե՞լ է, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, զինված ուժերին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ։ Իսկ ինչ վերաբերում է դիրքերին, դուք մարտավարական օղակի մասով ինձ հարց եք ուղղում․․․Մենք մեր սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած ենք և կատարում ենք մեր առաջ դրված խնդիրները»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բանակը հետ եկե՞լ է, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր օպերատիվ, օպերացիոն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ զինված ուժերի խնդիրների իրականացման համար։ Սահմանապահ զորքերն այդ հատվածում իրենց առաջ դրված խնդիրները կատարում են»։

Հստակեցմանը՝ բանակն այլևս այդտե՞ղ չէ՝ Կիրանցի հատվածում, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանեց․ «Բանակն այնտեղ է, բանակը չի կարող ոչ մի տեղից դուրս գալ, որովհետև սահմանապահ զորքերը, որտեղ իրականացնում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ մենք պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն»։ Հարցին՝ այսինքն՝ այդ հատվածներում միայն սահմանապահ զորքե՞րն են, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Ոչ։ Սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղությամբ Զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրները կատարել»։

Հող հանձնելու հետ կապված հարցերից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը վրդովվեց՝ ասելով՝ ինձ նման հարցադրում մի կատարեք։ Հարցին՝ դուք վստա՞հ եք, որ այն տարածքները, որոնք հանձնվեցին Ադրբեջանին, ՀՀ դե յուրե տարածքներից չէին, նա պատասխանեց՝ այո, վստահ եմ․ «Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որն արտացոլված է մեր քարտեզների վրա»։ Հակադարձմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս էին այնտեղ բնակվողներին տրվել սեփականության վկայականներ, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Դա մեր գործառույթը չէ։ Ես պնդում եմ, որ այնտեղ կա սահման, որտեղ որոշվում են հանրապետության, տվյալ երկրի սահմանները։ Ես ունեմ քարտեզներ, որոնք կոչվում են աշխարհագրական քարտեզներ։ Դրանց վրա արտացոլվում է սահմանը, իսկ թե այդ սահմանից ներս, դուրս քաղաքացիական անձը, կամ իրավաբանական կառույցը ունի համապատասխան հողամաս, տուն, կառույց, դա ԶՈՒ գործունեությունը չէ»։

Լրագրողները հիշեցրին՝ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն և հարցրին՝ ե՞րբ են հետ քաշվելու, նա, դիմելով լրագրողներին, ասաց․ «Երբ դուք ուսումնասիրեք զինվորական գործունեությունը՝ շրջափակում, շրջափակումից դուրս գալ և այլն, այն ժամանակ հարցը կուղղեք ինձ»։

Լրագրողներից մեկն էլ ասաց՝ հո մենք մասնագետներ, փորձագետնե՞ր չենք, դուք եք նման հայտարարություն արել, ձեզ էլ հարցնում ենք՝ Ջերմուկից ինչո՞ւ հետ չեն քաշվել։ Էդվարդ Ասրյանը, դիմելով հարցը տված լրագրողին, ասաց․ «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքին կանգնեք, ու միասին կգնանք»։ Լրագրողն ասաց՝ այսինքն, եթե ես չգամ, հարցը չի լուծվի՞, իմ պարտականությունների մեջ չի, այդ դուք եք ասել, որ դուրս են գալու, ես էլ հարցնում եմ՝ ե՞րբ պետք է դուրս գան: Էդվարդ Ասրյանը, հաթաթա տալով լրագրողին, ասաց․ «Լսի, տես քեզ ինչ եմ ասում՝ ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխան տամ, ու մի հրահրեք ինձ, ճանապարհ տվեք ինձ անցնեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031