ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, որը ներկա չէր հանձնաժողովում։ Նրա փոխարեն ԱԺ էր եկել տեղակալը՝ Արփինե Սարգսյանը։
Պատգամավորը Վահե Ղազարյանին կոչ արեց հրաժարական տալ, ասաց՝ արձագանք չեմ ակնկալում, երբ մենակ մնաք, մտածեք եւ որոշում կայացրեք։
«Պարո՛ն նախարար, Ոստիկանության զինանշանի վրա գրված է՝ «Ծառայում ենք օրենքին և ժողովրդին», Ձեր ղեկավարած համակարգն այսօր ո՛չ օրենքին է ծառայում, ոչ՝ ժողովրդին։ Երկու տարբերակ՝ կամ փոխեք զինանշանն ու գրեք՝ ծառայում եք մի մարդու, կամ վերադարձե՛ք Ձեր կոչմանը։
Կարդացեք նաև
Այն, ինչ Ձեր ենթականերն արեցին մայիսի 27-ին Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի, մայիսի 28-ին Վեհափառ Հայրապետի հանդեպ՝ հանցագործություն է։ Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարո՛ն Ղազարյան։ Հրաժարվե՛ք հակապետական վարքագծից։ Դուք այսօր պետությանը չեք ծառայում։ Ափսոս եք։
Պարոն գեներալ, 2020 թվականի պատերազմից հետո ես երկու գեներալի, ովքեր նույնպես ծառայել էին Փաշինյանի ռեժիմին, խորհուրդ տվեցի դիմում գրել, հրաժարական տալ։ Նրանք լսեցին, հիմա ազատ ապրում են։ Նույն խորհուրդը ձեզ՝ հրաժարական տվեք։ Արձագանք չեմ ակնկալում, երբ մենակ մնաք, մտածեք եւ որոշում կայացրեք»,-ասաց Վարդանյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց․«Ես կարծում եմ՝ ուշադիր կլսի եւ կհավաստիացնի, թե ինչ քայլեր է անում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ