Միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների կատարած հետազոտություններն ու հրապարակումները Ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ փաստում են մարդկության պատմության ամենամութ էջերը: Զորյան ինստիտուտը՝ Հայոց ցեղասպանության փաստը վավերացնելու իր ձգտումներում, բազմիցս համագործակցել է տարբեր ազգությունների գիտնականների հետ, հանձնարարել նրանց ուսումնասիրել տարբեր երկրիների արխիվներ եւ կատարել հետազոտություններ, որոնք եւ հրատարակվել են գիտական պարբերականներում կամ լույս տեսել առանձին մենագրությունների տեսքով։ Ստորև ներկայացված գրքերը տարբեր գիտակարգերում մեծ հռչակ վայելող գիտնականների այդօրինակ հետազոտությունների արդյունքներն են, որոնք հստակ պատկերում են Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը:
Գերմանացի լրագրող, պատմաբան, Der Spiegel ամսագրի ղեկավար և անկախ գիտնական Վոլֆգանգ Գուստը կնոջ՝ Ինգրիդ Գուստի օգնությամբ 11 տարի ուսումնասիրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվը, որտեղից եւ հավաքել ու վերականգնել է Առաջին աշխարհամարտին վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Գուստի «Հայոց ցեղասպանություն. ապացույցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներից, 1915-1916» գիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանացի օտարերկրյա դիվանագետների և Բեռլինում նրանց վերադասների միջև տեղի ունեցած եւ չգրաքննված հաղորդագրությունները։ Գիրքը հրատարակվել է գերմաներեն (2005), թուրքերեն (2012) և անգլերեն (2014):
Օսմանյան կայսրությունում Գերմանիայի հյուպատոսության պաշտոնյաների մոտ 218 հեռագրեր, նամակներ և զեկույցներ ուղղված Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը Բեռլինում նկարագրում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող Հայոց ցեղասպանությունը: Այս փաստաթղթերի առկայությունը անհերքելի փաստ է բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, քանզի այդ փաստաթղթերը գտնվել են պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից երկրի արխիվից։ Այն աշխատությունն ավելի խորը պատկերացում է տալիս Հայոց ցեղասպանության մեղավորների գործողությունների և դրդապատճառների մասին:
Գրքի գերմաներեն հրատարակությունը մեծ դեր է խաղացել 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Զորյան ինստիտուտ կատարած այցի ժամանակ ասել է. «Վոլֆգանգ Գուստի և Զորյան ինստիտուտի աշխատանքը շատ կարևոր էր, քանզի առաջին անգամն էր, որ մենք տեսանք Գերմանիայի ԱԳՆ փաստաթղթերը, որոնք թերեւս Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխարհում ամենալավ պահպանված արխիվն են»:
Կարդացեք նաև
1915 թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան կոմս Փոլ Վոլֆ-Մետերնիչը գրեց կայսերական կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգին.
«…Հայերի հալածանքների վերաբերյալ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մեր մամուլում և վերջ դրվի թուրքերի նկատմամբ մեր խանդավառությանը: Ինչ էլ որ նրանք ձեռք բերեն, մեր արածի շնորհիվ է. դրանք մեր սպաներն են, մեր թնդանոթները, մեր փողերը… Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար մենք պետք է վախ ներշնչենք թուրքական կառավարությանը հետևանքների վերաբերյալ։ Եթե ռազմական նկատառումներից ելնելով մենք չհամարձակվենք դրան դիմակայել ավելի կոշտ դիրքորոշմամբ, ապա այլ ելք չենք ունենա, քան… հետ կանգնել և հետևել, թե ինչպես է մեր դաշնակիցը շարունակում կոտորել»:
Կանցլերի պատասխանը եղել է հետեւյալը.
«Պատերազմի ժամանակ դաշնակցի կողմից հրապարակային նկատողությունը պատմության մեջ աննախադեպ արարք կլինի։ Մեր միակ նպատակը Թուրքիային մեր կողքին պահելն է մինչև պատերազմի ավարտը, անկախ նրանից՝ դրա արդյունքում հայերը կկոտորվեն, թե ոչ»։
Վահագն Դադրյանը և Թաներ Աքչամը միասին ուսումնասիրել են թուրքական ռազմական արխիվները։
«Ստամբուլի դատավճիռը. Հայոց ցեղասպանության դատավարությունները» գիրքը ներկայացնում է «Takvim-i Vekâyi»-ի տեղ գտած թուրքական ռազմական տրիբունալների Օսմանյան կառավարության պաշտոնական արձանագրությունների թարգմանությունն ու մանրամասն վերլուծությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ:
Աղետալի պարտությունից հետո՝ 1919 թվականին, Օսմանյան կառավարությունը պատվիրեց հետաքննություն եւ բավականաչափ ապացույցներ ներկայացրեց այս հանցագործությունների հեղինակներ վերաբերյալ մի շարք դատավարություններ կազմակերպելու համար: Վ. Դադրյանն ու Թ. Աքչամը առաջին անգամ անգլերենով կազմել են դատավարության փաստաթղթերը և ներկայացրել դրանք իրենց պատմական և իրավական համատեքստում: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ նախարարները, երիտթուրքական կուսակցության առաջնորդները և մյուսները, ովքեր մեղավոր են այդ հանցագործությունների համար, թուրքական ռազմական տրիբունալների կողմից ներկայացվել են ռազմական դատարան: Շատերը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են բանտից մինչև մահ: Ի տարբերություն Նյուրնբերգի, թուրքական ռազմական տրիբունալներն անցկացվել են բացառապես գործող Օսմանյան ներքին քրեական օրենսգրքերի հիման վրա:
Միջազգային քրեական դատարանի փոխարինումը ազգային դատարանով պատմության մեջ մտել է որպես ազգային ինքնադատապարտման եզակի նախաձեռնություն։ Այս հավաքածուն մեծապես ընդլայնված է քսաներորդ դարի սեփական քաղաքացիների նկատմամբ պետականորեն հովանավորվող ցեղասպանության առաջին հանցագործության քրեական հետապնդման պատմական ֆոնի, քաղաքական բնույթի և իրավական հետևանքների լայնածավալ վերլուծությամբ: Այս ժողովածուն առավել ծանրակշիռ է դառնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն ներկայացնում է սեփական քաղաքացիների դեմ իրագործված քսաներորդ դարի առաջին ցեղասպանության պատմական ընդհանուր իրադրության, քաղաքական իրողությունների եւ իրավական հետեւանքների վերաբերյալ համապարփակ վերլուծություն։
Անցած դարի ընթացքում Թուրքիան զգալի վերափոխումների է ենթարկվել՝ Օսմանյան կայսրությունից և երիտթուրքերից մինչև այսօրվա հանրապետություն, սակայն այս ընթացքում Թուրքիան ցուցաբերել է տագնապալի հետևողականություն զանգվածային բռնությունները խրախուսելու և սանձազերծելու հարցում: Մասնավորապես, սուննի մահմեդական-թուրքական ինքնության կառուցումը մասամբ իրականացվել է էթնիկ և կրոնական խմբերին, այդ թվում՝ ալևիներին, հայերին, ասորիներին, հրեաներին, հույներին, քրդերին և եզդիներին որպես «ներքին թշնամիներ» հռչակելու եւ վերջիններիս հանդեպ ուղղորդված հանրային ատելություն դրսևորելու միջոցով:
Այս աշխատությունը ներկայացնում է դեպքերի ուսումնասիրությունների լայնածավալ շարք եւ պատմագիտական անդրադարձեր թրքական պատմության մեջ այսօրինակ բռնությունների տագնապալի կրկնողության վերաբերյալ։ Գիրքը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես են էթնիկ-կրոնական խմբերի դեմ գործադրված վայրագություններն ազդել ազգի ինքնագիտակցության վրա, այլ նաեւ այն, թե ինչպես է այս վայրագությունների անպատժելիությունը նպաստել բռնության ավելի լայնածավալ դրսեւորմանը Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ ԻԼԻՊ-ի եւ այլ, ոչ պետական դերակատարների վերելքին եւ նրանց կողմից բռնությունների իրագործմանը փոքրամասնությունների՝ ինչպես օրինակ եզդիների նկատմամբ։
Ազգերի միջև լարվածության սրման, ավերիչ հակամարտությունների և ցեղասպանությունների ժխտման շուրջ ահագնացող իրողությունների պարագայում դժվար է հասկանալ, թե ինչպես առաջ գնալ: Զորյան ինստիտուտը ջանում է բարձրացնել իրազեկվածությունը և ընդլայնել ցեղասպանագիտության և մարդու իրավունքների ոլորտը ակադեմիական ջանքերի միջոցով: Համալսարանական ծրագրին զուգահեռ ինստիտուտը հրատարակում և հովանավորում է բազմաթիվ գրքեր, հոդվածներ և ամսագրեր։ Մենք կարծում ենք, որ այս երեք գրքերը պետք է լինեն աշխարհի ցանկացած մարդու գրադարանում, ով հետաքրքրված է մարդու իրավունքներով եւ Հայոց ցեղասպանության պատմությամբ։
«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամ