ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կրքերը բորբոքվեցին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին բռնություն գործադրած ոստիկանների պարգեւավճարների մասին հարց ուղղեց։
Ընդդիմադիր պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվեց՝ «Ոստիկանության համազգեստի քողի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա, որքա՞ն է այդ արարքի պարգեւավճարը, դուք դա վճարում եք դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով»։
Նրա հարցի այսպիսի ձեւակերպումը դուր չեկավ ՔՊ-ական պատգամավորներին։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը տեղից ռեպլիկ արեց, ինչին պատասխանեց Ավետիսյանը․ «Արա-ն դու ես, այ տղա, հանգիստ տեղդ նստի։ Տո դու ի՞նչ կարաս ասես, վաբշե»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանը Ավետիսյանին կոչ արեց՝ ձեր խոսույթը կարգավորեք։
«Իմ խոսույթը կարգավորված է։ Ցուցարարի աչք հանող ոստիկանի պարգեւավճարն ինչքա՞ն է»,-շարունակեց Ավետիսյանը։
«Ցուցարարի աչք ձեր վախտով է հանվել։ Չգիտեմ՝ լիրայով եք տվել, թե ինչով եք տվել։ Քանի՞ միլիոն ռուբլի են ղրգել, քանի՞ միլիոնն եք կերել էդ ղրգած ռուբլիներից։ Մարդիկ, որ ուղարկում են, գոնե մի կերեք, հետո բողոքում են․․․»,-տեղից բղավեց ՔՊ-ական պատգամավորը։
Ավետիսյանը շարունակեց իր հարցերը՝ տեսագրությունը կա ցուցարարի աչքը հանող ոստիկանի. «Անաստված կերպով Վեհափառի դիմաց փակող ոստիկանների, սիգարետը բերանին ոստիկանի պարգեւավճարի չափը որքա՞ն է։ Պատգամավորի վրա շակալի պես հարձակվող եւ մարմնական վնասվածք տվող ոստիկանի պարգևատրման չափը որքա՞ն է»։
Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանն ասաց․ «Ես, ամենայն հարգանքով, բոլոր անձանց հարցերը լսում էի եւ ինձ թույլ չեմ տա որեւէ ձեւով վիրավորել կամ այլ արտահայտություններ անել։ Առնվազն ակնկալում եմ, որ կառավարության ներկայացուցչի նկատմամբ ԱԺ-ն նույն վերաբերմունքը պետք է ցուցաբերի»։
Փոխնախարարը պատգամավորին դիմելով՝ ասաց, որ իր նախորդ պատասխանները Ավետիսյանը պարզապես չի ընկալել, քանի որ նախորդ նմանատիպ հարցին պատասխանել է․ «Պարգեւատրումը սոցիալական երաշխիքի մաս է, իսկ դա աշխատավարձն է եւ դրան հավասարեցված վճարները։ Ոստիկանության որեւէ աշխատակից որեւէ առանձին գործողության համար պարգեւավճար չի ստանում։ Ձեր նշած դեպքերի մասով՝ անհատական աշխատակից որեւէ պարգեւատրում չի ստանում։ Կա ստանդարտ, կանոնակարգ՝ հատկացումներ լինում են կամ ամսական կամ եռամսյակային կտրվածքով կամ կիսամյակային»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ