ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը մի քանի հարց ուղղեց փոխնախարարին։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ ո՞ւմ հրամանով էին երեկ ոստիկանները խոչընդոտում Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիրում․ «Տեսախցիկների առաջ տեղի ունեցավ մի բան, որը պետք է չլիներ, դա մեր երկրի, բոլորիս խայտառակությունն է, երբ ոստիկանները շուրջպար էին բռնել Կաթողիկոսի շուրջ՝ անհասկանալի պատճառներով։ Դրանք գործողություններ էին ուղղված մեր պետության դեմ, բոլորիս դեմ, հենց Վահե Ղազարյանի դեմ, նման բան երբեք չէր եղել։ Անելո՞ւ եք ամեն ինչ՝ պարզելու, թե ով էր այդ խայտառակության հեղինակը»։
Պատգամավորը նաեւ ասաց, որ դեպքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա բացատրությունն անընդունելի է. «Խոսքը Կաթողիկոսի մասին է, ոչ թե էլեկտրիկ Սերգեյի, որն ուզում էր մասնակցել պետական միջոցառմանը»։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանն ասաց, որ Սարդարապատում Կաթողիկոսի ներգրավմամբ միջադեպի մասին արդեն տրվել են պարզաբանումներ, հետեւաբար կարիք չկա նորից անդրադառնալու։
Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությանը․ «Տեսախցիկները հստակ արձանագրել են, որ ավելի քան 30 ոստիկան փորձում էր ծեծի ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Դուք տեսե՞լ եք քանի հոգի էր մասնակցում այդ անիմաստ խայտառակությանը, որովհետեւ բոլորը գիտեին, որ նա պատգամավոր է, իրավունք չունեին նրան բերման ենթարկել։ Ի՞նչ նպատակ էր դա հետապնդում։ Այնտեղ հոգեկան առողջության հետ կապված արտաքուստ դրսեւորմամբ բազմաթիվ ոստիկաններ կային»։
Այս առնչությամբ փոխնախարարն ասաց, որ այս պահին ծառայողական քննություն է իրականացվում․ «Պարբերաբար գնահատականներ են հնչում, թե մենք ինչպես ենք արձագանքում դեպքերին։ Նախարարության, նախարարի, իմ եւ ղեկավար անձնակազմի դիրքորոշումը բացասական է։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարեւոր է եւ կարմիր թելով անցնում է մեր բոլոր փոփոխությունների օրակարգով։ Սա է նաեւ պատճառը, որ արդեն կա ծառայողական քննություն։ Մի անձի լիազորությունները դադարեցված են։ Կքննվեն բոլոր ապացույցները»։
Սարգսյանն ասաց՝ 11-ից ավելի ուսումնասիրություն կա այս պահին, որոնք կարող են վերաճել ծառայողական քննության, տասնյակից ավելի ծառայողական քննություն կա․ «Այն խոսակցությունները՝ ոգեւորելու․․․ նախարարությունը գովեստի խոսքեր է հնչեցնում նրանց հասցեին, որոնք կարող են առերեւույթ բռնության մասնակից լինեն կամ անհամաչափ ուժ կիրառեն, նման բան չկա»։
Փոխնախարարը վստահեցրեց՝ եթե խախտում արձանագրվի, ապա կլինեն համապատասխան պատասխանատվության ենթարկվողներ։
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ լուրեր կան, որ Բագրատ սրբազանին Կիրանց մուտք գործել թույլ տված ոստիկաններին զրկել են պարգեւավճարից։ Փոխնախարարը հերքեց, ասաց՝ կարող են տարաբնույթ խոսակցություններ լինեն, դաշտը ողողված է ապատեղեկատվությամբ․ «Ոստիկանության որեւէ ծառայող որեւէ վարքագծի համար չի կարող ապօրինի զրկվել իր որեւէ սոցիալական երաշխիքից։ Հետեւապես, եթե իրականացվել է այնպիսի պրոցես, որի արդյունքում կա խախտում, բացառապես ծառայողական քննության արդյունքներով է, որ կարող է անձի պաշտոնային դրույքաչափ որեւէ փոփոխության ենթարկվի»։
ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց՝ ոստիկանության բարեփոխումները միտված են նրան, որպեսզի նման դեպքեր չլինեն, կանխեն դրանք. «Այդ կադրերում կային ոստիկաններ, որոնք փակում էին այդ բախումները, դա էլ է եղել։ Քննությունը այդ բոլոր հարցերի պատասխանները կգտնի եւ, բնականաբար, սրբազան շարժումը պետք է ստանա սրբազան պատասխաններ»։
Գեղամ Նազարյանի մեկ այլ հարց վերաբերում է օրերս հայ երիտասարդների եւ ազգությամբ հնդիկների միջեւ, իր խոսքով՝ ազգամիջյան դաժան բախմանը։ Պատգամավորն ասաց․ «Անգամ թուր եւ սուր է օգտագործվել։ Ահազանգից կես ժամ հետո ոստիկանությունը ժամանել է։ Հաջորդ օրը երեսուն-քառասուն հոգով՝ հայեր, մի հնդիկի վրա են հարձակվել ու դաժան ծեծել։ Ոստիկաններն որտե՞ղ էին, ո՞ր պատգամավորի հետեւից էին գնում՝ իմանալով, որ այնտեղ լուրջ խնդիր կա, լարվածությունը պահպանվում է»։
Այս հարցին փոխնախարարը չարձագանքեց։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ