Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին․ «Դուք լսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզը, որով պատմական Հայաստանը հակադրում է իրական Հայաստանի հետ։ Դուք լսե՞լ եք իրական Հայաստանի մասին, չեք լսել, որովհետեւ ձեր զեկույցում որեւէ արձանագրում այդ իրական Հայաստանի մասին չկար։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրական Հայաստանում, տիկին Սարգսյան։ Իրական Հայաստանում երեկ խուլիգանախումբը 50-60 հոգով, մարդիկ, որոնք իրենց հռչակել են ոստիկաններ, հարձակվել են ոհմակով իմ գործընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։ Ես ցավում եմ, որ դուք եք այդտեղ նստած եւ պետք է այդ հարցերին պատասխանեք։ Ես ցավում եմ, որ երկու կին հիմա պետք է քննարկեն տղամարդկային կոդեքս, որով անգամ փողոցում ընդունելի չէ, որ 50-60 տղամարդ, անգամ հանցագործները խմբով չեն հարձակվում մեկի վրա, բայց ոստիկանները, որոնք իրենց հռչակել են օրենքի պաշտպաններ, հարձակվում են մարդու վրա, հայհոյում են, հարվածում են, իրենց ամենավերջին խուժանի նման են պահում»։
Ագնեսա Խամոյանը նշեց, որ երեկ ընդամենը դադարեցվել են կարմիր բերետավորների վաշտի հրամանատար Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները։«Ինչո՞ւ առնվազն չեն դադարեցվել Արթուր Ղազարյանի լիազորությունները, էլի հրամանատար է, ինչո՞ւ կարմիր բերետների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի լիազորությունները չեն դադարեցվել, տեսախցիկների առջեւ ամբողջ հանրապետությունը տեսել է, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ նույն իրական Հայաստանում ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։ Եվ այդ նույն օրը ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ Ձեր ոստիկանությունում, ոստիկանապետը քաղաքացուն լակոտ է անվանում»,- ասաց Խամոյանը։
Կարդացեք նաև
Նա հարցրեց Արփինե Սարգսյանին․ «Դուք տեղյա՞կ եք իրական Հայաստանից, եւ ո՞ւր է Վահե Ղազարյանը, որովհետեւ ես այս բոլոր հարցերը ցանկանում էի տալ Վահե Ղազարյանին»։
ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը միջամտեց․ «Տիկին Խամոյան, ես՝ որպես կին, հորդորում եմ ձեզ՝ այստեղ սեքսիստական արտահայտություններ չանել, որ երկու կին։ Երկու կին չէ, դուք պատգամավոր եք, եւ ձեր դիմաց նախարարի տեղակալն է»։
Արփինե Սարգսյանն ի պատասխան ասաց. «Ես կխնդրեի նմանատիպ որակավորումներ չօգտագործել ոստիկանության ծառայողների հասցեին, որովհետեւ ինչքան էլ որ կարող են առերեւույթության մակարդակում տարբեր անձանց կողմից գնահատականներ լինել, բայց այդպիսի գնահատականներ եւ բնութագրիչներ մեր ոստիկանության նկատմամբ ընդունելի չեն։ Երբ մենք նշում ենք, թե ինչու են ոստիկանական այդքան ուժեր այս միջոցառումների շրջանակներում, ոստիկանությունն ուղիղ պարտականություն ունի՝ ապահովելու հասարակական կարգ եւ անվտանգություն ցույցերի շրջականերում։ Եվ հետեւապես մենք չենք կարող ուղղակի մի կողմ քաշվել, եւ որեւէ ոստիկանական ուժ դուք դրսում չտեսնեք այդ ժամանակ։ Այլ հարց է, որ մենք ոստիկանական՝ օրենքով նախատեսված գործառույթների իրականացման շրջանակներում կարող ենք նկատել խախտումներ։ Որեւէ մեկը նման պրոցես չի բացառում, եւ սրա վառ ապացույցն է նաեւ այն, որ 2023 թվականի կտրվածքով, եթե մենք նայենք ոստիկանության ծառայողական քննությունների արդյունքները, մենք իրականացրել, ենք 2393 ծառայողական քննություն, եւ 640 կարգապահական տույժ ունենք։ Ընդ որում, 37 անձ ազատվել է ոստիկանությունից, կոչումի իջեցում ենք ունեցել մեկ անձի դեպքում, պաշտոնի իջեցում՝ մեկ անձի դեպքում, պաշտոնի դրույքաչափի իջեցում՝ 82 անձի դեպքում, խիստ նկատողություն՝ 109 եւ նկատողություն՝ 405»։
Արփինե Սարգսյանը նշեց, որ վերջին հավաքների մասով իրականացվում են 11-ից ավելի ուսումնասիրություններ եւ ծառայողական քննություններ։
«Ձեր ներկայացրած միջադեպի շրջանակներում մեկ ծառայողի լիազորություններն արդեն իսկ դադարեցվել են։ Ես գիտեմ, որ տարբեր հարթակներում քննարկումներն են գնում, որ ինչո՞ւ միանգամից չազատվեց, ինչո՞ւ միանգամից քրեական պատասխանատվության չենթարկվեց։ Պետք է նկատի ունենանք, որ ինչքան էլ որեւէ պարագայում առերեւույթ որեւէ խախտում լինի, այդ պրոցեսն ունի կողմեր։ Կողմերն ունեն իրավունքներ եւ պարտականություններ, եւ, հետեւապես, ծառայողական քննության դեպքում, քրեական վարույթի դեպքում եւս պետք է տվյալ անձի լսված լինելու եւ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը երաշխավորված լինի։ Մենք ուղղակի չենք կարող ընտրել ու ասել՝ քո լիազորությունները դադարեցվում են, դուրս գնա համակարգից։ Քանի որ մենք խոսում ենք մեկ անձի լիազորությունների դադարեցման մասին, սա բնականաբար չի բացառում, որ դրան կհաջորդի էլի անձանց լիազորությունների դադարեցում, եթե հիմքերը լինեն։ Վարույթը հարուցվել է դեպքի առնչությամբ, եւ եթե դեպքի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքներով նկատվեն խախտումներ, որոնք կհաստատվեն, վստահեցնում, եմ, որ որեւէ խնդիր չենք ունենա, եւ խախտումները կարձանագրվեն»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ