Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատդ ծալի»․ վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի եւ Աղվան Վարդանյանի միջեւ

Մայիս 29,2024 15:54

«Ես սպասում եմ, որ ՆԳ նախարարը գա հաշվետվության: Խնդրում եմ, ասեք, որ ես իմանամ՝ նիստին մասնակցո՞ւմ են, թե ոչ»,-խորհրդարանում ներքին գործերի նախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ ըստ օրակարգի, Վահե Ղազարյանը պետք է նիստին ներկա լինի։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հարցը ներկայացնելու է փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Գեղամ Մանուկյանը հակադարձեց․ «Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գալ հանձնաժողովի նիստին: Նախարարները պետք է ներկա լինեն»։ «Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախեցել»,- հետեւեց Անդրանիկ Քոչարյանի պատասխանը:

Հիշեցնենք, այսօր առավոտից, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, շրջափակել էին ՆԳՆ շենքը՝ Վահե Ղազարյանից պատասխաններ ստանալու ակնկալիքով՝ ցույցերի ընթացքում ոստիկանների բիրտ գործողությունների, ինչպես նաեւ Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը միջամտեց՝ դիմելով Անդրանիկ Քոչարյանին․ «Ձեր անմիջական պարտականությունն է՝ ապահովել նախարարի ներկայությունը»։ Անդրանիկ Քոչարյանն ինչ-որ բան ասաց՝ մատը պարզելով․

-Մատդ ծալի,- ասաց Աղվան Վարդանյանը։

– Մատդ․․․,- ասելիքը կիսատ թողեց Անդրանիկ Քոչարյանը։

-Ձեր անմիջական, ուղղակի պարտականությունն է։ Կրկնում եմ՝ լավ չգիտեք,- պնդեց Աղվան Վարդանյանը։

Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը զայրույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա պարպեց․ «Մենք եկել ենք աշխատելու, չխանգարեք»։

Լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։

Ծովինար Վարդանյան

ՔՊ-ական պատգմավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ նիստը կընդհատի, եթե այդպես շարունակեն։

Ի դեպ, նիստից առաջ, փոխնախարար Արփինե Սարգսյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ արդյոք Վահե Ղազարյանի խորհրդարան չգալու պատճառն այն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները առավոտից ՆԳՆ շենքի մոտ են եւ պահանջում են նախարարի հետ հանդիպում։

Քննարկման ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարին հարց հնչեց՝ որքա՞ն են կազմում 2023 թվականին ՆԳՆ-ում պարգեւավճարները․ նախարարը պատասխանեց՝ պարգեւավճարները կազմում են պլանավորած ծախսի 16 տոկոսը։ Նախարարը չպատասխանեց հարցին՝ արդյոք, հետագայում այս թիվը փոխվել է, պատճառաբանելով, որ թիվն այս պահին ձեռքի տակ չկա:

«Ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում բնական է, որ մարդիկ պարգեւավճար ստանան»,- միջամտեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031